
Հիմա, բնականաբար, նոր թիրախ է պետք «մայն ֆյուրերին», որպեսզի շարունակի պահել իր ընտրազանգվածի փշրանքները. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «Պետք է չզլանալ ու վերհիշել, թե 2018-ի պետականակործան և արցախատյաց իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը որ խմբերի ու ոլորտների դեմ սկսեց պայքար, որով սնեց սեփական ընտրազանգվածի «հացն ու տեսարանը»։
Փողոցներում ողջ մարդկանց դագաղները թափ տալով իշխանության եկած խմբի առաջին թիրախը դատական համակարգն էր։ Մատուցվում էր, թե արատավոր դատական համակարգը փոխելը պետք է լինի գերխնդիր բոլոր հեղափոխական քաղաքացիների համար, որից հետո սկսվելու է երջանիկ ու անհոգ կյանքը։ Սկսվեց այն դատարանների շրջափակման հակասահմանադրական կոչերով ու ավարտեց «Հրայր Թովմասյանի գրիչ» էպիկ խայտառակությամբ, որի հետևանքը եղավ բացառապես այն, որ դատական համակարգն իր զգալի հատվածով դարձավ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի ուղիղ ազդեցության տակ գտնվող դակիչ մի սիստեմ։ Ասածիս ապացույցն է այն, որ իշխանության ընդդիմադիր գործիչները՝ եզակի բացառություններով, կալանավորվում են բավական երկար ժամկետներով։ Փաշինյանն անգամ Սահմանադրական փոփոխությունների սկիզբ դրեց, որը չավարտվեց հանրաքվեով բացառապես կորոնավիրուսի պատճառով։
Կործանարար ու չկառավարվող պատերազմից հետո Փաշինյանի հիմնական թիրախը դարձան զինվորականներն ու կամավորականները։ Հիշու՞մ եք, թե քանի մարդու նա վերացական մեղադրեց պետական դավաճանության, լրտեսության, գործակալ լինելու մեջ, բայց այս հարցով անգամ մի քանի դատական որոշումներ չեղան, իսկ զինվորականներից շատերն էլ, որոնք աղմուկով մեղադրվեցին պետական դավաճանության մեջ, վերադարձան նորմալ քաղաքացիական կյանք։ Նա շարունակում էր ներշնչել իր ընտրազանգվածին, որ այ եթե զինվորականները պատժվեն, իր տիկնոջ ասած հազարավոր դասալիքները ստանան քրեաիրավական գնահատական, մեզ կրկին սպասելու է երջանիկ ու անհոգ ապագա։
Զինվորականներին զուգահեռ սկսվեց Ռուսաստանի դեմոնիզացիան։ Ասածս ամենևին չի ենթադրում, որ Հայաստանում նորմալ իշխանություն ունենալու պայմաններում հայ-ռուսական հարաբերություններում պարզաբանելու հարցեր չէին լինելու, բայց հենց Փաշինյանին պետք էր հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որպեսզի սեփական ընտրազանգվածին շարունակի կերակրել երջանիկ և արդեն եվրոպական ապագայի մասին հույսերով, թե մի քիչ էլ սպասեք, շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Բացի այս, նրա համար պրակտիկ նշանակություն ուներ Արցապն Ադրբեջանի կազմում թողնելու մեղավոր գտնել, իսկ ՌԴ-ն այս առումով ամենահարմար երկու թիրախներից մեկն էր։
Հաջորդ ու արդեն ավելի համահայկական թիրախը ընտրվեց հայ ժողովուրդը։ Պետք էր ինչ-որ կերպ բացատրել «մեր ազնիվ ցեղին», որ Արցախի կորստից, դատավորների հնազանդությունից, զինվորականներին կազմաքանդելուց հետո ինչու՞ նա լավ չի ապրում։ Այստեղ արդեն օգնության եկավ մեր «անկիրթ» լինելու հանգամանքը։ Ի՞նչ կարող է անել Փաշինյանն ու յուր խումբը, եթե դու, ո’վ բովանդակ հայ ժողովուրդ, չես ցանկանում կրթվել, ապրում ես «կայսերական հայրենասիրության» հովերով, չես սիրում աշխատել ու, ընդհանրապես, քըխ ես։ Սա, արդեն, երկարաժամկետ խնդիր է, ուստի դու լավ կապրես, երբ որ «կրթ/տ/վես» այն տրամաբանության մեջ, որ քեզ առաջարկում է մեր առաջնորդը։
Հիմա, բնականաբար, նոր թիրախ է պետք «մայն ֆյուրերին», որպեսզի շարունակի պահել իր ընտրազանգվածի փշրանքները՝ Հայ առաքելական եկեղեցին։ Սրբազանների կուսակրոնության թեման, սիրելինե’ր, շատ կարևոր է մեր երջանիկ ապագայի համար։ Այ եթե ինչ-որ վարդապետ սայթաքել է, պետք է պատժե’լ նրան, գամե’լ անարգանքի սյունին, վասնզի միայն դրանով է, որ մենք կունենանք այն Հայաստանը, որ նա խոստացել էր 2018-ին…»։