Վրաստանում կարգելվի 6 տարուց ավելի շահագործված մեքենաների ներմուծումը
Վրաստանում խորհրդարանին է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է արգելել 6 տարուց ավելի շահագործված տրանսպորտային միջոցների ներմուծումը: Այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն ասել է, որ 2012 թվականին Վրաստանում գրանցվել է 864 հազար տրանսպորտային միջոց, իսկ այս տարվա տվյալներով՝ այդ թիվը գերազանցել է 2 միլիոնը։
«Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն աճել է։ 2012 թվականին Վրաստանում գրանցվել է 864 հազար մեքենա, իսկ այս տարվա տվյալներով՝ այդ թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Մենք տեսնում ենք խնդրի մասշտաբները։
Մեքենաների թվի նման աճը մի կողմից հանգեցնում է խցանումների, մյուս կողմից՝ էկոլոգիական իրավիճակի վատթարացման։ Համապատասխանաբար, մենք կարծում ենք, որ այստեղ նույնպես պետք է ձեռնարկվեն շատ անհրաժեշտ միջոցառումներ։
Այդ նպատակով մենք խորհրդարանին ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որը նախատեսում է 6 տարուց ավելի շահագործված մեքենաների ներմուծման արգելք։ Կնախատեսվեն փոքր բացառություններ։ Այնուամենայնիվ, մեր կարծիքով, անհրաժեշտ է, որ երկիր չներմուծվեն 6 տարուց ավելի շահագործված մեքենաներ։ Սա կարևոր է էկոլոգիայի, մարդու առողջության և մարդկանց հարմարավետ տեղաշարժի ապահովման համար»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Կոբախիձեն։



