«Արևմտյան Ադրբեջան»-ը հակահայկական գործող ծրագիր է, որը զիջման տեմպ չի ցույց տալիս. Գեղամյան

«Արևմտյան Ադրբեջան»-ը հակահայկական գործող ծրագիր է, որը զիջման տեմպ  ցույց չի տալիս. Գեղամյան

 

«Արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգն Ադրբեջանի պետական պաշտոնական ծրագրի մաս է։ Ադրբեջանում այն հասկանում են՝ որպես ծրագիր, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը։ Այս մասին «Նախընտրական Հայաստանը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ընթացքում ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ նկատելով, որ լուսանցքային, բացառապես արևելագետներին ծանոթ այդ տերմինը վերջին 5 տարվա ընթացքում վերածվել է հանրային օրակարգի ամենաշատ քննարկվող հարցերից մեկի։

«Պանթուրքական արմատներ ունեցող այս մոտեցումը, որի առաջին պրակտիկ դրսևորումներին կարելի էր հանդիպել 1918-1921 թթ., մշտապես առկա է եղել նաև հետխորհրդային Ադրբեջանի քաղաքական խոսույթում։ Առաջին անգամ «արևմտյան Ադրբեջան»-ի մասին պետական մակարդակով սկսել է խոսել դեռ Հեյդար Ալիևը, որից այս ամենը, ինչպես և մնացած ամեն ինչը, փոխանցվել է իր որդուն՝ Իլհամ Ալիևին, բայց մի քանի առանձնահատկություններով։

Կարդացեք նաև

Այդ առանձնահատկություններից մեկն այն է, որ իր տարբերություն հոր՝ Իլհամ Ալիևի ժամանակի, խոսք է գնում ոչ միայն այն մասին, որ  «արևմտյան Ադրբեջան»-ը պատմական ժառանգություն է, պատմական հիշողություն է, որը պետք է իմանալ, դրա մասին խոսել և երբեմն երազել, այլ արդեն Իլհամի ժամանակ՝ դեռևս մինչև Ապրիլյան պատերազմը, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են սկսում խոսել այն մասին, որ ««արևմտյան Ադրբեջան»-ը ռազմավարական նպատակ է և քաղաքականություն»։ Սա ուղիղ մեջբերում է Իլհամ Ալիևի խոսքից»,- մեկնաբանեց թյուրքագետը։

Թյուրքագետի խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծվել է մի իրականություն, որը թեև Հայաստանում մեկնաբանվում է՝ որպես «խաղաղության դարաշրջան», Ադրբեջանում այն բոլորովին այլ կերպ է մեկնաբանվում, և այնտեղ առկա խոսույթների մեծ մասը հակահայկական է։ Նրա խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանը, որը միջազգային հարթակներում դիրքավորում էր իրեն՝ որպես «տարածքային ամբողջականության սկզբունքի աշխարհի գլխավոր պաշտպան», դադարեց խոսել տարածքային ամբողջականության մասին, այլ հիմնականում խոսում է, այսպես ասած՝ պատմաաշխարհագրական ռևիզիոնիզմի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի այսօրվա սահմանները լիարժեք չեն արտացոլում «իրական Ադրբեջանը»։

«Ես ցանկով դրել, հակահայկական քաղաքականության այն հիմնական ուղղությունները, որոնք հեշտությամբ, այսպես ասած՝ մի Գուգլի որոնումով կարելի է գտնել՝ սկսած Հայաստանի Հանրապետության նկատմամբ շարունակվող շրջափակումից ու տնտեսական ճնշումից, ավարտելով ՀՀ տարածքի հանդեպ հավակնությունների միջազգայնացմամբ։ Այս բոլորը հնարավոր է հեշտությամբ գտնել։ Սակայն այս պահանջների՝ հակահայկական քաղաքականության ուղղությունների մեջ առանձնանում է մեկը, որն իմ կարծիքով՝ իր մեջ, ըստ էության, ներառում է մնացած բոլոր պահանջները, և կարելի է ասել՝ դա հիմնական գործիքն է Հայաստանի և հայության դեմ ներկայումս Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշման։ Խոսքն «արևմտյան Ադրբեջանի» կամ «արևմտյան Զանգեզուրի» ծավալապաշտական հայեցակարգի առաջմղման մասին է, որի բաղադրիչ է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Վարուժան Գեղամյանի խոսքով՝ 2020-ից հետո պատմական ռևիզիոնիզմն Ադրբեջանում դարձել է պետական գլխավոր գաղափարախոսություններից մեկը։ Հիմնական համակարգողն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է, որի, այսպես ասած՝ «outsourcing»-ն անում է «արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը։

«Նաև մենք ունենք արտահոսած փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ ամբողջությամբ ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։ Բառիս բուն իմաստով՝ դոլար առ դոլար ծախսվում է, որ այս ծրագիրն առաջ մղվի թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս»,- հավելեց թյուրքագետը։

Թյուրքագետի խոսքով՝ «արևմտյան Ադրբեջան» արհեստածին հայեցակարգն ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառման նշանակություն. «Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ներկայացնում են իրավիճակն այնպես, որ սա ընդամենը ներքին սպառման քարոզչություն է, և հավասարության նշան են դնում Արևմտյան Հայաստանի գաղափարի հետ, ինչը ոչ միայն գիտական, այլև տրամաբանության տեսանկյունից ամբողջությամբ սխալ է, բայց ավելին, պետք է հասկանալ, որ, երբ «արևմտյան Ադրբեջան»-ի թեմային մոտենում ենք բացառապես որպես ներքին սպառման երևույթ, մենք չենք տեսնում դրանից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները և դրա շրջանակներում իրականացված տարաբնույթ ծրագրերը»։

Երկրորդ հերթին, ըստ մասնագետի՝ «արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի ինստիտուցիոնալիզացման ու հանրայնացման ինտենսիվացումը սկսվել է 2020-ից հետո, և այս մոտեցումը որևէ կերպ չի համապատասխանում «խաղաղության դարաշրջան»-ին։

««Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ենթադրում է բազմաբաղադրիչ ծրագիր, և այն հնարավոր չէ դիտարկել հակահայկական քաղաքականության այլ դրսևորումների հետ։ Հնարավոր չէ խոսել միայն «արևմտյան Ադրբեջան»-ի մասին ու հասկանալ, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Դրա կարևորագույն մասերից է «վերադարձ»-ի հայեցակարգը, որտեղ բառացիորեն գրված է հետևյալը, որ «արևմտյան ադրբեջանցիները» ոչ միայն պետք է վերադառնան «արևմտյան Ադրբեջան», այլև այնտեղ պետք է ապահովվի իրավական դաշտ, վերաբնակիչներին հարմարեցվի այդ իրավական դաշտը, պետք է տեղի ունենա տեղանունների փոփոխություն, ոստիկանական ու քաղաքացիական կառավարման լիազորություններով միջազգային առաքելություն պետք է տեղակայվի Հայաստանում, և այլն։ Սա պետական պաշտոնական ծրագրի մաս է, որը շատ հաճախ չի դառնում մեր քննարկման առարկա։ Եվ չորրորդը, «արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ծրագիր է գործողության մեջ»,- հավելեց Վարուժան Գեղամյանը։

Պանելային քննարկումը կազմակերպել է Առաջատար հետազոտությունների հայկական կենտրոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031