Ասելիք չունեն, փչացած սկավառակի պես անընդհատ նույն բանն են կրկնում

Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։

Եվ այն, թե 2018թ. սկսած քանի՞ աշխատատեղ է Հայաստանում բացվել, ինչքանո՞վ են աշխատավարձերն ավելացել, հիմք չէ, որ դրանից մարդիկ սկսել են ավելի լավ ապրել կամ երջանիկ լինել։ Փաստ է, որ ինչպես 7 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայաստանի բնակչության գրեթե 25 տոկոսն աղքատ է։ Ու դա նշանակում է, որ բարձրագոչ հայտարարությունները՝ լավ ապրելու, աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացումների վերաբերյալ, դատարկ խոսակցություններ են, ինչը փչացած սկավառակի պես անընդհատ կրկնում է Նիկոլ Փաշինյանը։

Այն, ինչ ունենք անցած տարվա բյուջեի կատարման ձախողումների առումով, լիովին բավարար է մի քանի կառավարությունների անվստահություն հայտնելու համար։ Բայց դա չի խանգարում, որպեսզի ՔՊ-ական վարչախումբն ամուր կպած մնա իշխանական աթոռներին և շարունակի երկիրը ներքաշել նոր փորձությունների մեջ։ Իրենց ապաշնորհ կառավարման հետևանքով տնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի։ Բյուջեն դարձրել են սեփական գրպանը և ծախսում են անձնական քմահաճույքներով։

Անցած տարի կառավարությունը 144 մլրդ դրամով թերակատարեց բյուջեի եկամուտները, 251 մլրդ դրամով կամ ավելի քան 630 մլն դոլարով էլ՝ ծախսերը։

Կարդացեք նաև

Ձախողեցին հատկապես հարկային եկամուտների հավաքագրումը։ 223 մլրդ դրամի կամ 570 մլն դոլարից ավելի ճեղք գոյացրեցին բյուջեում։ 8,5 տոկոսով ավելի քիչ հարկային եկամուտներ հավաքեցին, քան օրենքով պարտավորվել էին հավաքել։

Խախտեցին օրենքը ու շարունակում են անպատիժ մնալ։

Թե ի՞նչ է նշանակում նախատեսված հարկերը չհավաքելը, դժվար չէ հասկանալ։ Դա նշանակում է, որ չեն կատարվելու այդ գումարների հաշվին նախատեսված ծրագրերը կամ, լավագույն դեպքում, կատարվելու են պարտքերի հաշվին։

Անցած տարի ոչ միայն հարկային եկամուտների աննախադեպ թերակատարում արձանագրեցին, այլև տապալեցին ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշը։ Բյուջեի եկամուտների անվանական աճերով են փորձում խաբել ժողովրդին, այն պարագայում, երբ ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը նույնիսկ նվազեց։ Հարկային եկամուտների կատարողականի գնահատման համար սա, թերևս, ամենակարևոր ցուցանիշն է։

Նախատեսել էին ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն առնվազն 0,7 տոկոսային կետով բարելավել։ Բարելավելու փոխարեն՝ նահանջ արձանագրեցին։

ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կազմեց 23,6 տոկոս, ինչը, կառավարության «փայլուն» աշխատանքի շնորհիվ, նախորդ տարվա համեմատ նվազեց գրեթե 0,5 տոկոսային կետով։ Նույնիսկ նախորդ տարվա մակարդակը չկարողացան պահել։ Սա էլ ստվերի դեմ այդքան հորջորջվող պայքարի արդյունքում կառավարության արձանագրած «հաջողությունն» է։

Ստվերային տնտեսությունը կրճատելու փոխարեն՝ տեղի ունեցավ ստվերային տնտեսության խորացում։

Առիթ-անառիթ՝ հարկերի աննախադեպ աճերից են խոսում, մինչդեռ վերջին 4 տարիներին համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի հավաքագրումը կարողացել են ավելացնել ընդամենը 1 տոկոսային կետով։ 2020թ. 22,6 տոկոսից 2024թ. հասցրել են հազիվ 23,6 տոկոսի։

Ստվերի դեմ չեն կարողանում պայքարել, ստվերային տնտեսության մեջ պտտվող գումարները չեն կարողանում կամ չեն ուզում հավաքել, բերել բյուջե, մի գլուխ հարկային բեռն են ավելացնում, չհիմնավորված ու չպատճառաբանված բարձրացնում են հարկային դրույքաչափերը։  Նույնիսկ մանր ու միջին բիզնեսին չեն խնայում, դրել են հարկային մամլիչի տակ ու չնայած նրան, որ փոքր բիզնեսը մասսայաբար փակվում է, շարունակում են ճնշել։ Հազարավոր ընկերություններ հարկադրաբար դադարեցնում են գործունեությունը։

Մի կողմից՝ հարկային օրենսդրության չկշռադատված փոփոխությունների, մյուս կողմից՝ տնտեսական արդյունավետ քաղաքականության բացակայության հետևանքով, տնտեսությունը կանգնեցրել են աղետի առաջ։ Անցած տարի տապալեցին ոչ միայն բյուջեի կատարողականը, այլև չկարողացան ապահովել նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը։ Առնվազն 7 տոկոսի փոխարեն՝ տարեվերջին մի կերպ 5,9 տոկոս աճ նկարեցին, այն էլ՝ տնտեսական ցուցանիշները մի լավ փոխել-փոփոխելուց հետո։

Հայաստանը «կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա» դրած կառավարությունը տնտեսությունը մի վիճակի է հասցրել, որ իրական հատվածում բացարձակ զարգացումներ չկան։ Անցած տարվա արդյունքներով, արդյունաբերության բաժինը տնտեսության մեջ կազմեց ընդամենը 16,1 տոկոս, գյուղատնտեսությանը՝ հազիվ 7,9 տոկոս։ Ցուցանիշներ, որոնք վատագույնն էին նախորդ 6 տարիների կտրվածքով։  6 տարի առաջ արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում 17,5 տոկոս էր, իսկ գյուղատնտեսությանը՝ 13,6 տոկոս։ Տնտեսության արտադրական հատվածի ողնաշարը համարվող մշակող արդյունաբերության կշիռն անցած տարի շարունակեց կրճատվել, կազմեց ընդամենը 10,5 տոկոս։ 2020թ. 12,4 տոկոս էր։

Իրական հատվածը կանգնեցրել են փաստի առաջ, առևտրի ու շինարարության կշիռն են ավելացել, որոնք գրեթե հավելյալ արժեք չեն ստեղծում տնտեսության մեջ։ Դրա համար էլ, ինչպես շատ հաճախ լինում է, վիճակագրորեն տնտեսությունն աճում է, իսկ քաղաքացիների եկամուտները չեն ավելանում։

Անցած տարվա կառավարության գործունեության ու արձանագրված 5,9 տոկոս տնտեսական աճի պայմաններում Հայաստանում գործազրկությունը խորացել է։ Հարյուր-հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը վատացել է, որովհետև ո՛չ թոշակ են բարձրացրել, ո՛չ էլ աշխատավարձ։

Չկարողանալով հավաքել հարկերը, չեն կատարել նաև բազմաթիվ ծախսեր, որոնք պիտի նպաստեին՝ ինչպես տնտեսական գործընթացների ակտիվացմանը, այնպես էլ՝ գործազրկության կրճատմանն ու քաղաքացիների եկամուտների ավելացմանը։

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գործ ունենք համակարգային ձախողման հետ, որը լիարժեք բավարար է կառավարությանն անվստահություն հայտնելու համար։ Բայց միամտություն կլինի կարծել, որ խորհրդարանը կգնա դրան։ Եթե 7 տարվա համատարած ձախողումներից հետո ՔՊ-ական վարչախումբը դեռ շարունակում է մնալ իշխանական աթոռներին, բյուջեի ձախողումն ի՞նչ է, որ չմարսեն։ Որևէ այլ երկրում, այսքան ձախողումներից հետո, ցանկացած իշխանության հիմա վաղուց քշել էին։ Բայց ՔՊ-ականներն այնքան պինդ են կպած իրենց աթոռներից, որ ոչ միայն գնալու մտադրություն չունեն, այլև պատրաստ են «թագավորել» անգամ ավերակների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս