
«Ոչինչ պարզ չէ, չգիտենք՝ ինչ են որոշելու, առայժմ ազդանշան չկա, որ ընդառաջ են գնացել մեր արտահայտած դիրքորոշմանը». Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա գործունեությունն ու ճակատագիրը դրվում են հարցականի տակ։ Այս օրենքը նախատեսում է Ակադեմիան միավորել բուհերի հետ. առաջարկը ներկայացրել է Կառավարությունը։
Օրենքը նաև նախատեսում է, որ ԳԱԱ ինստիտուտները միավորվելուց հետո արդեն կտեղափոխվեն Ակադեմիական քաղաք, երբ այն պատրաստ կլինի։
Դեռևս 2023 թվականի մարտին, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ամփոփում էր գործունեության 100 օրը, անդրադարձել էր նաև այս հարցին։
«Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է։ Այս հարցի շուրջ աշխատանքը և վերլուծությունն արվում է արդեն մի քանի տարի, առկա են բազմաթիվ զեկույցներ։ Կրթության զարգացման պետական ծրագրով, որը մեր առաջիկա տարիների ռազմավարությունն է ֆիքսել մի քանի հստակ թիրախներով՝ պետք է ունենանք պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, և այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ կայացած գիտահետազոտական բաղադրիչ։ Թե ինչպես ենք անելու, հիմա քննարկվում է, ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են, ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկանք տարբեր մոդելների և դրանց հնարավորությունների մասով, այստեղ ներգրավված է եղել նաև ԳԱԱ նախագահը, և տարբեր մոդելներ են ներկայացվել»,- ասել էր ԿԳՄՍ նախարարը։
ԳԱԱ-ն 2024 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ որոշում էր ընդունել՝ «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ ԳԱԱ դիրքորոշումն արդեն հայտնի է, և այն արտացոլված է 2024 թվականի ապրիլի 3-ին ընդունած որոշման մեջ։
«Այդ որոշումը մի քանի էջանոց փաստաթուղթ է, որտեղ տրված են պրոֆեսիոնալ պատասխաններ։ Այս տարի տարեկան ժողովում մենք կրկին փաստեցինք, որ շարունակում ենք մնալ այդ կարծիքին։
Առաժմ ոչինչ պարզ չէ, մենք դեռևս չգիտենք, թե իրենք վերջնական ինչ են որոշելու։ Առայժմ որևէ ազդանշան չկա, որ նրանք ընդառաջ են գնացել մեր արտահայտած դիրքորոշմանը։ Սպասում ենք օրենքի լրամշակված տարբերակին, քանի որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել է մի քանի հարյուր էջի սահմաններում տարատեսակ դիտողություններ, որոնք եկել են և՛ ԳԱԱ ինստիտուտներից, և՛ բուհերից, և՛ արտերկրի մեր գործընկեր-գիտնականներից։ Հիմա չկա վերջնական լրամշակումը, որպեսզի դրա շուրջ տեղի ունենա քննարկում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Իշխանյանը։
Հիշեցնենք, ԳԱԱ 2024 թվականի ապրիլի 3-ին ընդունած որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ։
Անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով։
Անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր։
ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,
Նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերի»: