
Պետքարտուղար Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ֆիդանի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված հարցերը, ինչպես նաև Սիրիայի թեման։ Հեռախոսազրույցի մասին հունիսի 3-ին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին աջակցությունը՝ դադարեցնելու արյունահեղությունը: Պետքարտուղարը և արտգործնախարար Ֆիդանը նաև քննարկել են Սիրիան և այն քայլերը, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ՝ նպաստելու, որ Սիրիան ընթանա դեպի կայունություն և դառնա իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող երկիր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր երկրորդ ուղիղ բանակցությունները կայացել են Ստամբուլում, հունիսի 2-ին։ Բանակցությունների առաջին փուլը ևս կայացել էր Ստամբուլում, մայիսի 16-ին։