ԵԿՄ-ականի ապտակը գեներալներին․ մի քանի հրաժարական, որոնք կարող են փրկել Հայաստանը

«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- այսօր նման գրառմամբ Արայիկ Ղարիբյանը դադարեցրել է իր անդամակցությունը ԵԿՄ-ին։

Արայիկ Ղարիբյանը լայն հանրությանը ծանոթ չէ, ամենայն հավանականությամբ, արցախյան պատերազմներին մասնակցած ազատամարտիկ է, ով մինչև այսօր մնացել էր ԵԿՄ-ում՝ որպես իրապես երկիր պահող կազմակերպություն։

Վերջին օրերին տեղի ունեցածը, ԵԿՄ-ականների ղեկավար կազմի լկտի պահվածքը Ղարիբյանին ստիպել են հրաժարական ներկայացնել այդ կառույցից։

Մեծ հավանականությամբ, առաջիկա ժամերին իշխանական քարզչությունը կպիտակավորի նրան, կապեր «կգտնի» «նախկինների», «հինգերորդ շարասյան» հետ, բայց դա արդեն անգամ ծիծաղելի չէ։ Այս մարդու քայլը իրականում հերոսություն չէ, ինչպես կարող են ներկայացնել որոշները քաղաքական նպատակներով։ Այս մարդու քայլը նաև դավաճանություն չէ, ինչպես կներկայացնեն հակառակ կողմից։

Կարդացեք նաև

Ղարիբյանի քայլն ընդամենը պարզ, մարդկային, քաղաքացիական ընդվզում է՝ նաև իր հետ ասոցացվող կազմակերպության կողմից ակնհայտ ապօրինի, հակապետական, հակաքրիստոնեական գործունեության դեմ։ Բայց Ա․ Ղարիբյանի փոքր թվացող քայլը պետք է մեծագույն ազդանշան դառնա բանակում, իրավապահ կառույցներում ծառայող ու աշխատող հազարավորների համար, որոնք այսօր աչք ունենալով՝ ոչինչ չեն տեսնում, ու ականջ ունենալով՝ ոչինչ չեն լսում։ Մեր համազգային ամոթն ու խայտառակությունը ոչ միայն ու ոչ այնքան  իշխանության կողմից ակնհայտ հակապետական որոշումների կայացումն է, այլ այն, որ դրանց հնազանդորեն ենթարկվում են այն կառույցների հազարավոր ներկայացուցիչները, որոնց սահմանադրական պարտավորությունն ու երդման տեքստում գրված հրամայականը երկրի անվտանգությունը պահպանելն է։

Ընդ որում, այս՝ բավական նուրբ հարցը շատերի կողմից՝ չգիտակցված, ոմանց կողմից՝ հաշվենկատորեն շահարկվում է «ինչպե՞ս կարող է բանակը չենթարկվել որոշումներին, մենք պետությո՞ւն ենք, թե՞ համքարություն» հարցադրումներով։ Սա չափազանց ֆորմալիստական կամ լեգալիստական մոտեցում է, որը ծառայում է բոլոր ժամանակների իշխանությանը։

Զինված ուժերը, իրավապահ բոլոր կառույցները պետական ինստիտուտներ են, որոնց գործունեությունը կանոնակարգվում է Սահմանադրությամբ, բազմաթիվ օրենքներով։ Բոլոր այդ փաստաղթերում ամենատարբեր ձևակերպումներով արձանագրված է պետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելու նրանց պոզիտիվ պարտականությունը։ Իսկ դա նշանակում է, որ եթե որևէ իշխանություն կայացնում է որոշումներ, որոնք դուրս են բանակի, իրավապահ կառույցների սահմանադրական և իրավական այդ պարտականություններից, ապա նրանք ոչ միայն կարող են, այլև պարտավոր են չենթարկվել այդ որոշումներին ու դրանցից բխող հրահանգներին։

Առողջ հասարակություն լինելու դեպքում անցած երկու օրերին մենք պետք է լսեինք տասնյակ, հարյուրավոր հրաժարականների մասին։ Հենց դրանց բացակայությունն է մեր՝ որպես հասարակության ու պետության, ախտորոշման վկայությունը։ Արայիկ Ղարիբյանի հրաժարականը, հետևաբար, բացառության փոխարեն՝ պետք է օրինաչափություն լիներ, փոխարենը՝ այն իսկական ապտակ է տասնյակներով հաշվվող գեներալներին ու մյուս ուսադիրավորներին։

Հայաստանին այս պայթյունավտանգ իրավիճակից կարող են փրկել պայմանականորեն մի քանի հրաժարականների դիմումներ, որոնք անխուսափելի կդարձնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում զինված ուժերը, բոլոր իրավապահ կառույցներն իրենց լռությամբ կոլեկտիվ կերպով անստորագիր կհրաժարվեն հայրենիքին ծառայելու պարտականությունից՝ վերջնականապես հաստատելով իրենց մեղսակցությունը պետության դեմ իրականացվող հանցագործությանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս