
Նորդիկ-բալթյան երկրները հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների ու ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հայտարարություն:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։
Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։
Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն համաձայնագիրը մոտ ապագայում։
Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ»։