
Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել հրադադարի չհամաձայնելու դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է արտահայտվել առաջիկա օրերին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարի։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։
«Մեր մտադրությունն է առաջիկա օրերին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, եթե Մոսկվան հրաժարվի հրադադարի հաստատումից», – ասել է Մակրոնը մայիսի 13-ի երեկոյան TF1 հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ։
Նա շեշտել է, որ գործընկերների հետ համակարգում են այս հարցը։
Reuters-ը հիշեցնում է, որ Մակրոնից առաջ նման մեկնաբանություններ էր արել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ որի՝ եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների զգալի խստացում» կկիրառեն, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարի:
Մերցը որպես պատժամիջոցների հնարավոր թիրախ նշել էր էներգետիկայի ոլորտը և ֆինանսական շուկաները։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ-ն Մոսկվայի դեմ սահմանել է պատժամիջոցների 16 փաթեթ։
Մայիսի 10-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժիչ միջոցներ կկիրառվեն, եթե առաջիկա օրերին 30-օրյա հրադադար հաստատելու կոչերն անտեսվեն։ Դրա փոխարեն Վլադիմիր Պուտինն առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, ինչին կողմ էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բանակցությունները տեղի կունենան մայիսի 15-ին Ստամբուլում։