Ի՞նչ հարցեր են նախատեսում քննարկել «3+3»-ի շրջանակում Մոսկվան ու Անկարան

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այց էր կատարել Մոսկվա, որտեղ, ի թիվս այլ հանդիպումների ու բանակցությունների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեց Հարավային Կովկասի հարցը։

Երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ Անկարան աջակցում է Ադրբեջանի գործողություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Սերգեյ Լավրովն իր հերթին շեշտեց՝ Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, և «դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով»:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։ Այնուհետև Երևանում թեմային անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Գրեթե զուգահեռաբար՝ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, թե Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։

Կարդացեք նաև

Հարկ է նաև հիշեցնել, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել էր  Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել էր Ռեջեփ Էրդողանը:

Նա նաև հավելել էր, որ ակնկալում են, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանն ու Թուրքիան մշտապես քննարկում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը երկկողմ շփումների ընթացքում։

Այս անգամ, նրա խոսքով, այդ խոսակցությունը կրել է ֆոնային բնույթ, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը քննարկել են գեոքաղաքական կարևորության հարցեր, որոնցից կախված են աշխարհի հետագա զարգացումները։

«Ինչպես նկատեցիք, թե Լավրովը, թե Ֆիդանը թեմային անդրադարձել են կարճ, չկա որևէ նոր արձանագրում կամ դիտարկում, այս ռեգիոնում նրանց համագործակցության, շահերի շրջանակի հարցում փոփոխություններ չկան, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի համար կարևոր է պահպանել ռեգիոնում ազդեցությունների հարցում կանխատեսելիություն, քանի դեռ չեն ավարտվել մեծ բանակցություններն ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև»,- ասաց վերլուծաբանը։

Խրամչիխինը գտնում է, որ Հարավային Կովկասում հետպատերազմյան փուլում Ռուսաստանը ռեգիոնալ «3+3»-ը դիտարկում է՝ որպես ռեգիոնում ՌԴ ներկայության ու ազդեցության ժամանակավոր ձևաչափ, որը չեն վիճարկում ոչ արտատարածաշրջանային տերությունները, ոչ էլ բուն ռեգիոնալ երկրները։

«Դա կարևոր է, քանի որ աշխարհաքաղաքական այս ծանր պայքարի փուլում Ռուսաստանի հետ որոշակի շահեր կիսում են, հաշվի են առնում և չեն խզել Ռուսաստանի հետ հարաբերություններն այս պլատֆորմի երկրները, իսկ ՌԴ-ն առանձին մեծ ջանքեր չի ծավալում Հարավային Կովկասում։ Ուստի այս հարթակում համագործակցությունն այս փուլում Ռուսաստանի համար Հարավային Կովկասում դրսևորվելու, ներկայությունն ու ազդեցությունը պահպանելու լավ հարթակ է։

ՌԴ-ն անընդհատ առաջարկում է իր միջնորդական դերը Երևան-Բաքու, Երևան-Անկարա հարաբերություններում, չկա որևէ արձագանք, իսկ այս համագործակցությունը տալիս է հնարավորություն լինել ռեգիոնալ այս հարցերում։

Բացի այդ, այս հարթակը հնարավորություն է տալիս Ռուսաստանին ու Իրանին փորձել վերահսկել Թուրքիային, որն անընդհատ փորձում է մեծացնել իր ազդեցությունը ռեգիոնում։

Հատկապես պատերազմից հետո եղել են ի օգուտ Թուրքիայի փոփոխություններ, ուստի այս դեռևս հնգակողմ հարթակը տալիս է Թուրքիային հավասարակշռելու և վերահսկելու հնարավորություն։ Ուստի այս ամենով պայմանավորված՝ թե Ռուսաստանը, թե Իրանը հատկապես հետաքրքրված են, շահագրգիռ, որ հարթակը շարունակի աշխատել և, ինչո՞ւ ոչ, հանդիպումներ կազմակերպվեն նաև հակամարտող երկրներում»,- ասաց նա։

Նրա կարծիքով, Երևան-Բաքու հնարավոր կոնտեքստում ևս այս հարթակը կարևոր կարող է լինել, քանի որ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանն ունեն շահեր ռեգիոնում, ուստի այս հարթակը հնարավորություն է տալիս տարբեր հարցեր քննարկել միասին ու հաշվի առնել միմյանց շահերը։

«Խոսքը նաև ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացի մասին է, որի վերաբերյալ դիրքորոշումներ ունեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը։ Այս մասով Ռուսաստանն ավելի պասիվ է դիրքավորված։ Սակայն շահերը և հանգամանքը, որ Երևան-Բաքու բանակցություններում չկան  միջնորդներ, հնարավորություն է տալիս այս հարթակն օգտագործել կարևոր պայմանավորվածությունների հասնելու համար»,- ասաց Խրամչիխինը։ Սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանն այս հարթակի հետ երկարատև պլաններ չի կազմում, քանի որ ունի հեռուն գնացող ծրագրեր, որոնք կախված են ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։

«Խոսքը մեծ Եվրասիայի գաղափարի մասին է, որից օրերս խոսեց ՌԴ ղեկավարը, որտեղ անվտանգության նոր ճարտարապետություն կգործի այդ գաղափարի իրագործման դեպքում։ Սա կլինի ՌԴ արտաքին քաղաքական գլխավոր պրոյեկտը, որից կախված է նաև ՌԴ անվտանգությունը, և որը, նախատեսվում է, որ կտա անվտանգություն նաև այլ երկրների։ Սրա վրա է խաղադրույք կատարելու ՌԴ-ն ապագայում, իսկ ռեգիոնալ այս հարթակը, կարծում եմ, միջանկյալ օգտակար հարթակ է Ռուսաստանի համար, որը տեղավորվում է ՌԴ այս միջանկյալ արտաքին քաղաքական ռազմավարության շրջանակում, և այնտեղ կարող են քննարկվել ընթացիկ հարցեր»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս