Տարեսկզբից խոսում են բյուջեի հարկային եկամուտների բարձր կատարողականների մասին, սակայն կառավարությունը հույս չունի, որ այս տարի էլ կհաջողի նախատեսած հարկերն ամբողջությամբ ապահովել։
Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։
Եթե 2021թ. սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,3 տոկոս էր, 2024թ. վերջին հասել է 7,2 տոկոսի։ Թանկացել է 2,9 տոկոսային կետով, ինչը մեծապես ավելացրել է պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հասել են տարեկան 1 մլրդ դոլարի։ Խոսքը միայն տոկոսների մարման մասին է։