
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 3-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է.«Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այս համատեքստում հիշում եմ այս ձևաչափով առաջին հանդիպումը՝ իմ հանդիպումը ձեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ 2024թ. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանների նախագահների այցը Երևան արդեն այս տարի: Սա շատ լավ և խոստումնալից սկիզբ է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին, ինչի համար կա շատ պարզ պատճառ. մենք կիսում ենք նույն արժեքները, ինչպես նաև մարտահրավերների վերաբերյալ ընկալումներն ու մեր առջև առկա հեռանկարները»:
Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը և այդ ճանապարհին միջազգային գործընկերների հետ փոխգործակցության զարգացման տեսլականը: Հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ անմիջական հարևանությամբ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այնպես էլ ԵՄ հետ համապարփակ գործընկերության խորացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել խաղաղության օրակարգին և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին հանդիպող մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման հարցում շարունակական համագործակցության կարևորությունը: Նախարար Միրզոյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերի: