ԹՐԻՓՓ-ը Հայաստանի հաշվին է, բայց ոչ Հայաստանի համար… Եթե Թրամփը չվերընտրվեց՝ ադրբեջանցիներին էստեղից ո՞նց ենք հանելու. Գրիգոր Բալասանյան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր այցով ավելի շատ հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցի հնարավոր ազդեցության մասին։

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված խոսելով՝ Վենսը զարմանալիորեն նշեց, որ ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորումը, կարծում է, որ կանեն տարածաշրջանային պետությունները։ Իսկ տարածաշրջանի ո՞ր պետությունն է ԹՐԻՓՓ-ը ֆինանսավորելու՝ Ադրբեջան և Թուրքիա։ Խոսել այն մասին, որ Միացյալ Նահանգներն այստեղ ներդրումնե՞ր է անելու։ Անգամ ԹՐԻՓՓ-ում ԱՄՆ-ը ներդրումներ չի անելու, իսկ ցանկացած ադրբեջանական նավթադոլար, որ կներդրվի ԹՐԻՓՓ-ում, ունի իր արժեքը, և դրա փոխարեն՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ բան զիջելու է Ադրբեջանին և Թուրքիային և զիջելու է մեր հաշվին։ Բայց ամենից ողբերգականն այն է, որ մինչև վերջ էլ հասկանալի չէ՝ բա Հայաստա՞նն ինչ է շահում դրանից»,- մեկնաբանեց միջազգայնագետը։
Գրիգոր Բալասանյանն ընդգծում է՝ պետք է հստակորեն տարանջատել ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան և նրա այցը Ադրբեջան, և նշում է, ըստ էության, ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների անհամաչափությունն ու տարբեր մակարդակները, երբ ԱՄՆ փոխնախագահի հետ Երևանում ստորագրվեց ընդամենը մի հուշագիր միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության մասին, իսկ Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց համաձայնագիր ռազմավարական գործընկերության մասին։
«Մենք գործ ունենք պրակտիկորեն տարբեր այցերի հետ և գործ ունենք տարբեր հարցերի շրջանակների հետ, որոնք քննարկվել են։ Եթե Հայաստանում Վենսը, չնայած թարգմանչական անփութությանը, շատ հմտորեն 9 միլիարդ դոլար որպես պարտք՝ տվեց Հայաստանին՝ ըստ էության, որովհետև նշեց, որ կթողնեն, որ ամերիկյան կորպորացիաները սկզբից՝ 5 միլիարդ, հետո՝ 4 միլիարդ դոլարի արտաքին արտահանում անեն դեպի Հայաստան, այսինքն՝ ներդրումների մասին այստեղ խոսք չկա, դրա գումարը Հայաստանը պիտի վճարի, ապա Ադրբեջան կատարած այցն առհասարակ տարբեր էր, քանզի այնտեղ ստորագրվեց ռազմավարական հարաբերությունների խարտիա, որը Հայաստանի հետ չի ստորագրվել։ Հիշեցնեմ՝ Հայաստանի հետ ստորագրվել է ընդամենը ռազմավարական հարաբերություններ հաստատելու մտադրությունների հուշագիր, որն ամբողջությամբ տարբեր է»,- մեկնաբանում է միջազգայնագետը։
Գրիգոր Բալասանյանը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայում ամենից վտանգավորը համարում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին կետը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության մոտ 250 քառ/կմ տարածքի օկուպացումն Ադրբեջանի կողմից։
«Հայաստանի օկուպացված տարածքը ևս ճանաչվեց Միացյալ Նահանգների կողմից՝ որպես Ադրբեջանի տարածք, և ամենակարևոր հարցը՝ Միացյալ Նահանգներն, ի վերջո, ո՞ր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց, քանզի Ադրբեջանի սահմանադրությամբ ֆիքսված սահմաններն այս Ադրբեջանի հետ որևէ կապ չունեն։ Սա ծուղակ է, որը շատ հմտորեն լարեց Ալիևը, և Վենսն այս փառասիության հորձանուտի տակ երևի թե չնկատեց, թե ինչպես հայտնվեց այդ ծուղակում։ Հետագայում սա հարցեր է առաջացնելու»,- նշում է Գրիգոր Բալասանյանը։
ԹՐԻՓՓ նախագծով սահմանված սահմանային և մաքսային հսկողության «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» (ընդունարան-գրասենյակ) գործառնական մոդելի վերաբերյալ փետրվարի 10-ի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության մասին. «Ես նախորդ օրը նաև լսում էի Հայաստանի կառավարության ղեկավարի հարցազրույցը և մի բան ֆիքսեցի՝ երբ Ալիևը հայտարարում էր, որ բեռները տեղափոխելու ժամանակ հայ սահմանապահի չպետք է հանդիպի ադրբեջանցին, Հայաստանի կառավարության ղեկավարն ասում է՝ հնարավոր է, որ այդ «ֆրոնտ օֆիսը» աշխատի արհեստական բանականության միջոցով։

Ես վախենամ՝ անգամ Հայաստանի քաղաքացիներն իրավունք էլ չունենան այդ ԹՐԻՓՓ-ից օգտվելու։ Ինձ մոտ արդեն այդ տպավորությունն է ստեղծվում, որ սա նախագիծ է Հայաստանի հաշվին, Հայաստանում, բայց ոչ Հայաստանի համար։ Ի՞նչ է նշանակում՝ արհեստական բանականություն, երբ խոսքն ազգային անվտանգության մասին է։ Երբ ադրբեջանցին կամ Ադրբեջանի անձնագրով ինչ-որ մեկը մուտք է գործում Հայաստան կամ ինչ-որ բեռ է տեղափոխում ԹՐԻՓՓ-ով, մեր ԱԱԾ-ն չպե՞տք է նվազագույնը նույնականացնի այդ մարդուն։ Մենք վստա՞հ ենք, որ աֆղանցին, օրինակ, կամ սիրիացի ահաբեկիչը ադրբեջանցու անձնագրով չի անցնելու։ Դա լուրջ չէ։ Աշխարհում չկա նման բան։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ նշանակում է, որ իրանցիները ճիշտ են՝ սա «Զանգեզուրի միջանցք» է՝ Ալիևի պատկերացումներով, որի վրա Հայաստանն, ըստ էության, որևէ իրավասություն չի ունենալու»։
Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ ոչ մի ներդրում էլ չի լինելու ԹՐԻՓՓ-ում. «Հնարավոր է՝ մի քանի սլաքավարներ լինեն այդ ճանապարհին կանգնած՝ տարբերվող արտահագուստով։ Այդ 37 կմ-ի համար 10-15 հոգին լիովին բավարար է։ Սա տրանսպորտային միջանցք է ուղղակի, բայց Հայաստանի օգուտն առավելագույնը լինելու է այն մաքսատուրքը, որը կվճարվի ճանապարհի համար, բայց ես մի քանի անգամ էլ եմ ասել՝ մասնագետները հաշվարկել էին, որ տոննա/կմ հաշվարկով տրանզիտի գումարն ընդամենը կազմում էր մոտ 70 մլն դոլար, որովհետև Հայաստանի ճանապարհը շատ կարճ է, և եթե դրա 74 տոկոսը տալիս ենք ամերիկացիներին, դեռ դա էլ է հարց՝ ամերիկացիների՞ն ենք տալիս, թե՞ այն երկրին, որը ներդրումներ է արել, Հայաստանին ընդամենը 10-15 մլն դոլար գումար առավելագույնը կարող է մնալ։ Տարեկան այդքան պարգևավճար է բաժանվում։ Այսինքն՝ այդ 15 մլն դոլարի համար մենք մեր երկիրը դնում ենք հարվածի տակ 99 տարո՞վ։ Կամ ի՞նչ է նշանակում՝ 99 տարով դա որ կա, երաշխիք է, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է։ Չկա նման երաշխիք աշխարհում ոչ մի տեղ։ Ոչ մի պայմանագիր չի երաշխավորում պետության լինել կամ չլինելը։
Թրամփն այսօր կա՝ երեք տարի հետո վերընտրվեց կամ չվերընտրվեց, եկավ մի դեմոկրատ, որի համար ԹՐԻՓՓ-ը դարձավ երկրորդական նշանակության մի բան։ Ադրբեջանցիներին էստեղից ո՞նց ենք հանելու։ Ասելու են՝ «փող ենք տվել՝ մնալու ենք»։ Ի՞նչ է նշանակում՝ մի երկիր երաշխավորում է, որ մյուս երկիրը 99 տարով լինելու է։ Կամ այդ երկի՞րը պիտի երաշխավորի, որ մենք լինելու ենք։ Մենք 5000 տարի կանք, այդ երկիրը նոր-նոր՝ մի 200-300 տարի է սկսել երևալ միջազգային ասպարեզում։ Այս ի՞նչ անլուրջ վերաբերմունք է պետության և պետականության նկատմամբ։ Հռոմեական կայսրությունն էլ էր հզոր՝ ի՞նչ եղավ։ Բյուզանդիան էլ էր հզոր՝ ի՞նչ եղավ։ Բաբելոնն ու Ասորեստանն ո՞ւր են հիմա։ Ո՞վ է երաշխավորում, որ Միացյալ Նահանգները կարող է մնալ 99 տարի»։

Խոսելով ԱՄՆ նախագահի գլոբալ քաղաքականության մասին՝ Գրիգոր Բալասանյանն ասում է՝ Թրամփն ուղղակի վարում է «մեծ ճանապարհի ավազակի» քաղաքականություն՝ թալան։ Նրա խոսքով՝ եթե Դանիայի հետ է այդպես վարվում՝ կապված Գրենլանդիայի հետ, եթե Ուկրաինայի հետ է այդպես վարվում, մեզ հետ ինչպե՞ս է վարվելու։
Միջազգայնագետն այս համատեքստում անդրադարձավ նաև Հարավային Կովկասում Թրամփի հավակնություններին՝ նշելով, որ Հարավային Կովկասը շատ պինդ ընկույզ է, և Թրամփի ատամները կարող է՝ չդիմանան։
Բալասանյանի խոսքով՝ Հարավային Կովկասում բախման մեծ վտանգ կա. «Թրամփին ասել են, որ Սյունիքում կան բնական պաշարներ, Թրամփն էլ մտածում է՝ «առիթ է, էդ պաշարների վրա էլ ձեռք դնենք», բայց ես կարծում եմ՝ Թրամփի համար սա կարող է լինել ճակատագրական, քանզի Հարավային Կովկասը շատ պինդ ընկույզ կարող է լինել Թրամփի համար, և նրա ատամները կարող է՝ չդիմանան։ Նկատի ունեմ՝ ոչ մի տարածաշրջանում նա չունի այն հնարավոր թշնամիները, որ ունի մեր տարածաշրջանում։ Ես բնավ չեմ կարծում, որ այդ թշնամիները հանգիստ նայելու են, թե այս տարածաշրջանն ինչպես է գնում իրենց ձեռքից։ Այստեղ լինելու է բախում, և Աստված մի՛ արասցե, եթե այդ բախումը լինի Հայաստանի տարածքում»։
Միջազգայնագետի խոսքով՝ Վենսի այցից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հայտնած պատրաստակամությունն ու վստահությունը Մեծամորի ԱԷԿ-ը մինչև 2046 թվականը շահագործելու մասին վկայում է, որ տարածաշրջանում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում և ինչ-որ ազդակներ տեղ են հասնում։
Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ Իրանի հարցը Վենսի այցի կենտրոնական թեմաներից մեկն է եղել, և միլիարդների մասին խոսքը շատ հմուտ օգտագործվել է դա քողարկելու համար, թե իբր նաև տնտեսական հարցեր են քննարկվել։ Բալասանյանի վերլուծությամբ՝ Վենսը եկել էր շոշափելու Հայաստանի տրամադրություններն Իրանի առնչությամբ և հասկանալու, թե որքան հեռու կարող է Հայաստանի ներկա ղեկավարությունը գնալ Իրանի դեմ տեղի ունեցող գործընթացներում։
Միջազգայնագետը շատ հետաքրքիր մեկնաբանություններ է անում Իրանում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին՝ նշելով, որ Իրանում այսօր փաստացի երկիշխանություն է, որի մի կողմում նախագահ Մասուդ Փեզեշքիանն է և արտգործնախարար Աբբաս Արաղչին, մյուս կողմում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ) ազդեցիկ կառույցը։
Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ ԻՀՊԿ-ն գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական հենարանն է, որը երեկ շատ կոշտ զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ տարածքների հետ կապված՝ ուշադիր լինեն, և ամենաներքևի տողում նշվում էր՝ «սա վերաբերում է նաև Հայաստանին, Հայաստանն էլ պիտի զգույշ լինի այս հարցում»։
«Եթե Միացյալ Նահանգներն Իրանի հարցում չկարողացավ հասնել վերջնական հաղթանակի և չհարվածեց Իրանին, նշանակում է՝ ազդակները տեղ են հասել, իսկ եթե հարվածեց Իրանին, դա, կարծում եմ, Միացյալ Նահանգների համար երկրորդ Աֆղանստան է լինելու, որտեղից այդքան հեշտ չի լինելու փախուստի դիմել։ Այս իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի քայլերը, նախ և առաջ, պետք է լինեն շա՛տ հավասարակշռված, և Հայաստանը պետք է չտրվի տարբեր խնդրանքների և շանտաժների։ Անթույլատրելի էր Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մոտ երկրորդ անգամ հանրահավաք արտոնելը։ Պետք չէ թույլ տալ, որ Հայաստանը վերածվի հակաիրանական ինչ-որ վայրի, և դեսպանի զգուշացումը հենց դա էր, որ Հայաստանն աստիճանաբար գնում է դեպի հակաիրանական բլոկ։ Իրանն այն պետությունն է, որն 90-ականներին սովից փրկեց Հայաստանը, և պետք է երախտապարտ լինել այդ պետությանը»,- ընդգծում է Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետը նաև նկատում է՝ Իրանի ճակատագրական սխալն էր՝ թույլ տալ և հանգիստ հետևել, թե ինչպես է «Արցախը կուլ գնում»։
Գրիգոր Բալասանյանը համոզված է՝ 2024-ի մայիսին Իրանի նախորդ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարարի՝ Ադրբեջանից վերադարձող ուղղաթիռի կործանումն Իսրայելի ձեռքի գործն է՝ Ադրբեջանի մասնակցությամբ. «Արցախի կորստով Իրանը դարձավ խոցելի և Արցախի կորստով Իրանը հատուցեց նախագահի և ԱԳ նախարարի մահվամբ։ Ակնհայտ է, և դա անեծք էր՝ իմ կարծիքով, որ հենց Արցախի սահմանի մոտ ժամանելուց հետո Իրանի նախագահը և ԱԳ նախարարը զոհվեցին ավիավթարից։ Դա պլանավորված գործողություն էր, և Ադրբեջանն այստեղ ուներ իր մասնակցությունը. նա պիտի որպես խայծ ծառայեր, Ռաիսիին հրավիրեր այդ ՀԷԿ-ի բացմանը։ Վստահ եմ, որ դա արվել է իսրայելական այն բազաների օգնությամբ, որոնք տեղակայվել են Արցախում 2020 թվականից հետո»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը տարածաշրջանային այցով Հայաստանում էր փետրվարի 9-10-ը։ Երևանում՝ ՀՀ նախագահական նստավայրում, փետրվարի 9-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ջեյ Դի Վենսի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 10-ին մեկնեց Բաքու, որտեղ նույն օրը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում Վենսը և Ալիևը ստորագրել են համաձայնագիր Միացյալ Նահանգների և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին։ Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Միջին միջանցքի միջոցով բնական պաշարների և հանքանյութերի տեղափոխումը միջազգային շուկաներ դյուրացնելու ուղղությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով՝ հաշվի առնելով «այն լուրջ դժվարությունները, որ ծառացել են Ադրբեջանի առջև»։ Վենսը Բաքվում հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագիծն արդեն իրականացվում է, և այն լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար՝ թույլ տալով ավելի հեշտ արտահանել բնական պաշարները։
ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Վենսը և Ալիևը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների, իր ձևակերպումով՝ բանտարկյալների ազատ արձակման հարցը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



