Բաժիններ՝

Ռումինիայի նախագահն Իլիե Բոլոժանին նշանակել է վարչապետ

Ռումինիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ շաբաթներ տևած բանակցություններից հետո, հունիսի 20-ին նախագահ Նիկուսոր Դանը Լիբերալ կուսակցության առաջնորդ Իլիե Բոլոժանին նշանակել է Ռումինիայի վարչապետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես Իլիե Բոլոժանին նշանակում եմ վարչապետ։ Ռումինիայի շահերից է բխում, որ կառավարությանն աջակցի ամուր մեծամասնություն, և կուսակցությունները հասկանում են դա», – լրագրողների հետ զրույցում ասել է Դանը։

Ռումինիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր կուսակցություններին, որոնք մասնակցել են խորհրդակցություններին մեծամասնության կառավարություն ձևավորելու համար։

Բոլոժանը նաև նշել է, որ տեղյակ է երկրի ծանր տնտեսական իրավիճակից, ուստի ամեն ջանք կգործադրի այս ճգնաժամը հաղթահարելու համար։

Նորընտիր կառավարության առաջնային խնդիրն է նվազեցնել բյուջետային դեֆիցիտը։

Բոլոժանը կշարունակի բանակցությունները չորս եվրոպամետ կուսակցությունների հետ կառավարության անդամների նշանակումների և հարկաբյուջետային միջոցառումների շուրջ, և ակնկալվում է, որ նա հաջորդ շաբաթ կխնդրի խորհրդարանին վստահության քվե տալ իր կառավարությանը։

Վարչապետի նշանակման շուրջ բանակցությունները սկսվել են Դանի կողմից նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակից անմիջապես հետո։ Նշվում է, որ դրանք տեղի են ունեցել բարդ մթնոլորտում և մի քանի անգամ փակուղի են մտել, այդ թվում՝ վարչապետի թեկնածության և կուսակցությունների ներկայացուցիչների միջև պորտֆելների բաշխման հարցի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս