«ՌԴ միջնորդության պարագայում հայ-ադրբեջանական բանակցություններն այլ ելք կունենային». Հայկ Խալաթյան

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ ինչպես այլ երկրներում, որտեղ փորձում են սրբագրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԽՍՀՄ գործոնը, այնպես էլ Հայաստանում է նույնը տեղի ունենում, ուղղակի Հայաստանում ավելանում է նաև Թուրքիային վերաբերյալ սրբագրումներ անելու գործոնը, երբ փորձում են ներկայացնել, թե Թուրքիան Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում, դրանք ռուսական հեքիաթներ են, և այլն:

«Այդ մարդկանց համար կարևորը, իրենց պատկերացմամբ, Ռուսաստանին վարկաբեկելն է, ՌԴ հետ կապերը խզելը, հայ հասարակության մոտեցումները ՌԴ հանդեպ փոխելն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ Թուրքայի հետ երկխոսելը մի բան է, թուրքական սատելիտ դառնալը՝ այլ:

«Նույն Նիկոլ Փաշինյանը, որ 2020-ին նշում էր՝ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը, Էրդողանին հանդիպելիս ժպտում է, Թուրքիան և Ադրբեջանն ինչ ասում են՝ կատարում է: Հայաստանի սուվերենությունը միայն ՌԴ հետ հարաբերություններո՞ւմ է արտահայտվում: Բա Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում այդ սուվերենությունն ո՞ւր է: Թե՞ ստացվում է, որ եթե սուվերենությունդ զիջում ես Թուրքիային և Ադրբեջանին լավ է, իսկ երբ համագործակցում ես ՌԴ հետ, դա արդեն սուվերենության զիջո՞ւմ է»,-ընդգծեց նա:

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, այլ հակառակը՝ օգտագործելու է նրանց «խաղաղություն՝ ցանկացած գնով» մոտեցումը՝ Սահմանադրության փոփոխության խոստման և ԵԱՀԿ ՄԽ լուծարման պարագայում նոր պահանջներ են ավելանալու.

Կարդացեք նաև

«Ես վստահեցնում եմ՝ Սահմանադրության փոփոխությունից հետո նոր պայմաններ են առաջ գալու՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ, բանակի սահմանափակումներ, դրա մասին արդեն խոսում են, իսկ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ինչի մասին խոսում է, որոշ ժամանակ հետո դա դառնում է նախապայման»:

Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ ՌԴ միջնորդության պարագայում հայ-ադրբեջանական բանակցություններն այլ ելք կունենային.

«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի որոշակի լծակներ ունենա և հավասարակշռությունը պահի տարածաշրջանում՝ խուսափելու համար ներկայիս ռուս-ադրբեջանական խնդիրներից: Դրա համար տեսանք, որ Ադրբեջանը ցավոք, շատ հմուտ դիվանագիտական խաղ խաղաց՝ սկզբում՝ բանակցային գործընթացը ռուսական կողմից տարավ դեպի Արևմուտք, և այն մարդիկ, որ հիմա ասում են, թե ինչ էֆեկտիվ է երկկողմանի ձևաչափը, ժամանակին մեզ վստահեցնում էին, որ շատ լավն է Արևմուտքի միջնորդությունը: Ադրբեջանը բերեց իր համար ամենացանկալի՝ երկկողմ ձևաչափին, երբ նույնիսկ ֆորմալ ինքը պարտավոր չէ որևէ ուժային կենտրոնի պատասխան տալ ՀՀ հանդեպ իր գործողությունների համար: Մենք տեսանք, որ նա Արմուտքի միջոցով ստացավ կոնկրետ զիջում, փաստացի, Արցախի հանձնում հայկական կողմից, որից հետո հրաժարվեց արևմտյան ձևաչափից: Դրա համար իմ կարծիքով՝ ներկա ֆոնին ես վստահ եմ, որ ռուսական միջնորդությունն ամենաձեռնտուն է: Ռուսաստանը չէր ուզենա, որ այսքան առավելություն ստանա Ադրբեջանը: Ռուսական կողմի ռազմական ներկայությունը դուրս է մղվում Հայաստանից նաև Ադրբեջանի պահանջով: Ես վստահ եմ, որ եթե նույնիսկ հասնենք խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմաններից մեկը ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է լինելու: Այս ֆոնին, ռուսական կողմը կուզենար, որպեսզի տարածաշրջանում լինի ուժեղ Հայաստան, որը որոշ չափով կզսպի Ադրբեջանին՝ իր քաղաքականության մեջ, իսկ Արևմուտքի համար կարևորը տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելն է, հետաքրքիր չէ՝ դա ինչ գնով է լինելու, կլինի՞ Հայաստան, թե՞ ոչ: Մենք տեսանք, որ փաստացի նրանք Արցախը զոհաբերեցին, Փաշինյանը պլինտուսից ցածր իջեցրեց Արցախի նշաձողը, ո՞ւր է այդ միջազգային հանրությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս