44-օրյա պատերազմի «անփույթ» պարտությունը. ով է պատասխանատու բարձրաստիճան զինվորականների ծառայողայական և պաշտոնեական «անփութության» համար
2020 թվականի 44-օրյա պատերազմի թեման, առանձին դրվագներ դեռ երկար կմնան քաղաքական, փորձագիտական, ռազմական շրջանակների քննարկումների օրակարգում։
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ ներկայացված չէ, որից հետո 44-օրյային վերաբերող առանձին կամ կոնկրետ դրվագներ ակտիվ քննարկման նյութ են դառնալու, եթե անգամ զեկույցը միայն փակ ձևաչափով ներկայացվի:
168.am-ը պատերազմից հետո փորձել է իր ուսումնասիրությունների և վերլուծությունների համատեքստում ուշադրություն հրավիրել այն փաստերի վրա, որոնք աննկատ են մնացել և մնում, այդ թվում՝ կապված և՛ ՀՀ ԶՈՒ-ում, և՛ ՊԲ-ում կադրային նշանակումների, և՛ առհասարակ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների, և՛ 2020 թվականի պատերազմի առաջին օրը ՊԲ-ի՝ լիարժեք պատրաստ լինել-չլինելու, և՛ նախապատերազմյան իրադարձությունների խրոնոլոգիայի, և՛ ռազմական առանձին դրվագների, և՛ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակայնացման դեպքերի՝ ընդհուպ ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիայի հետ…
Այս դեպքում հարկ ենք համարել նկատել, որ 2020 թվականի պատերազմին առնչվող քրեական գործերով բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են ծառայողական անփութության մեջ, և էական չէ, թե հրապարակային հայտարարություններում երկրի ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը նրանց ինչ մեղադրանքներ է հասցեագրել:
Եվ այսպես.
– ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ, «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ.Խ.-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
«Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։
2025 թվականի հունվարի 3-ին Տ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյան
ՊԲ նախկին հրամանատարն իր դեմ հարուցված քրեական գործի՝ պատերազմական առաջին դրվագով մեղադրվում է «Արեգա» բարձունքը թողնելու և նահանջելու հրաման տալու համար, ընդ որում, «Արեգա» բարձունքի շուրջ գործողությունների ժամանակ Արզումանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն էր:
Իսկ երկրորդ դրվագով Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու, կամ, ինչպես ՀՀ քննչական կոմիտեն էր նշել՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, ԱԺ-ում 2023 թվականի գարնանը, Միքայել Արզումանյանի և նրան մեղսագրվող արարքների համատեքստում, մասնավորապես, հայտարարել էր.
«Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»:
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյան
44-օրյա պատերազմին առնչվող հարուցված քրեական գործի շրջանակում սկզբում ՊԲ նախկին հրամանատարը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջինը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարվածի հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Դեռ 2023 թվականի աշնանը հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, և քրեական գործը դատարան էր մտել միայն «Ցորի» զորամասի՝ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով: Օրերս Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ. Աբելյանի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել, պատժաչափը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ առաջին դրվագի մասով, մասնավորապես, նշվում էր.
«2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը»:
Քրեական գործի երկրորդ դրվագով Ջալալ Հարությունյանի գործողությունը ևս որակվել է՝ անփույթ վերաբերմունք՝ «ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»:
44-օրյա պատերազմի համատեքստում ոչ շարքային զինվորականներին առնչվող՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դրսևորման մեղադրանքի այլ փաստեր ևս կարելի է գտնել։
Քիչ չեն նաև անգործության համար մեղադրանքի փաստերը, որոնց առանձին կանդրադառնանք:
Շարունակենք հոդվածի բուն թեման:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.
«Այս մեղադրանքները, որ առաջադրում են տարբեր զինվորականներին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից 4 տարի անց, իրականում շատ հեղհեղուկ են և տեղավորվում են իշխանության այն նույն քաղաքականության մեջ, երբ պատասխանատվության բեռը տարածում են բոլորի վրա՝ իրենց վրայից պատասխանատվությունը դեն նետելու համար: Այդ նույն տրամաբանության մեջ է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, երբ փորձ արվեց իշխանության կողմից մաքրելու, սրբացնելու, «սպիտակեցնելու» Նիկոլ Փաշինյանին, և Քննիչ հանձնաժողովն իշխանության ձեռքում դարձավ քարոզչական գործիք: Եվ հիմա էլ անհայտ է՝ երբ է պատրաստվում այդ հանձնաժողովն իր զեկույցը ներկայացնել»:
Այս ամբողջ պատմության մեջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը զինվորականների՝ «ծառայության մեջ անփույթ վերաբերմունքի դրսևորման» փաստերը պատերազմի ժամանակ չի իմացել, իսկ գուցե իմացել է, բայց կարևորություն չի՞ տվել, և միայն պատերազմից տարիներ անց է հիշել դրանց մասին՝ մեկի դեպքում՝ 2 տարի, մյուսի դեպքում՝ 4 տարի հետո:
Ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, Տիրան Խաչատրյանը և Միքայել Արզումանյանն այն ժամանակ, երբ պետք է գտնվեին հրամանատարական կետում, մարտական գործողությունների վայր են գնացել, զենքը ձեռքները վերցրել շարքայինի նման: Արդյո՞ք նաև սա է Փաշինյանը համարում պաշտոնեական կամ ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի դրսևորում: Իսկ գուցե նաև դրա պատճառնե՞րն են ինչ-որ մեկի պաշտոնեական անփութության արդյունք:
Իսկ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, պաշտոնեական անփութություն կամ անգործություն չի՞ դրսևորել, երբ իր փոխարեն ռազմական ղեկավարներն են փորձել ինչ-ինչ բանակցություններ վարել, թեև գլխավոր բանակցողն ինքն է եղել, երբ ճիշտ պահի չի փորձել կանգնեցնել պատերազմը, երբ թեև իրեն գերագույն հրամանատար է հռչակել, որն օրենքով ռազմական և քաղաքական որոշումներ կայացնող է, բայց եղել են դեպքեր, երբ իրեն մոդերատորի պես է պահել:
Ի վերջո, ցանկացած կադրային նշանակման համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու՝ սխալ կադրային նշանակման կամ ժամանակին կադրային փոփոխություն չանելու համար, եթե այս կամ այն զինվորականն իրեն «սխալ» է պահել պատերազմի որոշակի հատվածում: Դեռ մի կողմ ենք դնում պատերազմի օրերին պարգևատրումների և կոչումների շնորհման փաստը, և այստեղ բացարձակ հիմնավոր չէ Փաշինյանի արդարացումը, թե դրանց միջնորդությունը ԳՇ պետն է ներկայացրել իրեն:
Ի դեպ, չմոռանանք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը սկզբնական շրջանում նաև հայտնի հակահարվածի օպերացիայի դրվագով էր ծառայողական անփութության մեջ մեղադրվում, իսկ այն հաստատել էր Նիկոլ Փաշինյանը…