
19 երկրի ռազմական կցորդներ այցելել են Նախիջևանի առանձին համազորային բանակի շտաբ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, օտարերկրյա ռազմական կցորդները (19 երկիր) այցելել են Նախիջևան:
Այցի շրջանակում նրանք եղել են Նախիջևանի առանձին համազորային բանակի շտաբում, հանդիպել նախիջևանյան բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քյանան Սեիդովի հետ, որի ժամանակ ռազմական կցորդներին ներկայացվել են Նախիջևանի առանձին համազորային բանակում տեղի ունեցած և ունեցող բարեփոխումները և դրանց նպատակները:
Բացի այս, 19 պետությունների ռազմական կցորդները եղել են Նախիջևանի ռազմական քոլեջում և տեղի Նախիջևանի ռազմական վերանորոգման-արտադրական համալիրում:
Սրան զուգահեռ՝ Նախիջևանում հրավիրվել է «MEDIAFEST-2025» տեղեկատվական կոնֆերանսը, որտեղ ապատեղեկատվության պայքարի համատեքստում հատուկ անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի տեղեկատվական պատերազմին և լրատվամիջոցների աշխատանքին:
Նշենք, որ 2020 թվականի պատերազմից մոտ 20 օր առաջ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մեդիահարթակ ստեղծեցին:
Այսօր էլ ադրբեջանական կողմը վայր չի դրել տեղեկատվական պատերազմի զենքերն ընդդեմ Հայաստանի, և հետևողականորեն գեներացնում է իրենց թեզերը միջազգային հարթակներում՝ օտարերկրյա ռազմական կցորդների, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների հետ Ադրբեջան և օկուպացված Արցախ կազմակերպված այցերի ժամանակ:
Իսկ հայկական կողմը նաև այս առումով է անգործության մատնված, ոչինչի չի արվում՝ հակադրվելու ադրբեջանական թեզերին, որոնք գուցե համընկնում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի հետ, բայց չեն բխում ՀՀ ազգային և անվտանգային շահերից: