ԻՆՔՆ Ո՞Վ Է, ՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՓՈԽԻ. ԹՈՒՐՔԵՐԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ. ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԵՆ՝ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ. #ԴԱՍԵՐ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը և Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Վարդան Խաչատրյան.- Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) հայոց միասնականության հարցում խոշորագույն դերը պետք է խաղա։ Հայ Առաքելական եկեղեցին մեր հաղթաքարտն է, որն ազդեցություն ունի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի՝ Մայիսի 28-ի ուղերձի տեքստում խառնիճաղանջություն կար, ակնհայտ էր նրա խուճապային տրամադրությունը։

Հայ Առաքելական եկեղեցին ավելի մեծ է, քան Հայաստանը:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը և իր կինը՝ Աննա Հակոբյանը, 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո Եկեղեցու, հոգևորականների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ մեծ արշավ են սկսել. ատելության խոսքի տարածում, ակցիաների կազմակերպում, կաթողիկոսի դեմ ճանապարհների փակում (հիշեք՝ ինչպես էին Փաշինյանի հրահանգով Վեհափառ Հայրապետի և մյուս հոգևորականների դեմ կարմիր և այլ գույնի բերետավորները Սարդարապատում փակել ճանապարհը):  Նիկոլ Փաշինյանը և իր կինն արդեն քանի օր է Ֆեյսբուքում գռեհիկ, փողոցային անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարով գրառումներ են կատարում կաթողիկոսի և եպիսկոպոսների, առհասարակ՝ Եկեղեցու դեմ:

Վերջին գրառումներից մեկով Փաշինյանը հայտարարել էր.

«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։

Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»:

Վարդան Խաչատրյան.- Աթոռների վրա նստած տարբեր կաթողիկոսներ են եղել, բայց նրանք ունեցել են իրենց սատարողների հոծ խմբերը։ Սա հայերի եկեղեցին է, և հայերն են որոշում՝ ով լինի իրենց կաթողիկոսը։

Մհեր Աբրահամյան.2018 թվականից մենք ականատես եղանք Հայ Առաքելական եկեղեցու դեմ հստակ գծված ծրագրի իրականացման։ Հիմա արդեն թաքցնելու բան չկա, այս իշխանություններն անցել են բացահայտ հարձակման, որովհետև իրականում Եկեղեցին միակ կառույցն է, որն ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայության վրա։ Եվ այս օրերին, երբ Բեռնում Կաթողիկոսը խոսում է Արցախի և արցախահայության վերադարձի իրավունքի մասին, սկսվում է Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ այս հարձակումը Եկեղեցու դեմ։

Ես կարծում եմ՝ Էստոնիայում Նիկոլ Փաշինյանն ընտրեց իր սրտի կաթողիկոսին։

Նախկինում պետությունը երբեք չի խառնվել հայ եկեղեցու կյանքին, ներքին գործերին։ Անգամ Թուրքիան պատմության ընթացքում չի խառնվել հայ եկեղեցու կյանքին։ Այսօր այս իշխանությունը խառնվում է հայ եկեղեցու կյանքին և վարկաբեկիչ հայտարարություններ է անում՝ փորձելով հեղինակազրկել այն:

Հիշեցնենք, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 26-ին մեկնել էին Բեռն (Շվեյցարիա)՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։ Վեհափառ Հայրապետը կարևոր շեշտադրումներով ելույթ էր ունեցել Արցախի, էթնիկ զտման, պատմական ժառանգության և արցախահայերի վերադարձի իրավունքի մասին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:

«Այդ օրը փորձեցին գլխատել Հայ Առաքելական եկեղեցին, փորձեցին սղոցել Մայր տաճարի գմբեթի խաչը և տեղը երկաթե վարդ դնել։ Բարեբախտաբար, չհաջողվեց: Այս տարիների ընթացքում նման բան չի եղել։ Սա մեզ գլխատելու մի կարևոր դրվագ էր։ Սա նշան էր՝ ցույց տալու, թե մեզ հետ ինչ են անելու»,- երկաթե վարդի տեղադրման փորձի մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։

Վարդան Խաչատրյան.- Ի՞նչ է խորհրդանշում երկաթե վարդը, ո՞ւմ խորհրդանիշն է այն: Եթե վարդի սիմվոլը երևաց, պետք է լինի գաղտնի զարգացումների ընթացք։ Վարդերն աղմուկի պարագայում չեն աճում։ Վարդը եկեղեցու տանիքին դնելու փորձը կարող էր ունենալ ինքնության փոփոխության նշանակություն։ Երկաթե վարդն աստիճանաբար քայքայվող երևույթ է։ Սիմվոլների խաղարկումը, սակայն, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ հայ եկեղեցու վրա։ Քրիստոնեության համաշխարհային նշանակությունը կարող է լինել միայն խաչի սիմվոլով։ Մեր խաչքարերի մշակույթը դրա արդյունքն է։ Խաչը մեր ինքնության գերխտացված կրողն է, որը, փաստորեն, փորձել են հեռացնել։

Մհեր Աբրահամյան.Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի ներկայիս քաղաքական կյանքում շարունակում է մեծանալ։ Թուրքերն ունեն ատելություն հայկական Սփյուռքի նկատմամբ ու միշտ նպատակ են դրել խզել Հայաստանի և Սփյուռքի կապը։ Իսկ Սփյուռքի հետ գլխավոր կապը ստեղծում է Եկեղեցին։ Ու այսօր Թուրքիայի այդ նախապայմանները Հայաստանում դառնում են իրականություն։ 30 տարի Հայաստանը մաքառելով, դիմադրություն ցույց տալով՝ չի իրականացրել դրանցից և ոչ մեկը, բայց այսօրվա իշխանությունը հատ առ հատ իրականացնում է այն բոլոր նախապայմանները, որոնք Հայաստանի առաջ դնում է Թուրքիան։

Փաշինյանի և կնոջ կողմից Եկեղեցուն ուղղված այդ անպարկեշտ հայտարարություններից հետո ադրբեջանական մամուլում և բլոգերների մոտ ակնհայտ ոգևորություն էր նկատվում, ու նրանք քաջալերանքի խոսքեր էին ուղղում ՀՀ գործող իշխանությանը։ Այսինքն՝ Ադրբեջանում հստակ վերաբերմունք կա Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սա հայոց պատմության մեջ ամենախայտառակ իրավիճակն է, երբ հայ եկեղեցու դեմ հայտարարություններ անում է հենց Հայաստանի իշխանությունը, և ադրբեջանցիները դրանով ուրախանում են։

Վարդան Խաչատրյան.- Ինքն ո՞վ է, որ Հայաստանում կաթողիկոս փոխի։ Որևէ անգամ նույնիսկ քյոխվաների ընտրությունը Հայաստանում կեղծիքներ չի ունեցել։ Կաթողիկոսին ժողովուրդն է ընտրում։ Ընտրելիս աշխարհիկների թիվն ավելի մեծ է, քան հոգևորականների թիվը։

Չկա՛ Հայաստանի անվտանգություն՝ առանց Արցախի։ Սա պոստուլատ է։ Քանի Արցախը հայկական չէ ու անվտանգ, մենք չենք կարողանալու խոսել Հայաստանի անվտանգության մասին։

Մհեր Աբրահամյան.- Չի՛ կարելի վստահել Թուրքիային կամ Ադրբեջանին: Վստահելու որևէ հիմք իրականում չկա, մանավանդ Էրդողանի տիպի գործչին, ով լավ գիտի պատմությունը։ 1900-ական թթ սկզբին ու դրանից առաջ պանթուրքիզմի գաղափարախոսությունն էր, որ Միջերկրական ծովից մինչև Մանջուրիա թուրքերը պետք է ապրեն խաղաղ։ Հիմա էլ է նույն խոսույթը, նույն ծրագրերն են փորձում իրականություն դարձնել։

Թուրքերը գենետիկորեն ատում են հայերին։ Եվ ինչպե՞ս կարող ես դու առանց դիստանցիա պահելու շփվել մի երկրի առաջնորդի հետ, որը բացահայտ կերպով ատում է քեզ։

Էրդողանն առավել ևս ատում է հայերին։ Հիշեք՝ ինչպիսի տգեղ բառերով արտահայտվեց Էրդողանը, երբ նրան հայ անվանեցին… Իսկ երբ ժամանակին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ծագումով հայ անվանեցին, նա դատական պրոցես սկսեց։ Ինչպե՞ս կարելի է Սարդարապատում խոսել Թուրքիայի հետ լավ հարաբերություններից, ինչպես դա արեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի իրավաբանը դատարան էր դիմել ընդդիմադիր Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: Ջանան Արիթմանը կտրուկ քննադատության ենթարկելով Գյուլի վերաբերմունքը «Հայե՛ր, ներե՛ք մեզ» քարոզարշավի հանդեպ, ակնարկել էր, որ Գյուլի մայրն ազգությամբ հայ է:

«Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի և խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլահ Գյուլի ընտանիքի և անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում էր Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում:

Դրանում նաև ընդգծվում է, որ Աբդուլլահ Գյուլը հանդիսանում է Թուրքիայի բոլոր քաղաքացիների նախագահը և միշտ բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում` ինչպես Թուրքիայում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս: «Իմ պաշտպանյալի դիրքորոշումը խեղաթյուրված է: Բացի այդ, հասարակությանը փորձում էին ներկայացնել, որ, իբր, Աբդուլլահ Գյուլն օժանդակում է հասարակության որոշակի հատվածի նախաձեռնությունը, քանի որ նախագահի մայրը հայկական արմատներ ունի: Իհարկե, անհնար է փոխհատուցել այն վնասը, որ հասցվել է իմ հաճախորդի հեղինակությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պահանջում ենք, որպեսզի տարածված հաղորդումը հերքվի»,- ասվում էր Թուրքիայի նախագահի իրավաբանի հանրագրում, հաղորդում էր Today’s Zaman թերթը:

 Վարդան Խաչատրյան.- Թուրքերի գենետիկ ատելությունը հայերի նկատմամբ գալիս է նրանից, որ իրենք եկել, հայերի տանն են բնակվել։ Իրենք համարում են, որ ումից խլել են, նրան պիտի ոչնչացնեն։

Հայկական պետություն չլինելու հարցում շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը։

Եթե անգամ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունը փոխվի, Հայաստանը, հային ոչնչացնելու նրանց ծրագիրը չի փոխվելու երբե՛ք։ Եվ մենք փոխանակ հակախաղ սկսենք, այսօրվա իշխանությունների գործողությունների շնորհիվ գնում ենք միևնույն ուղղությամբ, ինչ թուրքերը, որոնց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։

Մհեր Աբրահամյան.- Ժողովուրդը պետք է հասկանա, որ չի լինելու այնպես, ինչպես ասում է Ալեն Սիմոնյանը։ Չի՛ լինելու էդ առևտուրը։ Դու պետք է հասկանաս՝ ինչպես ես շփվելու թուրքերի հետ՝ պատմությունն աչքի առաջ ունենալով։ Ադրբեջանը կապ չունի 44-օրյա պատերազմի հետ։ Ամբողջ պլանը գծված է եղել թուրքական ռազմական ղեկավարության կողմից։

Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում Թուրքիայի բոլոր ծրագրերը սկսվել են Արցախի նվաճմամբ։

Արցախն այն փոքրիկ դռնակն էր, որը նրանք բացեցին ու ներս մտան։ Ու էսօր ասել՝ թուրքերը բարի մարդիկ են, գալու են առևտուր անեն… Հայաստանի այս իշխանությունների կողմից դա խայտառակություն է, էդ ի՞նչ ունես, որ թուրքերը գան, առնեն։

Թող նայեն Սիրիայի օրինակին։ Ասադին զգուշացնում էին չհավատալ թուրքերին։ Ասադին իր մայրն էր զգուշացրել Թուրքիայի հետ զգույշ լինել, չլսեց: Անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր զգուշացրել՝ զգույշ լինել Թուրքիայի հետ «սիրախաղերից»։ Չլսեց։ Իսկ հիմա ո՞ւր է Սիրիան, ո՞ւր է Ասադը։

Հայաստանին կիպրոսացում չի սպառնում, այլ ոչնչացո՛ւմ է սպառնում։

Օրերս Բերձորում (Լաչին), երբ Ալիևը, Էրդողանը և Պակիստանի վարչապետը օդանավակայան էին բացում, Պակիստանի ղեկավարը հայտարարեց՝ մենք երեք պետություն ենք՝ մի դեմքով։ Իսկ թե վաղն ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ոչ ոքի չի հետաքրքրում։

Վարդան Խաչատրյան.- Դու՝ որպես պետություն, պետք է հնարավորինս խորը հարաբերություն ունենաս այն երկրների հետ, ում շահերը համընկնում են քո շահերի հետ, դրանք են՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը։ Սա անվիճարկելի ճշմարտություն է։ Երբ աշխարհի հզորագույն տնտեսություն ունեցող երկիրը՝ Չինաստանը, քո երկրում 7 ամիս դեսպան չունի, նշանակում է՝ դու նրա համար ինչ-որ խնդիրներ ես ստեղծել։ Հիշեք վերջին հանդիպումը Մոսկվայում։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անգամ չբարևեց Փաշինյանին։ Չինաստանի հետ պետք չի խաղեր խաղալ, որովհետև միշտ պետք է հիշել, որ այն աներևակայելի խոր կայսրություն է եղել։

Մհեր Աբրահամյան.- Եկեղեցի, դիվանագիտություն, Արցախ, դպրոց, բանակ… այսօր իջեցված են զրոյական մակարդակի։

Վարդան Խաչատրյան.- Ֆրանսիան երբևէ ոչ մեկի դաշնակիցը չի եղել։ Նրանք ներքին արգելակներ չունեն։ Ֆրանսիան շահի երկիր է։

Ռուսաստանն այսօր եզակի դեր է խաղում, որովհետև ԱՄՆ-ի համար բացառիկ հնարավորություն է ստեղծված Ռուսաստանին վերջապես Չինաստանից պոկելու համար։

Մհեր Աբրահամյան.- Մի անուն են տալիս՝ Ֆրանսիա, ու ասում են՝ լավ կլինի։ Ինչո՞վ: Մոռացե՞լ եք պատմությունը, Կիլիկիայից ինչպես ֆրանսիացիները մեզ թողեցին ու գիշերով փախան:

Հայաստանը նախ պիտի հասկանա՝ ինքն ինչ է ուզում, նոր սկսի դաշնակիցների որոնումը։

Վարդան Խաչատրյան.- Այս իշխանությանը, ի վերջո, պիտի հասկացնել՝ իշխանությունները գալիս ու գնում են, բայց 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցին հավերժ է։ Ու պետք չէ արժանանալ Մելիք Ֆրանգյուլի փառքին: Պետք է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս հարձակումները։

Այսօր Հայաստանի գլխին այլևս ոչ թե մարտահրավերներ են կախված, այլ սպառնալիքներ:

Մեր բիբլիական լեռը՝ Արարատը, ինչպես և Արագածը մեր սրբություններն են։

Մհեր Աբրահամյան.Այս իշխանությանը պետք է օր առաջ փոխել։ 7 տարվա ընթացքում ամեն ոլորտում սրանք սկսում են իրենց զրոյական կետից ու չեն լսում ոչինչ, ոչ մի մասնագետի կարծիք, միայն կորուստներ են պատճառել մեր երկրին, մեր ժողովրդին: Ինչի՞ մասին խոսես սրանց հետ։ Սրանք չեն դադարեցնելու իրենց հարձակումները. Սա ծրագիր է, որը փորձում են վերջնականապես ավարտին հասցնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս