«Եթե Իրանի դրությունն ավելի բարդանա, Ադրբեջանը կարող է գնալ կտրուկ գործողությունների». Հայկ Խալաթյան

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում շատ բարդ է Իրանի վիճակը, որովհետև Իսրայելն ունի շատ երկրների աջակցությունը, որոնք փաստացի մասնակից են կոնֆլիկտի, իսկ Իրանը փաստացի միայնակ է այս պատերազմում:

«Մինչ այս պատերազմի թեժ փուլն Ուկրաինայի նախագահ Զելենսկին դժգոհում էր, որ Ուկրաինան ՀՕՊ համակարգերի լուրջ կարիք ունի, որ շատ զենիթային հրթիռներ և այլ միջոցներ, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար, ԱՄՆ-ը որոշել է ուղարկել Իսրայել կամ Մերձավոր Արևելք՝ իրենց զինված ուժերին և դաշնակիցներին պաշտպանելու համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով հարցին, թե Իրան-Իսրայել պատերազմն ինչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ասաց Հայկ Խալաթյանը:

Ըստ նրա՝ եթե անգամ պատերազմի թեժ փուլը վերջանա, կարիք է լինելու լրացնել օգտագործված զենիթային հրթիռների քանակը.

«Երկրորդ, մենք տեսնում ենք նավթի գների բարձրացում, և այս պայմաններում ԵՄ-ն առաջարկում էր սահմանափակել ռուսական նավթի և գազի գինը, բայց ԱՄՆ-ը հրաժարվեց այդ քայլին գնալ: Դրա համար այս պայմաններում Ռուսաստանն ավելի շահավետ վիճակում է հայտնվել: Բայց մյուս կողմից էլ՝ Մոսկվայում մտահոգված են, որովհետև նույնիսկ, եթե դաշնակիցներ չեն, բայց Իրանի ներկայիս իշխանությունները լուրջ համագործակցում են ՌԴ-ի հետ տարբեր հարցերում: Չմոռանանք նաև մի բան, եթե վիճակը լարվի, դժվարանա Իրանի դրությունը, չի բացառվում՝ Ադրբեջանը գնա կտրուկ գործողությունների Հայաստանի դեմ: Դա էլ է լուրջ խնդիր Ռուսաստանի համար: Ռուսաստանը շահագրգռված չէ՝ ավելորդ լարվածություն լինի Հարավային Կովկասում, երբ Ռուսաստանն ամբողջ իր ուժերը կենտրոնացրել է Ուկրաինայում և պատրաստվում է ամառային հարձակման փուլին, որն ըստ որոշ փորձագետների՝ պետք է բեկումնային լինի պատերազմի համար»:

Կարդացեք նաև

Հայկ Խալաթյանը շեշտեց՝ եթե հայ-ռուսական հարաբերություններն ավելի լավ պայմաններում լինեին, որևէ զարգացման պարագայում Ռուսաստանն ամեն կերպ կաջակցեր Հայաստանին. «Բայց ներկայիս փուլում, երբ Հայաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ մտադիր չէ ՌԴ օգնությանը դիմել, հավաքական Արևմուտքին է դիտարկում՝ որպես դաշնակից, Մոսկվայում կարող են ասել՝ ում դաշնակից եք համարում, թող նա էլ օգնի»:

Դիտարկմանը՝ ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հստակ պայմանագրեր, նա արձագանքեց. «Ասում եք՝ պայմանագրեր կան, բայց Հայաստանի իշխանության մոտեցումը այսպիսին է՝ ավելի լավ է հանձնենք թուրքերին, քան դիմենք Ռուսաստանին»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե դիմում են Ռուսաստանին, բայց Ռուսաստանից չեն օգնում, նա նշեց, որ ռուսական կողմը գտնում է, որ օգնում է. ««Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որոշ մարդիկ դոշ էին տալիս, որ եթե ռուսական կողմն այնտեղ լինի, ապա սուվերենության կորուստ կլինի, ես այն ժամանակ ասում էի՝ այս մարդկանց նպատակը ոչ թե սուվերենության պաշտպանությունն է, այլ, որ Ռուսաստանն այնտեղ չլինի. Իրենց համար ավելի լավ է՝ թուրքերը լինեն այնտեղ, քան ռուսները: Էրդողան-Փաշինյան հանդիպումից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում հստակ ասվում է, որ գնալու են «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը քննարկեն:

Որոշ մարդիկ ասում են՝ պատրաստ են արտոնյալ պայմաններով ճանապարհ տալ, Ադրբեջանը նույնիսկ դրան համաձայն չի: Հիմա հարց՝ բա Հայաստանի սուվերենությունն ո՞ւր կորավ: Եթե սահմանապահներն անտեղ լինեն, ինչպես Իրանի հետ սահմանին է, երբ որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի մաքսային իրավունքները, դա վատ էր, իսկ եթե թուրքերն անխոչընդոտ ՀՀ տարածքով անցնեն, դա արդեն Հայաստանի սուվերենությունից է բխո՞ւմ: Աբսուրդային իրավիճակ է: Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն միջանցք տալ, Ռուսաստանն ու Իրանն ի՞նչ պետք է անեն: Առավել ևս, այնպես էլ չէ, որ Հայաստանի իշխանությունները մտահոգվում են դրանից: Իրենց հիմնական մտահոգությունը Ռուսաստանն է»:

Նա երկու վարկած նշեց, թե ինչու մինչև հիմա ՀՀ իշխանություններն անվտանգության խորհրդի նիստ չեն հրավիրել. «Կա՛մ այնքան վստահ են, որ չի լինելու հարձակում, երևի մի բան պայմանավորվել են արդեն, քանի որ հասկանալի է, չէ՞՝ դժվար թե Ադրբեջանն իր ծրագրերից հրաժարվեր, երևի Հայաստանն է համաձայնել նոր զիջումների, կա՛մ գագաթակետն է ոչ կոմպետենտության, բայց նույնիսկ իրենց համար է դա չափից շատ: Հայ ժողովրդի միակ հույսն այն է, որ Ռուսաստանը և նույնիսկ Իրանը՝ այսքան թուլացած վիճակում, թույլ չեն տա, որ Թուրքիան դառնա հեգեմոն մեր տարածաշրջանում: Իմ միակ հույսը դա է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս