Չունենալով լծակներ ու այլ դաշնակիցներ Հարավային Կովկասում, Ֆրանսիան փորձում է «խաղադրույք կատարել Հայաստանի վրա». վերլուծաբան

Օրերս Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ֆրանսիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարը հայտարարեց Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային համագործակցություն հաստատելու մտադրության մասին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարի հետ միասին նախատեսում են մշակել փաստաթուղթ, որը կսահմանի համագործակցության ուղղությունները գալիք տասնամյակների համար:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան ծրագրում են պաշտոնապես ձևակերպել փաստացի գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները։ «Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն մեծամասամբ ռազմավարական են»,- ասել էր ֆրանսիացի նախարարը։

«Պաշտոնակցիս հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև կնախատեսի այլ ծրագրեր ու նախագծեր նաև ապագայի համար, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,– շեշտել էր Բարոն։

Կարդացեք նաև

Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են այնպիսի ուղղություններով և ոլորտներում, որոնցով չեն համագործակցում անգամ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեցող պետությունները:

Այսօր էլ Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ այս ամենի ֆոնին Երևանը հայտարարում է Մոսկվայի հետ հարաբերություններում ռազմավարական գործընկերության ձևաչափը չփոփոխելու մտադրության մասին: Որոշակիորեն վերականգնվել են հայ-ռուսական միջգերատեսչական այցերն ու բարձրաստիճան շփումները և հեռախոսազանգերը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը նույնիսկ շնորհավորական հեռախոսազանգեր էր ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ու վարչապետ Միխայիլ Միշուստինից: ՌԴ պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի որոշ արդիական հարցեր։ Հաստատվեց ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների համապարփակ ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»։

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ֆրանսիան իր արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով ձախողված քաղաքականության ֆոնին ցանկանում է ազդեցություն հաստատել Հարավային Կովկասում և «գլխավոր խաղադրույքը կատարում է Հայաստանի վրա»:

Սակայն, ըստ նրա, չնայած Ֆրանսիայի հայտարարություններին, որ աջակցում են Հայաստանին, իրական ազդեցություն Ֆրանսիային չի հաջողվում հաստատել, քանի որ ռեգիոնում կա դեռևս չլուծված հակամարտություն, որի նկատմամբ Ֆրանսիան ազդեցություն չունի:

«Ֆրանսիան ներկայումս խնդիր ունի Հարավային Կովկասում թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի հետ հարաբերություններում, Ադրբեջանի հետ հարաբերություններն այնքան էլ դրական փուլում չեն, Վրաստանի հետ հարաբերություններում՝ ևս, պայմանավորված Վրաստանի իշխանությունների քաղաքականությամբ, ուստի միակ կետը, որի վրա հիմնվում է ու տարածում է իր ազդեցությունը, դա Հայաստանն է:

Բացի այդ, իհարկե, Ֆրանսիան ունի շահեր ու այս քաղաքականության միջոցով իրացնում է այդ շահերը և ձգտում ավելի մեծ ազդեցության՝ այն ռեգիոնում, որտեղ ճանապարհներ են բացվելու և ստեղծվելու են աշխարհաքաղաքական ազդեցության ու հաղորդակցական, տնտեսական նոր հնարավորություններ: Սակայն վերջին աշխարհաքաղաքական զարգացումները կարծես ստիպեցին Հայաստանին վերանայել ռուսական ուղղությամբ քաղաքականությունը՝ կարգավորելով հայ-ռուսական հարաբերություններում առկա տևական լարվածությունը: Ռուսաստանում դրան դեմ չեն, քանի որ, ընդունելով այն բոլոր խնդիրները, որոնք կան այս հարաբերություններում, դրանք որևէ մեկը խզել կամ սրել չի ցանկանում՝ հատկապես այս փուլում, երբ Ռուսաստանը բանակցություններ է վարում Թուրքիայում Ուկրաինայի, Արևմուտքի հետ»,- ասաց վերլուծաբանը:

Ֆյոդոր Լուկիանովի կարծիքով՝ Ֆրանսիայի հետ դաշնակցային համագործակցության հաստատումը չի հակասում ՌԴ-ի հետ հարաբերություններին կամ ԵԱՏՄ-ին:

«Այլ հարց է, որ Ռուսաստանն ունի խնդիր Արևմուտքի, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, որն ուկրաինական խնդրում բավականին կոշտ դիրքավորում ունի և աջակցում է Զելենսկիի քաղաքականությանը: Սակայն այդ ուղղությամբ հարաբերությունները խորացնելը Հայաստանի իրավունքն է: Հակասություններ կառաջանան այն դեպքում, երբ դրվի ՀՀ ԵՄ անդամակցության հարց, սակայն, ինչպես երևում է, նման հարց չի դրվում և չկա հեռանկարում, Հայաստանին նման խոստումներ չեն տալիս, թեև խթանում են նրա եվրոպական ձգտումները և ձգտում կտրել Ռուսաստանից: Դա է կարծես նաև պատճառը, որ Հայաստանը հայտարարում է ոչ թե ԵՄ ինտեգրացիայի, այլ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին»,- ասաց փորձագետը:

Նա այն կարծիքին է, որ, ի վերջո, աշխարհաքաղաքական զարգացումների ու նոր աշխարհակարգի հաստատման տեսանկյունից ավելի նշանակալի են լինելու ներկայումս ընթացող գլոբալ բանակցությունների արդյունքները:

«Այդ արդյունքներից հետո է Ռուսաստանը հստակորեն ծավալելու իր արտաքին քաղաքականությունը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որոշակի իմաստով վերանայվելու է ՌԴ հետսովետական քաղաքականությունը:

Օրերս, սակայն, ՌԴ նախագահը ռազմավարական նշանակության հերթական ելույթով հանդես եկավ, որտեղ խոսեց մեծ եվրասիական համագործակցության ու այնտեղ անվտանգության և այլ կարևոր տարրերի ապահովման մասին: Սա ՌԴ հետպատերազմյան արտաքին քաղաքականության տեսլականն է: Ռուսաստանում կարծում են, որ Հայաստանը կտեղավորվի այդ քաղաքականության շրջանակում, սակայն, թե այն կոնկրետ ի՞նչ տեսք կունենա, բարդ է ասել, քանի որ Հայաստանը, հայտարարելով ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, չի հրաժարվում, ըստ իս, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու մտադրությունից: Եթե ԵՄ-ն Հայաստանին անդամակցության հստակ հեռանկար չտրամադրի, ապա, կարծում եմ, որ Հայաստանը հակված է լինելու շարունակել իր արտաքին քաղաքականությունն այս մոդելով: Բայց նաև բարդ է հստակ ասել, թե հետագայում Ռուսաստանն այս ձևաչափին ինչպես է վերաբերվելու: Այս պահին պետք է արձանագրել, որ սուր լարման փուլն անցել է և ձևավորվել համագործակցային մթնոլորտ: Այս իրավիճակում ավելի հեռու ապագային միտված կանխատեսում անելը բարդ է»,– ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս