Բաժիններ՝

Աղքատությունն աճում է, արդյունաբերությունը՝ կրճատվում․ տնտեսագետը նշում է պատճառները

Հայաստանի արդյունաբերությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով քիչ արտադրանք է տվել․ այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին զեկույցից։ Ի դեպ, կրճատումները տարբեր ուղղություններով են՝ հանքարդյունաբերություն, խմիչքներ, հագուստ: Զգալիորեն կրճատվել է նաև արտաքին առևտուրը․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտահանումը կրճատվել է մոտ 2,5 անգամ կամ 61,8 տոկոսով, ներմուծումը՝ գրեթե կրկնակի` 47,9 տոկոսով:

 «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը 168am-ի հետ զրույցում նշեց այս կրճատումների հիմնական պատճառները։

«Ընդհանուր արդյունաբերության կրճատման վրա հիմնական ազդեցությունը թողել է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ տարեսկզբին ակցիաների հետևանքով արտադրանքի թողարկման կրճատումը․ նախորդ երկու ամսվա տվյալների ցուցանիշներով՝ մոտավորապես 20 տոկոսով անկում էր ապրել։ Այնուհետև գալիս են արդյունաբերություն մյուս ճյուղերը՝ մասնավորապես, հագուստի արտադրություն, խմիչքներ և այլն, ինչն էլ Հայաստանի արտահանման ծավալների կրճատումով է պայմանավորված։

Իսկ արտաքին առևտրի կրճատումը տրամաբանական երևույթ է, որովհետև վերջին տարիներին ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանից առևտրի ծավալները բացառապես աճել են վերարտահանումների հաշվին, բայցև վերջին տարիներին այս կառավարությունը հետևողականորեն ամեն ինչ արեց, որ Հայաստանը որպես միջնորդ հարթակ չդիրքավորվի և Հայաստանի միջոցով վերարտահանումներ տեղի չունենան»։

Կարդացեք նաև

Նաիրի Սարգսյանն այս համատեքստում հիշեցրեց մի քանի օրինակներ։

«ՊԵԿ-ն ագրեսիվ հարկային վարչարարություն իրականացրեց Հայաստան ներկրվող, ապա Ռուսաստան արտահանվող տրանսպորտային միջոցների առնչությամբ, և կրճատեցին տրանսպորտային միջոցների ծավալները։ Այնուհետև Հայաստանում ընդունվեց երկակի նշանակության ապրանքների արտահանումը մոնիթորինգի ենթարկելու որոշումը։

Կրճատման հաջորդ պատճառը վերջերս ԱՄՆ հետ կնքած պայմանագիրն է, եթե իհարկե դա կարելի է պայմանագիր անվանել, ՀՀ մաքսային սահմանին համատեղ հսկողության իրականացման և տվյալների փոխանակման վերաբերյալ։ Իսկ որևէ երկիր չի ցանկանա ՀՀ հետ նման առևտրային հարաբերություն հաստատել, եթե իմանա՝ իր երկիր արտահանվող ապրանքների տվյալները ՀՀ-ն ներկայացնում է ԱՄՆ-ին։

Տեղական ապրանքների սպառման կրճատումն էլ պայմանավորված է բնակչության աղքատացմամբ․ միայն պաշտոնական տվյալներով՝ ըստ աղքատության վերին գծի՝ որն է 65 հազար դրամ, աղքատությունը 42 տոկոս է, իսկ եթե մենք դա համեմատում ենք նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որը 75 հազար դրամ է, ապա աղքատությունը 50 տոկոսից ավելին է»,- ամփոփեց տնտեսագետը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը նվազել է 18,5 տոկոսով, մինչդեռ գյուղատնտեսությունը ցույց է տվել՝ 10,5 տոկոս, շինարարությունը՝ 13,6 տոկոս աճ: Մեծածախ և մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 11,5 տոկոսով: Առևտուրը, սակայն, ցույց է տալիս աճի տեմպերի դանդաղում։ Արտաքին առևտուրն առաջին եռամսյակում զգալիորեն կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. արտահանումը՝ մոտ 2,5 անգամ կամ 61,8 տոկոսով, ներմուծումը՝ գրեթե կրկնակի` 47,9 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս