ԵՄ դիտորդների առաջին անդրադարձը՝ Ադրբեջանի սահմանային սադրանքներին․ հասցեական արձագա՞նք, թե՞ իմիտացիա

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը վերջին շրջանում առաջին անգամ անդրադարձավ Ադրբեջանի գործողություններին սահմանին։

«ԵՄ դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը»,- նշված է առաքելության X-ում արված գրառման մեջ:

«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը. [կրակոցները] հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ ընդգծելով, որ հնարավոր է:

Ըստ էության, սրանով ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին անգամ անդրադարձավ վերջին շրջանում Ադրբեջանի սկսած ապատեղեկատվության և սահմանին իրավիճակն էսկալացնելու արշավին։

Կարդացեք նաև

Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց Հայաստանին մեղադրել իբրև թե հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, իրականում անձամբ ձգտելով ապակայունացնել իրավիճակը սահմանին կրակոցներով, որոնք տարբեր առիթներով ՀՀ իշխանությունները որակում էին՝ որպես անհասցե կրակոցներ։ Մարտի 31-ից սկսած երեք անգամ, այդ թվում՝ նախօրեին, հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մեկ շաբաթ առաջ հերքելով, թե կրակ են բացել Խնածախի մշակույթի տան ուղղությամբ, պնդել էր, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա»: Եվ այս ողջ ընթացքում ՀՀ-ում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդական առաքելությունը փորձեց առաջին անգամ հասցեական հայտարարությանը նմանվող որևէ հայտարարություն անել, այն ձևակերպելով «հնարավոր է» արտահայտությամբ՝ առանց հստակության։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ այդ անդրադարձը հստակ հասցեական արձագանք որակելը բարդ է, քանի որ նման անդրադարձները չպետք է ձևակերպվեն կասկած հարուցող արտահայտություններով։

Ըստ նրա, սա ենթադրություն է, ոչ հասցեական արձագանք։

Նրա խոսքով, դիտորդները կարծես պարզապես փաստահավաք գործունեություն են ծավալում և հրապարակայնորեն չեն անդրադառնում, չեն պարզաբանում, թե ինչ զարգացումներ են սահմանին՝ այն պարագայում, երբ ռեգիոնում նման գործունեություն ծավալելու մանդատ ունեցող միակ գործիքն են։

Ուստի, ըստ Խրամչիխինի, նման փխրուն ռեգիոնում նրանցից ակնկալիքները շատ ավելին են, քան պարզապես փաստահավաք գործունեությունը՝ ԵՄ-ին տվյալներ փոխանցելու նպատակով։

«Հասկանալի չէ նաև այդ փաստահավաք գործունեության օգուտը։ Ի՞նչ է անում ԵՄ-ն սահմանից որոշակի տվյալներ ստանալուց հետո։ Եթե նույնիսկ դիտարկենք, որ ոչ հրապարակային եղանակով ԵՄ-ն փորձում է զսպող դերակատարություն ունենալ, ապա այն տեսանելի կլիներ նաև հրապարակային դաշտում, սակայն ԵՄ-ն ակնհայտորեն նման դերակատարությունից խուսափում է կամ չի կարողանում նման դեր ստանձնել, հենց դա է պատճառը, որ կա նման իրավիճակ ու կաշկանդված դիտորդություն։

Նման դեպքերում կարելի է մտածել, որ գործում է ոչ հրապարակային դիվանագիտությունը, և ԵՄ-ն աշխատում է կողմերի հետ, կամ այն կողմի հետ, որը նկատում են, որ խախտում է հրադադարը։ Սակայն այս դեպքում տեսնում ենք, որ իրավիճակը շարունակվում է, իսկ ԵՄ-ից հնչում են կցկտուր անդրադարձներ։ Ռեգիոնալ բոլոր երկրները դեմ են դիտորդների գործունեությանը ՀՀ-ում։

ԵՄ դիտորդները ՀՀ-ում են ոչ թե ՀՀ անվտանգությանը և ռեգիոնի կայունությանը նպաստելու համար, այլ սեփական՝ ԵՄ շահերը, ներկայությունն Անդրկովկասում առաջ մղելու ու ամրապնդելու համար։ Դա է պատճառը, որ երբեք չկան իրավիճակի հստակ նկարագրություններ, այլ կան շրջագայություններ և դիտորդության իմիտացիա»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Խրամչիխինը գտնում է, որ դրանով, կարելի է ասել, որ ԵՄ-ն թույլ չի տալիս այլ ուժերի միջնորդել կողմերի միջև և զսպել իրավիճակը։ Նրա խոսքով՝ երբեմն-երբեմն ԵՄ-ն ինչ-որ արձագանքի նմանվող հայտարարություն տարածում է՝ Հայաստանին ցույց տալու համար, որ դիտորդների տեղակայումն արդյունավետ է։

«Թերևս հիշում եք, որ ՀԱՊԿ-ն առաջարկում էր դիտորդություն, որը մերժվեց։ Եթե ՀԱՊԿ-ը նման դիտորդություն իրականացներ, Հայաստանի իշխանությունների կողմից սուր քննադատության կենթարկվեր, իսկ այս դեպքում միայն դրական խոսքեր են լսելի։ Ի սկզբանե ասել ենք, որ սա աշխարհաքաղաքական դիտորդություն է, հետապնդում է աշխարհաքաղաքական նպատակներ ու ուղղված է ռեգիոնում Ռուսաստանի ու Իրանի ներկայության դեմ»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է ռեգիոնում պատերազմի բռնկման վտանգին՝ Խրամչիխինը գտնում է, որ տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա։

«Սակայն, կարծում եմ, որ աշխարհաքաղաքական խիստ անկայունությունը և որոշ խաղացողների արձագանքի անորոշությունը, ինչպես նաև Թուրքիայում, Սիրիայում անկայունությունը թույլ է տալիս ասել, որ ստատուս-քվոն կպահպանվի։ Սա նշանակում է նաև, որ համաձայնագիր չի ստորագրվի մոտ ապագայում և ռեգիոնում լարվածության թուլացման միտումներ, ամենայն հավանականությամբ, չեն գրանցվի»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս