44-օրյա պատերազմի ընթացքում 11.000 դասալքության մասին Աննա Հակոբյանի հնչեցրած թիվը սո՞ւտ է, թե՞ արտահոսք

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես հայտարարվել է, դեռ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրն է ներկայացվելու՝ փակ ռեժիմով:

Դեռ հարց է՝ ի՞նչ է ներկայացվելու, որքանո՞վ են առանցքային հարցերը պատասխան ստանալու, կամ ի՞նչ հարցեր են տրվել պատերազմի ռազմական ղեկավարությանը փակ հարցաքննությունների ժամանակ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին: Այնինչ, բազմաթիվ առանցքային հարցեր կան, որոնք սպասում են իրենց պատասխաններին։ Իրենց պարզաբանմանն են սպասում նաև քաղաքական հարմար պահի օրակարգ բերված թեմաները, այդ թվում՝ 11.000 դասալիքների հետ կապված:

44-օրյա պատերազմի ցանկացած դրվագ կարևորելով՝ մենք 2025թ. հունիսի 9-ին ևս մեկ անգամ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցումներ ենք ուղարկել՝ պատերազմի ժամանակ 11.000 դասալիքների վերաբերյալ հնչած հայտարարության հետ կապված:

5-օրյա ժամկետում ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել են մեր գրավոր հարցումներին, Պաշտպանության նախարարությունը՝ դեռ ոչ, ուստի այն ավելի ուշ կներկայացնենք:

Կարդացեք նաև

Եվ այսպես:

2020 թվականի նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին ուղղված ուղերձում նշել էր՝ «հայկական բանակում դասալիքների թիվը հատել է 10.000-ի սահմանը, ընդ որում, այդ մասին խոսում են իրենց պաշտոնական դեմքերը»:

Այս միտքն Ալիևը կրկնել է, մասնավորապես, 2021-ի օգոստոսին, 2023 թվականի փետրվարին, 2023-ի մարտի 18-ին և այլն:

ՀՀ-ում այս հարցը հրապարակային քննարկման օրակարգ էր դարձրել հատկապես Աննա Հակոբյանը: Մասնավորապես, 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն:

Դրանից օրեր անց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ակնարկել էր, որ Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին հնչեցրած թիվը՝ 11.000, պատահական թիվ չէ՝ գուցե մի քիչ ավել է, և, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը դրա հետ կապված իր պարզաբանումը կստանա:

«Երբ որ հաստատվի՝ 11.000 է, թե՞ 12.000, այն ժամանակ ես ձեզ հստակ կասեմ՝ քանի քրեական գործ է հարուցվել, և ուր են հասել այդ քրեական գործերը»,- ասել էր նա՝ սլաքն ուղղելով աշխարհազորին:

Դրանից հետո էլ «Առավոտին» տված հարցազրույցում 44-օրյայի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ընտրված, այնուհետև Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փորձագետ աշխատած Արծրուն Հովհաննիսյանը, ով վայելում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հովանավորությունը, հավանական էր համարել Աննա Հակոբյանի նշած դասալիքների թիվը՝ 11.000:

«Ես, ճիշտն ասած, թիվ չգիտեմ, բայց գիտեմ, որ ռազմական ոստիկանությունը հաշվառում կատարել է և ունի թիվ: Շատ հավանական թիվ է, որովհետև ԳՇ հաշվետվություններում 44-օրյայի ընթացքում 70-80.000 պահեստազորի թիվ կա, իսկ հաշվի առնելով, որ մեզ մոտ հիմնական դասալքությունը եղել է պահեստազորում, ոչ թե զինված ուժերում, դա հավանական է: Զինված ուժերում շատ փոքր թիվ է եղել, սկզբից չի էլ եղել դասալքություն, որոշակի դեպքեր սկսել են պատերազմի վերջին 10 օրերի ընթացքում, կանոնավոր զորքի մասին ենք խոսում: Իսկ 70.000 պահեստազորից շատ հավանական թիվ է՝ 11.000»,- ասել էր նա:

Իր հերթին՝ գրեթե նույն ժամանակում ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում էլ ասել էր, որ «իրականում մասսայական դասալքություն եղել է, բայց պետության վարած քաղաքականությունից, քանի որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվել, դա Զինված ուժերի խնդիրը չի եղել»:

Այսինքն, հիմնականում դասալքություն եղել է ՄՈԲ ուժերի, պատահական կամավորների, աշխարհազորի շրջանում, որոնք պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպանության համար հավաքվել էին Հանրապետության հրապարակում:

Վերադառնանք ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրություններին: Երկու դեպքում էլ հարցրել էինք հետևյալը.

– 2020 թվականի պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, դասալքության քանի՞ դեպք է արձանագրվել, կամ՝ Աննա Հակոբյանի հայտարարած՝ 11.000 դասալիքների առնչությամբ քանի՞ քրեական վարույթ կա հարուցված 44-օրյա պատերազմից հետո, և 11 000 ենթադրյալ դասալիքներից քանի՞սն են կալանավորված հարցումը ստանալու օրվա դրությամբ, քանիսի՞ նկատմամբ է կիրառված խափանման այլ միջոց: Այսինքն, 44-օրյա պատերազմից մոտ 5 տարի անց քանի՞ դատավճիռ կա 11 000 դասալիքների վերաբերյալ, և քանի՞սն են այդ ենթադրյալ 11.000 դասալիքներից եղել կանոնավոր բանակից, քանիսը՝ մոբից, պահեստազորային, կամավորական ջոկատներից:

Մեր այս հարցադրմանը ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է.

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի հունիսի 9-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է շուրջ 1500 քրեական վարույթ, որոնցով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է բազմաթիվ քրեական վարույթների ընթացքը»:

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտնել է.

«Ի պատասխան 2025 թվականի հունիսի 9-ի հարցման՝ տեղեկացնում ենք , որ ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների համակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ մինչդատական վարույթում քննություն է իրականացվում 8240 անձանց վերաբերյալ: Նշված հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած 352 անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Մինչդատական և դատական քննությունների ընթացքով պայմանավորված՝ նշված թվային տվյալները մշտապես փոփոխվում են»:

Այս համատեքստում ուշադրություն հրավիրենք մի փաստի վրա, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Քննիչ հանձնաժողով կանչվել էր 2023 թվականի մարտին՝ ամսի 16-ին և 20-ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ 2023 թվականի օգոստոսի սկզբին:

Եվ այստեղ հարց է՝ եթե Աննա Հակոբյանի ասած 11.000 դասալիքների թիվն իրական է, և Օնիկ Գասպարյանն էլ այդ մասին խոսել է հարցաքննության ժամանակ, ուրեմն՝ գործ ունենք Քննիչ հանձնաժողովից գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկության արտահոսքի հետ, եթե ճիշտ չէ՝ սուտ տեղեկություն հայտնելու: Երկու դեպքում արարքը վտանգավոր է և օրենքով պատժելի: Արդեն հիմա կարելի է որոշ ենթադրություններ և պնդումներ անել, բայց սպասենք զարգացումներին, այդ թվում՝ նախընտրական, ինչը կարող է իշխանություններն օգտագործեն համապատասխան անձանց դեմ, որոնք դեռ չեն պատժվել իրենց հնարավոր դասալքության համար:

Իսկ մենք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ գլխավոր դատախազությունից փորձել էինք պարզել, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, պետական դավաճանություն համարվող արարք կատարելու, ինչո՞ւ չէ՝ դրան օժանդակելու քանի՞ դեպք է արձանագրվել, քանի՞ քրեական վարույթ կա հարուցված 44-օրյա պատերազմից հետո, և քանի՞սն են կալանավորված հարցումը ստանալու օրվա դրությամբ, 44-օրյա պատերազմից մոտ 5 տարի անց քանի՞ դատավճիռ կա:

Նշված հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն նշել է.

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչությունը (այսուհետ Վարչություն) ստեղծվել է 2024 թվականի հունվարի 5-ին և այն չի հանդիսանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության իրավահաջորդը, ուստի Վարչությունը չի տիրապետում 2024 թվականի նախորդող ժամանակահատվածի վիճակագրական տվյալների, իսկ Վարչությունում 2024 թվականից մինչև 2025 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում պետական դավաճանության դեպքերով նախաձեռնվել և քննվել է 11 քրեական վարույթ»:

Իսկ Գլխավոր դատախազությունն էլ պատասխանել է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկից մինչ օրս պետական դավաճանություն կատարելու փաստով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ: 17 քրեական վարույթ 29 մեղադրյալով դատաքննության փուլում է: Վերջին 4 տարում պետական դավաճանության հոդվածով առկա է 6 դատավճիռ, դատական 1 ակտ՝ լրտեսության հոդվածով»:

Ինչպես նշեցինք, 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության հետ կապված հարցում ուղարկել ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխանը ստանալուն պես, այն կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս