«…Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները․․․»․ Նիկոլ Փաշինյանն էլի «չուլան»-ի մասին է հիշել

Այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, բայց նաև պատկանում են պետությանը, այսինքն, պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո, և այդ թվում՝ ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև էլի եմ ասում՝ դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած՝ երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հիշում է բյուջետային քննարկումները դեռ լրագրող եղած ժամանակներից և որպես պատգամավոր էլ տարբեր ձևակերպումներ է տվել բյուջեին՝ ճգնաժամի, կոնսերվատիվ, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե, բայց հիմա կարծում է, որ տարբերակումները պետք է հանել:

«Կարծում եմ՝ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև ՀՀ-ում պետք է լինի երջանկության բյուջե: Այսինքն, մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները երջանիկ լինեն: Սա, կարծում եմ, շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։

Բայց չեմ ուզում և չեմ կարող ժխտել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս