Բաժիններ՝

Հինգ երկիր ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրությունների արդյունքում ընտրել է հինգ երկրի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նրանք հունվարին կսկսեն երկամյա պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է The Accossiated Press-ը։

193 անդամից բաղկացած Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի հինգ տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն՝ 183 ձայն, Լիբերիան՝ 181 ձայն, Կոլումբիան՝ 180 ձայն և Լատվիան՝ 178 ձայն։

Լատվիան առաջին անգամ է ընտրվում Անվտանգության խորհրդում։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ բալթյան երկիրը պատրաստ է պատասխանատվության։ «Մեր պատմական փորձը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, համակրանք դրսևորելու և գործընկերություններ հաստատելու աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում», – ասել է նա։

Բրաժեն նաև շեշտել է, որ Լատվիան ջանք չի խնայի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Գազայում, Աֆրիկայում և աշխարհի այլ հակամարտություններում տառապանքները մեղմելու համար։

Բահրեյնը կլինի արաբական ներկայացուցիչը խորհրդում։ Երկրի արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին ասել է, որ իր երկրի՝ երկրորդ անգամ խորհրդում ընտրվելն ամրապնդում է վճռականությունը՝ ակտիվ ներդրում ունենալ միջազգային խաղաղության և անվտանգության գործում։

15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառում է վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական ​​անդամներ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և 10 ընտրված անդամներ ՄԱԿ-ի տարբեր տարածաշրջանային խմբերից: Ըստ գործող կանոնների՝ ամեն տարի ընտրվում են հինգ նոր անդամներ։ Հունվարին նոր ընտրված անդամները կփոխարինեն Ալժիրին, Գայանային, Հարավային Կորեային, Սիերա Լեոնին և Սլովենիային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս