ՆԱՍԱ-ն հայտնել է Crew-12 առաքելության թռիչքի օրը
ՆԱՍԱ-ն (NASA) հաստատել է Միջազգային տիեզերակայան հաջորդ անձնակազմը փետրվարի 13-ին ուղարկելու ծրագրերը:
ՆԱՍԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք SpaceX ընկերության հետ ավարտել են մեկնարկի պատրաստության վերջնական ստուգումը, որի արդյունքներով որոշում է կայացվել սկսել թռիչքի մեկնարկի հետհաշվարկը։ Թռիքչը իրականացվելու է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից:
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «մեկնարկի տարածքում եղանակային պայմանները 85%-ով բարենպաստ են, հիմնական մտահոգությունը կուտակային ամպերն են»: Մասնագետները շարունակում են հետևել ափամերձ հատվածում վերին մթնոլորտային քամիներին, որոնց պատճառով մեկնարկն արդեն երկու անգամ հետաձգվել է․սկզբնապես այն նախատեսված էր փետրվարի 11-ին:
Crew-12 առաքելությունը SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի միջոցով կմեկնի Միջազգային տիեզերակայան, որտեղ կաշխատի ութ ամիս: Crew-12 առաքելության կազմում են ամերիկացի աստրոնավտներ Ջեսիկա Մեյրը և Ջեք Հեթուեյը, ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Սոֆի Ադենոն։
Անձնակազմի այս 4 անդամները մեկնարկից առաջ կարանտինի մեջ են Կանավերալ հրվանդանի Քենեդիի տիեզերական կենտրոնում:
Հունվարի 15-ին ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից։ Առաքելության անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով աստրոնավտները ստիպված եղան նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ Երկիր։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնել, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։
Նրանց վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում մնացել են ՆԱՍԱ-ի աստրոնավտ Քրիստոֆեր Ուիլյամսը և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը և Սերգեյ Միկաևը։



