Սերժ Սարգսյանը՝ ի նպաստ հայության ու Հայաստանի շահերի, ի պաշտպանության Ցեղասպանության ճանաչման շատ բան է արել․ Փաշինյանը հակառակն է անում․ Հարութ Սասունյան

2019 թվականի ապրիլի 24-ին՝ իր իշխանամուտից ընդամենը մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հղված իր ուղերձում վստահեցրել էր, որ հետևողական են լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

«Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,- ասել էր նա։

2024 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանի արդարության վերականգնման մասին ուղերձներին փոխարինելու եկավ հարմարվողականության հորդորը․ նա ապրիլքսանչորսյան հերթական ուղերձում խորհուրդ էր տվել հայությանը դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, «որովհետև գտել ենք այդ հայրենիքը»։

2025 թվականի մարտին էլ նա վերջնականապես հրաժարվեց 2019 թվականի իր խոստումներից հերթականից՝ հայտարարելով․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում»:

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի շեշտադրումների ամենամյա փոփոխության դևոլյուցիային 168am-ի հետ զրույցում անդրադարձավ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։

Սփյուռքահայ գործիչը մասնավորապես նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ խաբելով մեր ժողովրդին, ամեն տեսակի գեղեցիկ խոստումներ տալով, բայց վերջին 7 տարում դրանցից ոչ մեկը չհարգեց։

«Նա այսօր արդեն հարցականներ է բարձրացնում Ցեղասպանության մասին՝ «ինչ է պատահել», «ինչպես է պատահել»․ հարցականներ, որոնք Ցեղասպանության ժխտողականության մի տեսակն են, խոսքեր, որոնք նաև թուրքերն են ասում,- նշեց Հարութ Սասունյանը՝ հավելելով,- Ավելին՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն պահանջում Թուրքիայից ու Ադրբեջանից, այլև փորձում են Ադրբեջանի հետ խաղաղության դաշնագիր ստորագրել, իսկ Թուրքիայի հետ սիրալիր հարաբերություններ մեկնարկել, սահմաններ բացել։ Այս ապազգային մտայնությամբ մարդկանցից չի կարելի սպասել մեկ այլ բան»։

Քանի որ այս օրերին իշխանական տարբեր դերակատարներ ու նրանց սատելիտ ուժեր դարձյալ մեղադրանքների նոր տարափ են սկսել նախկին իշխանության տարբեր դերակատարների ուղղությամբ՝ փորձելով զրոյացնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայոց պահանջատիրության համար նախկինում արված աշխատանքը, հրապարակախոսը հակադարձեց նաև նրանց՝ նկատելով, որ դրանով միտումնավոր պառակտում են ազգը։

«7 տարի է՝ փորձում են աշխարհով մեկ բաժանել հայ ժողովրդին՝ սև-սպիտակ, նախկին-ներկա, արցախցի-հայաստանցի, սփյուռքահայ-հայաստանցի․ նա խորամանկ է, գիտի՝ ինչպես պետք է բաժանի ժողովրդին, որ իր իշխանավարումը շարունակի, որովհետև եթե ժողովուրդը միանա, 24 ժամում իրեն դուրս կշպրտեն իր պաշտոնից։ Այսինքն՝ իր ծրագիրն այն է, որ մեր ժողովրդին բաժանի իրար դեմ, որպեսզի իրար դեմ պայքարեն ու ոչ թե իր դեմ»,- մանրամասնեց Հարութ Սասունյանը։

Խոսելով այս հարցով հատկապես Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին, սփյուռքահայ գործիչը նշեց այն հսկայական տարբերությունը, որը կա Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի գործունեության միջև։

«Երբ Սերժ Սարգսյանը նախագահ էր, նա մեծ, միջազգային մասշտաբով նշեց Ցեղասպանության 100-ամյակը՝ հրավիրելով աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, այլ բարձրաստիճան հյուրերի։ Նա հրապարակեց նաև մի հայտարարություն՝ պահանջելով հայության կորուստների հատուցում Թուրքիայից։ Անշուշտ, որոշ բաներ են պատահել, որ նաև քննադատել ենք, ինչպես պրոտոկոլների վավերացման գնալն էր, ինչին դեմ էինք մենք, բայց այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը՝ ի նպաստ հայության ու Հայաստանի շահերի, ի պաշտպանության Ցեղասպանության ճանաչման, շատ հեռու է Նիկոլ Փաշինյանի արածից․ Փաշինյանը հակառակն է անում։ Ու, զարմանալիորեն, Փաշինյանը երբեք ոչ մի քննադատական բառ չի ասում ո՛չ Ալիևի, ո՛չ Էրդողանի մասին, բայց շատ լկտի բառապաշար է օգտագործում հայ ժողովրդի այն հատվածի հանդեպ, որոնք ընդդիմանում են իրեն»,- ամփոփեց Հարութ Սասունյանը։

Տեսանյութեր

Լրահոս