Մռայլ կանխատեսումներ Հայաստանի համար՝ ՔՊ-ական իշխանության միջազգային աջակիցների կողմից 

Մասնագիտացված միջազգային ֆինանսական կառույցների գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ մտահոգիչ են. Հերթով նվազեցնում են տնտեսական աճի այս տարվա սպասումները։

Անգամ այն կառույցները, որոնք սերտորեն համագործակցում են «հեղափոխականների» իշխանության հետ ու ատամներով պաշտպանում, չեն կարողանում թաքցնել, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում լավատեսական չէ։ Ընդգծում են, որ տնտեսական իրավիճակի վատացումն աստիճանաբար տեղափոխվում է սոցիալական հատված։ Իշխանությունների կողմից ջանասիրաբար իրականացվող հարկային քաղաքականությունը, որն արտահայտվում է տնտեսության և քաղաքացիների վրա հարկային բեռի համատարած բարձրացումով, հարկային ճնշման ուժեղացումով՝ նպաստավոր միջավայր է ստեղծել գնաճի ակտիվացման ու սոցիալական լարվածության խորացման համար։

Նախկինում մատուցվող թվացյալ տնտեսական զարգացումներից ու անհավանական բարձր աճերից այսօր գրեթե ոչինչ չի մնացել։ Տարին Հայաստանում մեկնարկել է մի շարք առանցքային ուղղություններով արձանագրվող խոր անկումով։ Ավելի քան կիսով չափ կրճատվել է արտաքին առևտուրը։ Արդյունաբերության արտադրանքի ծավալներն են մեծապես նվազել։ Արդյունաբերության անկումը տարեսկզբի առաջին եռամսյակում հասնում է գրեթե 19 տոկոսի։ Մշակող արդյունաբերությունը, որ ոլորտի ամենամեծ հատվածն է, նվազել է ավելի քան 25 տոկոսով։

Տնտեսության վրա ճնշումը մեծացել է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին միջավայրից։ Բյուջեն լցնելու ակնկալիքով՝ տնտեսությանը դրել են հարկային ուժեղ ճնշման տակ, ինչը սպառնալիք է դարձել տնտեսական ակտիվության համար։ Բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, հայտնվել են գործունեությունը դադարեցնելու վտանգի տակ։

Կարդացեք նաև

Այս ամենը հիմք են դարձել միջազգային կազմակերպությունների համար՝ եզրակացնելու, որ Հայաստանում տնտեսական աճը 2025թ. ավելի փոքր կլինի, քան ոչ վաղ անցյալում արված գնահատականներն էին։

Տնտեսական աճի իր սպասումները նվազեցրել է Արժույթի Միջազգային Հիմնադրամը։

Անցած տարվա վերջին ԱՄՀ-ն այս տարվա համար Հայաստանում կանխատեսում էր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Այժմ կանխատեսումը 4,5 տոկոս է։

Ավելի վաղ արված կանխատեսմամբ՝ ակնկալվում էր 5,2 տոկոս տնտեսական աճ։

Տնտեսական ակտիվության նվազումը, Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատումներով, կուղեկցվի գնաճի ակտիվացմամբ ու մի շարք այլ ուղղություններից թելադրված սոցիալական լարվածության խորացմամբ։

Մասնավորապես՝ ակնկալվում է գործազրկության ավելացում։ Գործազրկության մակարդակը, ԱՄՀ կանխատեսումներով, կաճի 0,5 տոկոսային կետով։ Նույնքանով կավելանա նաև հաջորդ տարվա ընթացքում։

Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանից կապիտալի, բիզնեսի ու մարդկային ռեսուրսների բավական մեծ հոսք տեղի ունեցավ Հայաստան, նպաստավոր միջավայր ստեղծվեց ծառայությունների, հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողների պահանջարկի ավելացման համար։ Դրա արդյունքում մի պահ գործազրկության մակարդակի նվազում արձանագրվեց, բայց կարճ ժամանակ անց անիվը վերստին սկսեց հետ պտտվել։

Դատելով միջազգային կառույցների կանխատեսումներից՝ առաջիկայում ևս կշարունակի հետ պտտվել։ Այս տարի ԱՄՀ-ն Հայաստանում սպասում է՝ 13,5 տոկոս, հաջորդ տարի՝ 14 տոկոս գործազրկություն։

Հիշեցնենք, որ կառավարությունն իր գործունեության ծրագրով խոստացել էր մինչև 2026թ. գործազրկության մակարդակն իջեցնել 10 տոկոսից ցածր։

Դժվար չէ պատկերացնել, թե բազմաթիվ այլ խոստումների նման, այս մեկի հետ ևս ինչ տեղի կունենա։

Նախորդ տարի պաշտոնապես արձանագրված ցածր գնաճից հետո, այս տարի ԱՄՀ-ն Հայաստանում նաև գնաճի լուրջ ակտիվացում է սպասում։ Թեև առանց կանխատեսման էլ դա արդեն նկատվում է։ Մարտին՝ 12-ամսյա գնաճը Հայաստանում հասել է 3,3 տոկոսի։ Այն պարագայում, երբ անցած տարի տարեկան գնաճը կազմեց ընդամենը 0,3 տոկոս։

Այս տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է գնաճի 3,2 տոկոս մակարդակ։

Գնաճի ակտիվացում է կանխատեսում նաև Ասիական Զարգացման Բանկը։ Ակնկալվում է գնաճի միջին ամսական 3 տոկոս մակարդակ։ Բանկի նախորդ կանխատեսումն ավելի ցածր էր՝ միջին ամսական 2,5 տոկոս։

Գնաճի ակտիվացմանը զուգահեռ՝ Ասիական Զարգացման Բանկը ևս սպասում է տնտեսության պասիվացում։ Նախկին 6-ի փոխարեն՝ ԱԶԲ-ն տնտեսական աճի հավանականությունը գնահատել է 5 տոկոս, հաջորդ տարի՝ 4,7 տոկոս։

Տնտեսական աճի նվազումը բանկը կապում է՝ ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական հատվածի ներդրումների կրճատման հետ։ Հայաստանի տնտեսությունը, որը վերջին տարիներին բոլորովին էլ չի փայլում ներդրումների ներգրավման ակտիվությամբ, կանգնած է դրանք գրեթե կորցնելու վտանգի տակ։ Խոսքը հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Անցած տարի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը նվազեց գրեթե 442 մլն դոլարով։

Ներդրումների նվազումը թուլացնում է տնտեսության իրական հատվածի կայուն աճի հեռանկարը։ Պատահական չէ, որ հիմնական հույսը մնացել է ծառայությունների վրա, որի հետ ԱԶԲ-ն կապում է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի ակնկալիքը։ Փոխարենը՝ սպասում է, որ իրական հատվածի, մասնավորապես՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մասնակցությունը տնտեսական աճին ավելի քիչ կլինի։

Օրերս Հայաստանի տնտեսական աճի իր գնահատականները վերանայեց նաև Համաշխարհային բանկը։ Նախկինում ներկայացված կանխատեսումներով՝ ՀԲ-ն Հայաստանում 5 տոկոս աճի սպասելիքներ ունի։ Այժմ արդեն տնտեսական աճի հավանականությունը գնահատում է 4 տոկոս՝ 1 տոկոսային կետով ավելի ցածր, քան նախկինում։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս