Աննա Վարդապետյանն անուղղակի «գնահատել է» Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտի կառավարման ունակությունը

Ապրիլի 3-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բանակում արատավոր երևույթների և ոչ կանոնադրական հարաբերությունների համատեքստում հորդորել է «չհարձակվել» պաշտպանության նախարարի և նախարարության վրա:

«Այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։ Այդ բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից այսպես կտոր-կտոր-կտոր գալիս են, մի տեղ, փազլի կտորները մի տեղ հավաքվում են, և փազլը հավաքվում է։ Գնում ենք, ասում ենք՝ էս անենք բանակում, բանակում անելը արդեն ուշ է, ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարող բան անել, պիտի մանկապարտեզում, դպրոցում անենք, բուհում պետք է անենք»,- հիմնավորել է նա:

«Պաշտպանության նախարարների վրա «հուժկու հարձակվողը» կամ պատասխանատվությունից «պրոֆեսիոնալ թռնողը»» վերտառությամբ հոդվածում 168.am-ը ներկայացրել է բանակում առկա խնդիրների խորքային պատճառները, «ծագումնաբանությունը», իշխանությունների պատասխանատվության չափաբաժինն ու սահմանը, և դրանից նրանց խուսափել-չխուսափելու քաղաքական նպատակահարմարությունը, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարների վրա Փաշինյանի «հարձակումները»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ իր ասած ուսումնական հաստատություններում մթնոլորտի և գրված ու չգրված օրենքների առկայության համար, որպես երկրի ղեկավար, ինքն է պատասխանատու:

Կարդացեք նաև

Ավելին, պատասխանատվություն է կրում նաև երկրում հանցագործության, թմրամոլության, խաղամոլության ցուցանիշների խայտառակ աճի, քրեական ենթամշակույթի ամրապնդման և ամենատարբեր դրսևորումների համար՝ պատկան մարմինների և դրանց՝ իր իսկ ընտրած ղեկավարների հետ միասին:

Եվ այս ամենին ֆոնին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու անգամ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրել, առաջինը՝ այս տարվա փետրվարի 25-ին, երկրորդը՝ ապրիլի 8-ին։ 

Մասնավորապես ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ անցկացրած Վարպետաց դասի շրջանակում Գլխավոր դատախազը խոսել է «Հրամանատարական առաջնորդություն», «կոնֆլիկտների կառավարում» թեմաներից, ներկայացրել «քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծություն:

Արդյո՞ք մի երկրում, որտեղ առաջնորդ-ղեկավարի ծայրահեղ անհրաժեշտություն կա, կամ մի երկրում, որի ղեկավարն ու գերագույն հրամանատարը որդեգրել է զինված ուժերին, հրամանատարությանը կաշկանդված պահելու քաղաքականություն՝ դե ֆակտո զրկելով նրանց ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից, կարող են լինել առաջնորդ հրամանատարներ, ավելի ճիշտ՝ բանակում տեղ ունենալ առաջնորդ հրամանատարները:

Սակայն ռազմական օրենքն ու կանոնադրությունն այլ բան է ասում, ինչպես նաև՝ դեռ նախկինների օրոք զինված ուժերում ներդրված է «Առաջադրանքով հրամանատրում» սկզբունքը, որը պահանջում է՝ առաջադրանքը կատարելու համար բոլոր հրամանատարներն ու պետերը պետք է ցուցաբերեն կարգապահ նախաձեռնողականություն և գործեն ագրեսիվ, անկախ և այլն: Սա՝ առաջին:

Երկրորդ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Վարդապետյանն այնքան էլ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, թե «բանակում անելը արդեն ուշ է, բանակում էլ չենք կարող բան անել»:

Թեպետ մյուս կողմից՝ քրեական ենթամշակույթի դեմ իր «պայքարը» Գլխավոր դատախազը որոշել է սկսել ռազմական ակադեմիայից, այսինքն՝ կրթական հաստատությունից, քանի որ Փաշինյանը գտնում է, որ այս առումով անելու բան կա հենց մանկապարտեզում, դպրոցում, բուհում:

Բնականաբար, ռազմական ակադեմիայից են դուրս գալիս ապագա սպաները, և այսօր կարիք կա նաև քրեական ենթամշակույթի օրենքներից դուրս ապրող և ծառայող սպաների, քանի որ բանակում երբեմն հանդիպում են նաև արատավոր երևույթների կրող սպաներ՝ պայմանագրային, ոչ պայմանագրային, և բանակի որակը կախված է նաև նրանից՝ ինչ սպաներ են դուրս գալիս ակադեմիայից:

Բայց արդյո՞ք Դատախազը չպետք է նման հանդիպումներ անցկացնի նախ զորամասերում՝ հեռավոր, խնդրահարույց:

Ի վերջո, մեծ հարց է՝ ՀՀ գլխավոր դատախազն իր վարպետաց դասերից առաջ ուսումնասիրե՞լ է այսօրվա սպայի հոգեբանությունը, ինչը հաստատ 7-10 տարվա սպայի հոգեբանությունը չէ, այն էլ՝ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, և ոչ միայն: Եվ հետո մարտական հերթապահություն իրականացնող և ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայող սպաների հոգեբանությունը շատ տարբեր է՝ ելնելով ծառայության պայմաններից և լարվածությունից, և տվյալ դեպքում խնդիր ունենք անգամ՝ մարտական հերթապահություն իրականացրած և չիրականացրած սպաների՝ միմյանց հասկանալու:

Իզուր չէ, որ 44-օրյա պատերազմում զոհված ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այն կարծիքին էր, որ ուսումնական զորամասերի հրամանատար պիտի նշանակվեն մարտական հերթապահություն իրականացրած զորամասեր ղեկավարած հրամանատարները:

Ռազմական մի քանի բուհում ուսանած հրամանատար Վահագն Ասատրյանը համոզված էր, որ փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է։

«Եթե ուզում ենք, որ զինվորը ենթարկվի ու հարգի հրամանատարին, այդ հրամանատարը պետք է լինի գրագետ, սպան՝ կարդացած: Դրանով դառնալու ես առաջնորդ, ստեղծելու հարգանք, թիմ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդին»,- ասում էր նա և զինվորին բացատրում՝ բանակում ոչ մի բան ձևական չէ, ամեն ինչ մտածված է, եթե դու հասկանալով ես անում, ավելի շուտ ես ընկալում, այսինքն՝ եթե դու անում ես, որովհետև ասել են, չի ստացվելու:

«Առանց ամաչելու հարցրու՝ հրամանատար, որ ասում ես՝ զեկուցի, ինչի՞ համար եմ դա անում, չի՞ լինի՝ չզեկուցեմ: Ես էլ քեզ կբացատրեմ՝ սա սրա համար է, և դու կհասկանաս»,- զինվորին դիմում էր նա:

Այս համատեքստում հարց է՝ արդյո՞ք ձևական, պարտադրված, կանոնակարգից դուրս բան կար ռազմական ակադեմիայում ՀՀ գլխավոր դատախազին ուղղված՝ «Ողջույն, տիկին դատախազ»-ի մեջ:

Իսկ Աննա Վարդապետյանը, որ իր Վարպետաց դասի շրջանակում գրեթե հիմնական շեշտը դրել է քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծի վերլուծության և միջանձնային հարաբերությունների վրա, հրամանատարական առաջնորդության համատեքստում անտեսել է զորքի բարոյահոգեբանական մակարդակի խնդիրը, ինչը հաստատ պայմանավորված չէ քրեական ենթամշակույթից բխող երևույթներով, այլ առաջնագծում տիրող:

Այսինքն, զորքի բարոյահոգեբանական վիճակը մեծապես տուժել է 44-օրյա պատերազմի արդյունքում, դրանից հետո իշխանությունների որդեգրած քաղաքականության, զինվորականության և բանակի հասցեին հնչող մեղադրանքների ու հայտարարությունների, որ բանակն առաջնային անվտանգային գործոն չէ, այլ ութերորդական, որ հերոսը հարկ վճարողն է, և սպան հենց նրան պիտի պարտական լինի, որ հագին նոր համազգեստ կա, և այլն:

Ուստի բանակն այսօր մարտունակության վերականգնման, կաշկանդված վիճակից դուրս գալու, իր հանդեպ վստահության վերականգնման խնդիր ունի, այլապես հրամանատարական առաջնորդության մասին դասախոսություններն արդյունավետ չեն կարող լինել՝ հաշվի առնելով նաև այն, ինչի մասին նշեցինք՝ կապված սպայի հոգեբանության ընկալման հետ:

Լավ կլիներ նաև, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չանտեսեր այն դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանը խախտել է 44-օրյա պատերազմին առնչվող կամ ռազմական այլ քրեական գործերով անցնող հրամանատարների և ռազմական ղեկավարության անմեղության կանխավարկածը, իսկ նման դեպքեր եղել են, և դրանք ևս իրենց ազդեցությունն են ունենում սպաների բարոյահոգեբանության և հրամանատարական կարողությունների ձևավորման վրա:

Ի դեպ, բանակում զինվոր-սպա միջանձնային հարաբերություններից, տեղի քրեական ենթամշակույթի օրենքներից բխող կոնֆլիկտների կառավարմանը և կարգավորմանն առնչվող իր անդրադարձում Աննա Վարդապետյանը, ամեն դեպքում, շատ կարևոր բացատրություն է տվել կոնֆլիկտների կառավարմանը:

«Ո՞նց եք դուք կոնֆլիկտները կառավարում: Դուք առաջին հերթին կոնֆլիկտի էությունը պիտի հասկանաք, կողմերին պիտի ճանաչեք: Մենք պիտի եղած կոնֆլիկտը համադրենք մեր գիտելիքի հետ: Մենք ի՞նչ գիտենք՝ որպես հրամանատար, ես ի՞նչ գիտեմ՝ որպես դատախազ, որ կարողանամ ինձ ծանոթ գործիքների միջոցով նախ այս կոնֆլիկտը կառավարեմ, որ այն դուրս չգա թույլատրելի ափերից: Կոնֆլիկտները միշտ են և ամենուր»,- նշել է նա՝ հավելելով, որ կոնֆլիկտի կառավարման համար, դրա էությունը հասկանալուց, կողմերին ճանաչելուց և համապատասխան դաշտային աշխատանք կատարելուց զատ, շատ կարևոր է հասկանալ «կոնֆլիկտի կողմերի շարժառիթները», և, որ կոնֆլիկտի կառավարումը ցանկացած հրամանատարական առաջնորդության ողնաշարն է:

«Քրեական ենթամշակույթը խփում է մեր թուլությանը՝ մենք կառավարելի ենք, երբ կարողանում են մեզ ներքաշել կոնֆլիկտի մեջ: Ոնց ենք մենք հասկանում, որ մեզ կառավարում են կոնֆլիկտի միջոցով: Քրեական ենթամշակույթը մեզ խաբում է, «տալիս է քաղցրավենիք»՝ համոզելով, որ այն միշտ է տալու: Բայց այդ քաղցրավենիքն ինքը միշտ չի տալու: Ինչ է անելու, այն ենթամշակույթը, որ սկսել է տարածվել մեր մարմնի մեջ, մեր մեջ ձևավորելու է վախի, անվստահության, ստի մթնոլորտ, և դրանից բխող բոլոր հետևանքներով: Մինչդեռ, երբ մենք բոլորով գնում ենք խնդիր կատարելու, չենք կարող իրար մեջ ունենալ անվստահություն: Քրեական ենթամշակույթը տրորում է արժանապատվությունը, ինչն անհամադրելի է մեր ուսադիրների հետ: Կոնֆլիկտը ձևավորվում է այնտեղ, որտեղ կա «կենդանական վախ», եթե այն հանում ես, գործում ես բանական արարածների հետ, ինչն էլ իր հերթին պահանջում է, որ այդ բանական արարածներից մի քիչ ավելի իմանաս»,- մանրամասնել է Աննա Վարդապետյանը:

Կարո՞ղ ենք ասել, որ այսօր պետությունների միջև հարաբերություններն ինչ-որ չափով այս չգրված օրենքների տրամաբանության մեջ են, որ Հայաստանի հետ Ադրբեջանը և Թուրքիան հենց այսպես են վարվում՝ վախի մեջ պահելով ՀՀ իշխանություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխան քայլերը բխում են «կենդանական վախից», և նա ձախողել է կոնֆլիկտների կառավարման և խաղաղության հաստատման գործում, ունակ չէ կառավարել կոնֆլիկտը, քանի որ շարունակում է խաբված մնալ, թե Ադրբեջանը ցանկացած զիջման դիմաց «քաղցրավենիք» է տալու: Եթե անգամ իրականում ճիշտ հակառակն է մտածում Փաշինյանը, ապա երևացող քայլերի տրամաբանությունը բխում է հենց այս տրամաբանությունից:

Մինչդեռ Ադրբեջանը բաց տեքստով ասում է՝ ՀՀ-ի հետ բարեկամ դառնալն իրատեսական չէ:

Դեռ չենք անդրադառնում ՀՀ զինված ուժեր-Նիկոլ Փաշինյան վստահության խնդրին, ինչը պատերազմական տարբեր իրավիճակներում խաթարվել է կողմերից մեկի պատճառով: Այսինքն, ինչ-որ պահի բանակն է դադարել վստահել Փաշինյանին, ինչ-որ պահի՝ Փաշինյանը, այլ հարց է՝ ո՞ւմ պատճառաբանությունն է եղել հիմնավոր:

Տեսանյութեր

Լրահոս