
Չի՛ կարելի, հարգելի ժողովուրդ․ մկանը սատկացնում, եռացնում են ձեթի մեջ, կաթեցնում են ականջը․ ԼՕՌ
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մինչև 2050 թվականը շուրջ 2,5 միլիարդ մարդ կունենա լսողության հետ կապված խնդիր, իսկ 700 միլիոնի մոտ կարձանագրվի լսողության կորուստ։ Որո՞նք են լսողության կորստի պատճառները, բուժման ի՞նչ եղանակներ կան։ Այս մասին զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանի հետ։
-Բժի՛շկ, որո՞նք են լսողության կորստի պատճառները։
-Լսողության կորստի մի շարք պատճառներ կան։ Հիմնականում երբ լսողությունը անվերադարձ կորցնում ենք, դա լսողական նյարդի բորբոքումից է առաջանում։ Իհարկե, լինում են նաև ուղեղային կենտրոնների վնասման պատճառով առաջացող լսողության կորուստներ։ Լսողության կորուստներ ունենում ենք բորբոքային տարբեր հիվանդությունների ժամանակ, և այս դեպքում վերականգնել հնարավոր է։ Արտաքին տրավմաների՝ թմբկաթաղանթի թափածակման պատճառով կարող է առաջանալ որոշակի լսողության կորուստ, որը թմբկաթաղանթի վերականգնումով՝ վիրահատական կամ կոնսերվատիվ, լսողությունը կարող է վերականգնել։ Բորբոքային հիվանդությունների ժամանակ միջին ականջում կարող է հավաքվել հեղուկ, որը էլի բերում է լսողության վատացման կամ գրեթե կորստի։
Ականջը բաղկացած էերեք մասից․արտաքին, միջին և ներքին ականջ։ Արտաքին և միջին ականջի խնդիրների դեպքում լսողությունը վերականգնելու հնարավորությունն ավելի շատ է, քան ներքին ականջում, որտեղ գտնվում են լսողական նյարդի առաջին նյարդաբջիջներն ու թելերը, որոնք արդեն ձայնն ընկալում և տանում են դեպի ուղեղ՝ դիֆերենցելու, հասկանալու և կողմնորոշելու համար։ Այլ կերպ ասած՝ ցանկացած բորբոքում,վիրուսային ինֆեկցիա, տոքսիկ, տրավմատիկ ազդեցություն կարող է բերել անվերադառնալի կորուստների։
Լսողության վնասումների՝ օտիտների դեպքում խորհուրդ կտամ շտապ դիմել ԼՕՌ բժշկի, որովհետև եթե վնասվում է նյարդը, մեկ շաբաթն արդեն ուշ է։ Այսինքն, պետք է առաջին շաբաթվա մեջ լուրջ հակաբորբոքային, ներվը վերականգնող բուժումներ կատարել, որ չունենանք լսողության կորուստ։
-Գրիպը, կարմրուկը կարո՞ղ են լսողության կորստի հանգեցնել։
-Այո։ Գրիպը, կարմրուկը, քութեշը, բոլոր վիրուսային ինֆեկցիաները կարող են բերել լսողական նյարդի վնասման՝ առաջացնելով լսողության իջեցում կամ կորուստ։
-Սկզբում խնդիրն առաջանում է մեկ ականջո՞ւմ, թե՞ երկուսում միաժամանակ։
-Նայած, թե ինչ խնդիր է։ Կարող է առաջանալ մեկ ականջում, երկուսում զուգահեռ՝ կախված պատճառից։
– Կա՞ն վարժություններ, որ կարող են կատարել՝ հասկանալու՝ ունե՞ն լսողության խնդիր, թե՞ ոչ։
– Չէ, բայց լսողությունը վնասած մարդը կարող է զգալ, որ դիմացինին վատ է լսում։ Երբ դիմում են բժշկի, ստուգում են հիվանդի շշուկով խոսքի հեռավորությունը և խոսակցական խոսքի հեռավորությունը։ Շշուկով խոսքը հիվանդը պետք է լսի մոտ 6 մետրից, իսկ խոսակցականխոսքը՝ավելի հեռվից։ Սրանից հետո կատարվում են մի շարք այլ փորձեր։
– Երեխայի դեպքում ինչպե՞ս ծնողը հասկանա, որ լավ չի լսում։
– Ծնողը եթե ուշադիր է, նկատում է, որ երբ երեխայի ականջը ցավում է՝ ձեռքը տանում է ականջին, անընդհատ լացում է։ Հնարավոր է՝ ականջը բորբոքվել է։ Հիմա Հայաստանում կատարում ենք նորածինների սքրինինգ, որի արդյունքում իմանում ենք՝ երեխան ծնվելուց հետո լսողական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, նյարդը վնասվե՞լ է ներարգանդային կյանքում։ Հետագայում երեխաներին վիրահատում են,լսողական չիպ են դնում և սկսում են լսել։ Ինչի՞ համար է պետք վաղ մանկական շրջանում այդ լսողական չիպերի տեղադրումը քունքոսկրի մեջ․նրա համար, որ երեխայի մոտ ձևավորվի խոսքը։ Եթե նորածին երեխան առաջին երեք տարվա մեջ չի լսում, իր մոտ խոսքն էլ չի ձևավորվում։
-Կա տարածված կարծիք, որ կեսարյան հատման դեպքում հնարավոր է՝ լսողության հետ կապված խնդիրներ ի հայտ գան երեխայի մոտ․մի՞ֆ է, թե՞ իրականություն։
-Միֆ է։ Նման բան չեմ հանդիպել ոչ գրականության մեջ, ոչ պրակտիկայում, ոչ էլ լսել եմ գինեկոլոգներից։
-Ո՞ր ախտանշաններն են հուշում լսողության հնարավոր կորստի մասին։
-Լսողության վնասումից հետո մարդիկ կան՝ գլխում գետի խշշոցի ձայն են լսում, մարդիկ կան՝ ձայնը համեմատում են հեռուստացույցի միատոն տզզոցի հետ։ Ականջներում աղմուկի մասին նշում են այն ժամանակ, երբ կա կամ լսողության, կամ ուղեղի արյան շրջանառության խանգարում։ Այսինքն, եթե ականջներում աղմուկ կա, դա չի նշանակում, որ լսողության խանգարման հետևանք է։ Դրա համար առաջին հերթին ստուգում ենք լսողական նյարդը, կատարում աուդիոմետրիա։ Եթե խնդիր չկա՝ հիվանդին առաջարկում ենք դիմել նյարդաբանի, կատարել գլխուղեղի անոթների դոպլեր, պարանոցի անոթների դուպլեքս, ՄՌՏ։
-Մեր օրերում երիտասարդներն առանց ականջակալի չեն կարողանում․ այն վնասո՞ւմ է լսողությանը։
-Իհարկե։ Ականջակալները պետք է հազվադեպ օգտագործել։ Ականջակալը վնասակար է լսողական նյարդի համար, որովհետև ականջի մեջ դնելով՝ ձայնային հարվածն ուղիղ լսողական թմբկաթաղանթին, ոսկրիկներին է լինում և վնասում է լսողությունը։ Եվ հետո, ականջակալները շեղում են ուշադրությունը։ Վերջերս երիտասարդ տղա էր եկել, ով քայլելիս խփել էր մեքենային․փողոցն անցնելիս եղել էր ականջակալներով, չէր լսել մեքենայի ձայնը, ինչպես նաև չէր նկատել ու հարվածել էր։ Փառք Աստծո, վնասվածքները մեծ չէին․քթի կոտրվածք, ճակատի մաշկի վնասում, պատռվածք էր ստացել։
Էսթետիկ առումով էլ է սխալ ականջակալ կրելը։ Փողոցով քայլում ես, թվում է՝ մեկը ձայն է տալիս։ Բայց չէ, խոսելով գնում է։ Նախկինում գիտեինք, թե փողոցում ո՞ր հիվանդությունն ունեցող մարդիկ են խոսելով գնում, բայց հիմա բոլորը փողոցում գլուխները շարժելով, խոսելով գնում են։ Շատ տհաճ է։ Եվ, կարևորը, ականջակալի դեպքում պետք է կիրառել 60/60 կանոնը։ Այսինքն, ականջակալներում պետք է ձայնը բարձր չլինի 60 դեցիբելից։ Ինչպես նաև 60 րոպեից ավելի չի կարելի ականջակալ դնել։
-Ականջի փայտիկներն արդյո՞ք վնասակար են։
-Ծծումբը, որն առաջանում է ականջում և ծծմբային խցանի հիմք հանդիսանում, դրսից ներմուծված կեղտ չէ։ Ծծումբ արտադրում է արտաքին լսողական անցուղու մաշկը։ Երբ մենք սկսում ենք փայտիկներով իբր թե մաքրել, մաշկը գրգռվում է և ծծումբ ավելի շատ է արտադրվում, ու դա փայտիկով սեղմում ենք ներս։ Եվ գալիս է մի պահ, որ ծծումբը լրիվ հետ ենք տանում և թմբկաթաղանթի վրա առաջացնում ենք ծծմբային խցան, ու լսողությունը վատանում է։ Այս դեպքում դիմում են բժշկի, ականջը լվանում ենք, մաքրում ենք ծծմբային խցանը, ու լսողությունը վերականգնվում է։ Խորհուրդ եմ տալիս՝ ականջը մաքրելու համար երբեք չօգտագործել այդ փայտիկները։ Նախկինում երբ չկային դրանք՝ տատիկները սրբիչով, մատով ինչքան հնարավոր է՝ մաքրում էին ու վերջ։ Հիմա ամեն լվացվելուց, լողանալուց հետո փայտիկով ականջ են մաքրում։ Չի՛ կարելի, հարգելի ժողովուրդ։ Ո՞վ է ասել, որ պետք է մտնել ամբողջ լսողական անցուղու մեջ ու մաքրել։
-Կարո՞ղ են տարին մեկ գալ և ազատվել ծծումբից։
-Չէ, ծծմբից պետք է ազատվել այն ժամանակ, երբ որ կա։ 5տարին մեկ էլ գա, գուցեծծումբ չլինի ականջում։ Մեկ-մեկ ասում են՝ բժիշկ ջան, եկել ենք լվանանք, բայց լվալու բան չկա։
-Սխտորի հյութը, ձիթապտղի յուղը լսողությունը վերականգնո՞ւմ են։
-Ես ավելի վատ բաներ գիտեմ․վերցնում են նորածին մուկ, սատկացնում, եռացնում ձեթի մեջ, մզում և մզվածքը կաթեցնում են ականջը։ Ես գիտեմ դասական բժշկագիտությունը, որը սովորեցնում է՝ ինչպես բուժել մարդուն, ոչ թե վնասել։
-Հիմնականում լսողությունը վիրահատության միջոցո՞վ են վերականգնում, թե՞ դեղորայքով հնարավոր է։
-Արտաքին և միջին ականջի դեպքում կա և՛ դեղորայքային բուժում, և՛ վիրահատական։ Նայած, թե ինչ պատճառով է առաջացել լսողության վնասում։ Ներքին ականջի լսողական նյարդի վնասման դեպքում բուժումը միայն դեղորայքային է։ Հնարավոր է՝ չլավանա, եթե ուշացրել ենք բուժումը։ Նյարդերի վնասման դեպքում բուժումն ինչքան ուշացնենք, այնքան մեծացնում ենք չլավանալու հավանականությունը։
Հետևաբար, ի՞նչ անել՝ լսողության հետ կապված խնդիր չունենալու համար։
– Առաջինը՝ հետևել 60/60 կանոնին․լսել 60 րոպե և 60 դեցիբելից ոչ բարձր։ Ցանկալի է մեծ ականջակալներ օգտագործել, որոնք փակում են ականջախեցին, ոչ թե փոքր ականջակալներ, որոնք դնում են լսողական անցուղու մեջ։ Չպետք է օգտագործել օրթոտոքսիկ դեղորայք, թունաքիմիկատներ, ուշադիր լինել ճնշման բարձրացումներին, որովհետև շատ հաճախ վնաս են հասցնում լսողական նյարդին։ Պետք է հետևել նաև խոլեստերինին։ Այսօր նույնիսկ բարերում, ռեստորաններում բարձր երաժշտությունը սպասարկող անձինք՝ DJ, երաժիշտ, երգիչ, ամենաշատն են տուժում։ Բարձր ձայնի պատճառով մեծ մասն ունենում է լսողական խնդիրներ։Հետևաբար՝ համեգների, հարսանիքների ժամանակ դիմացի շարքում նստել պետք չէ։ Ինչքան երաժիշտներից հեռու՝ այնքան ապահով լսողական նյարդի համար։