
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից. News.am

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել եւ ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը։
Հարցին՝ ազատման դիմում է գրել միայն տնօրենը, թե՞ այլ աշխատակիցներ եւս, նա պատասխանեց. «Տնօրենն է ազատում ու նշանակում աշխտակիցներին, այս պահին տնօրեն չկա, որ ազատումներ լինեն։ Միգուցե, տնօրեն լինի, լինեն նաեւ ազատման դիմումներ»։
Մարտուն Մանուկյանը նշեց, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։
«Դասապրոցեսը նորմալ ընթանում է, ես եմ կազմակերպում աշխատանքը դպրոցում»,– հավելեց նա։
Հիշեցնենք՝ Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ), 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Այս դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ եթե եղել են մարդիկ, որոնք տեղյակ են եղել այս վիճակից, նրանք անհապաղ կազատվեն պաշտոններից։
«Չէր կարող 4 ամիս տեւած իրավիճակը աննկատ լինել, սա նշանակում է՝ ինչ–որ մեկն իր տեղում չի եղել այնպես, ինչպես որ պետք է։ Կոմպրոմիս չի լինելու, հարցեր են առաջանում, եւ եթե պարզվի՝ որեւէ մեկը բավարար չի արել իր գործը, չպիտի թույլ տանք, որ նման մարդը շարունակի աշխատել երեխաների հետ։ Երեխայի հետ ամենօրյա առնչվություն անձը չի կարող չնկատել վարքի փոփոխություն։ Ես ուղիղ տեսնում եմ դպրոցի պատասխանատվությունը»,– ասել էր նա։