
ՀՀ զինված ուժերին Նախիջևանի հատվածում էսկալացիա հրահրելու մեղադրանքից օրեր հետո Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնում այդտեղ

Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում են, որ զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի բանակի 9-րդ «Կոմանդո» բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի առանձին համազորային բանակը։
168.am-ը գրել էր, որ մայիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած caliber.az-ը տեղեկություն և տեսանյութ էր տարածել, թե իբր «մայիսի 9-ին ժամը 17:40-ի սահմաններում նախիջևանյան թևում ՀՀ ԶՈՒ զինծառայողները փորձել են սադրել, սպառնալ ադրբեջանցի զինծառայողներին», բայց ադրբեջանական կողմը չի տրվել այդ «սադրանքին»:
Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել Ադրբեջանի տարած տեսանյութի «ծագումը»: Մի բան հստակ է՝ ադրբեջանական կողմն աղավաղվում է իրականությունը և փորձում էսկալացիայի հիմքեր ստեղծել:
Մենք գրել էինք նաև, որ մոսկովյան զորահանդեսին ադրբեջանական կողմը ներկայացել է «Կոմանդո» հատուկ նշանակության ուժերի զինծառայողներից կազմված խմբով, ինչը հատուկ շեշտել են ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները:
Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակում Ալիևը ոչ մեկ անգամ առանձնացրել է իր բանակի Հատուկ նշանակության ուժերի դերակատարումը, այդ թվում՝ Շուշին վերցնելու գործում: Իսկ «Կոմանդո» ջոկատը, տարբեր տեղեկություններով, անգամ՝ հստակ ապացույցներով, հատուկ դաժանություն է դրսևորել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայ գերեվարված զինծառայողների նկատմամբ: Այսօր էլ Ալիևը, երբ Հայաստանին որոշում է սպառնալ, նկատի է ունենում հենց Հատուկ նշանակության ուժերին, որոնց թիվը 2020 թվականից հետո խնդիր էր դրել ավելացնել, ինչը կատարվել է:
168.am-ը գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերում կադրային նշանակումները ևս այս տրամաբանության մեջ են տեղի ունենում:
Չանտեսենք, Նախիջևանում և տեղի բանակի վրա թուրքական ազդեցությունը, և 44֊օրյա պատերազմից առաջ Նախիջևանում անցկացված թուրք֊ադրբեջանական համատեղ զորավարժությունները։