
«Փաշինյանին հեռացնելու տարբերակը մեկն է. ՔՊ-ականները ղամմազություն չեն անի». Էդգար Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին չէ, որ ԱԺ-ում իշխանական պատգամավորների հարձակվելն ընդդիմադիրների վրա կապված է Ցեղասպանության ժխտումը, ուրացումը քրեականացնելու մասին օրենքի նախագծի հետ:
«Դա ՔՊ-ի պատգամավորներին բնորոշ սովորական կեցվածք է. մարդիկ խուլիգան են՝ խուլիգանությամբ են զբաղվում: Ոնց որ գնաս՝ հարբեցողին ասես՝ ինչո՞ւ ես խմում, կարո՞ղ է պատճառ է եղել, դարդից խմում ես. ո՛չ, ալկաշ է, խմում է: Հիմա այս մարդիկ էլ խուլիգան են՝ խուլիգանությամբ են զբաղվում: Առաջին անգա՞մ է, որ նման վարքագիծ են դրսևորում: Նրանց լարվածությունը հասկանալի է. նրանք արդեն զգում են, որ հայ հասարակությունը, որը եղել է իրենց ղեկավարած ադրբեջանա-թուրքական հեղափոխության զոհը, աստիճանաբար գիտակցության է գալիս, և իրենք շատ լավ գիտեն՝ ինչ հեղինակություն ունեն հասարակության մեջ, առանձին ընտրությունների արդյունքները նույնիսկ այս բռնապետական ռեժիմում ցույց են տալիս, որ ժողովուրդը համընդհանուր դուրս է եկել իրենց դեմ պայքարի, և դա թափ է հավաքում: Դա իրենց մոտ նյարդային ջղաձգումներ է առաջ բերում: Ալեն Սիմոնյանը նորվա խուլիգանն է՞. նա ի վիճակի չէ նիստ ղեկավարել, ակնհայտ սադրանքներ է հրահրում, վիրավորում է պատգամավորներին: Խուլիգան է այդ մարդը, ի՞նչ ակնկալես Ալեն Սիմոնյանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանը զարմացած է ընդդիմադիր պատգամավորների՝ տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից. «Երբ ասում ենք, որ ԱԺ-ում պետք է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, դա չանելու պատճառաբանություն են բերում այն, որ դրա համար պետք է 54 կողմ ձայն, որ որոշումն ընդունվի, ընդդիմադիր պատգամավորների քանակը 54-ից պակաս է, ուրեմն՝ պետք է ՔՊ պատգամավորների կողմ լինելը, ո՞վ է խոսել ՔՊ-ի հետ, առանց ՔՊ-ի հետ խոսելու՝ այդ գործընթացը նախաձեռնելն անլրջացնել է նշանակում: Այդ նույն պատգամավորները, որոնք գիտեն, որ օրենքի ընդունման համար պետք է նույն 54 կողմ ձայնն առնվազն, օրենքի նախագիծ են ներկայացնում՝ առանց ՔՊ-ի հետ խոսելու և փողոց գեներացնելու»:
Դիտարկմանը՝ ընդդիմադիր պատգամավորներն ասում են՝ ակնհայտ է, որ ՔՊ-ն կողմ չի քվեարկելու, բայց Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացվելը առնվազն մեկ ամիս կքննարկվի խորհրդարանում, նա արձագանքեց.
«Բա նպատակը ո՞րն է՝ անլրջացնել Հայոց ցեղասպանության ժխտման հա՞րցը, որովհետև իմփիչմենթի վերաբերյալ ասում են, որ եթե դա անեն՝ իմանալով, որ ՔՊ-ն չի քվեարկելու, նշանակում է՝ անլրջացնել գործընթացը: Հիմա, փաստորեն, իրենք դիտավորյալ անլրջացնո՞ւմ են Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը, թե՞ նախաձեռնել են օրենքի մի նախագիծ, որը չընդունվի, որ ամբողջ աշխարհն ասի՝ Հայաստանի խորհրդարանը դեմ է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմա՞նը: Իմ քննադատությունը վերաբերում է նրան, որ ոչ թե՝ ինչո՞ւ են նախաձեռնել, շատ ճիշտ է այդ նախաձեռնությունը, այո, այդպես պետք է բոլոր նախաձեռնություններով ոչ թե հաշտվել ՔՊ-ական իրողության հետ, այլ պայքարել դրա դեմ՝ նախաձեռնել գործընթացներ և ստիպել, որ ՔՊ-ի պատգամավորները ռացիոնալ որոշումներ կայացնեն»:
Հարցին՝ արդյո՞ք իսկապես կարծում է, որ ՔՊ-ականները միանալու են իմփիչմենթի գործընթացին, նա պատասխանեց՝ իհարկե միանալու են, և հղում արեց օրենքներին. «Կմիանան ՔՊ-ից պատգամավորներ, թե ոչ, պարզ կլինի, երբ այդ նախաձեռնությունը գոյություն ունենա, ոչ թե ենթադրես, որ դեմ են: Ի՞նչ գիտեք, որ դեմ են, որևէ մեկի հետ խոսե՞լ եք: Չեք կարող խոսել, որովհետև այդ նախաձեռնությունը չկա»:
Նա նշեց, որ ՔՊ պատգամավորների հետ պետք է բացատրական աշխատանք տանել. «7 տարի շարունակ նրանց թողել են մի կողմ, կենտրոնացել են Փաշինյանի վրա, ասում են՝ հրաժարական տուր: Այդ գործընթացի նախաձեռնության իմաստով մեր ակնկալիքն առաջին հերթին ընդդիմություն կոչվող պատգամավորներից է, որովհետև իրենք նշել են, որ մանդատ են վերցնում միայն այդ նպատակով»:
Էդգար Ղազարյանը դիմեց ընդդիմադիր երկու խմբակցություններին. «Նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ամբողջ փաթեթը օրինական սարքեք, տեսնենք, որ դա կա: Երբ դա անեք, ու պարզվի՝ ժողովուրդն այդ գաղափարին աջակցում է, դուրս են գալիս փողոց, փողոցային ճնշումն ազդում է ՔՊ պատգամավորների տրամադրության վրա… Պատգամավորները, ովքեր ԱԺ-ում աշխատում են, ասում են՝ մենք տեսնում ենք ՔՊ-ական պատգամավորների հայացքը, նրանց միջի վախերը, երբ փողոցում մարդ է լինում, իսկ դա իսկապես այդպես է: Ամենաթեթև հանրահավաքի ժամանակ դրանք անհետանում են, ինտերվյուներ չեն տալիս, ճեպազրույցների չեն գնում, վախենում են: Ժողովրդի իշխանությունից վախենում են, բա վախենալու բանից պետք է վախենան:
Դրանք ժողովրդի ուժը որ տեսնում են՝ վախենում են, ղամմազություն չեն անի: Շատ քչերը, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը կարող է մինչև վերջ ղամմազություն անել, է, թող անի: Այդ որոշման համար մեզ պետք է ՔՊ 19 պատգամավորի դիրքորոշում: Իրենց պետք է ասենք՝ դուք ուսապարկ չեք, դուք ամեոբաներ չեք, դուք մարդ եք, կարող է զարմանան, ուրախանան… Դուք մարդ եք, պատգամավոր եք, որը պետք է ունենա կարծիք, այդ կարծիքը պետք է համապատասխանի մեր երկրի Սահմանադրությանը, օրենքներին…»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում