
Մենք ապրում ենք բեսպրեդելի պայմաններում․ այս իշխանությունները հրաժարվում են ՀՀ հանդեպ որևէ պարտականությունից․ Կարեն Վրթանեսյան

Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Շաբաթներ շարունակ Սյունիքից ահազանգում են թշնամու կրակահերթերի մասին, իսկ ՊՆ-ն, օրինակ, թեև հաստատում էր կրակոցների հանգամանքը, սակայն իբրև մեղմացուցիչ դեպք հանցանաց՝ պնդում, թե դրանք «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։
Կամ անկարգապահություն է, կամ՝ դիտավորություն․ սա էլ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տրված բնութագիրն է Խնածախում ադրբեջանական ԶՈՒ կրակոցների արդյունքում տեղացիներին հասցված վնասների թեմայի առնչությամբ։ Նրա գնահատմամբ ևս Ադրբեջանի ԶՈւ կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ։ Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։
«Ադրբեջանական կողմը, վստահ լինելով, որ պատասխան չի ստանում, ցանկացած դեպքում շարունակելու է իր այս վարքը․ չկա իրեն զսպող որևէ գործոն,- 168․am-ի հետ զրույցում վերջին շրջանում ակտիվացած կրակահերթերին անդրադառնալով՝ նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով,- Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչներն էլ ամեն կերպ հավաստիացնում են ադրբեջանցիներին, որ ոչ մի բան չեն ձեռնարկելու Սյունիքի՝ սահմանային դարձած գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնեմ, որ նման ձևով 2021 թվականի մայիսին, երբ թշնամին մտավ Սև լճի տարածք, նույն կերպ շտապեցին հավաստիացնել, որ որևէ դեպքում կրակ չեն բացելու, իսկ թշնամին սկսեց ամրանալ այդ տարածքներում, ապա նաև՝ հենց իրենք սկսեցին կրակ բացել մեր տարածքների վրա»։
Այս կրակահերթերի վերաբերյալ եվրոպական դիտորդներից ակնկալվող արձագանքների մասին հարցադրմանն անդրադառնալով՝ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ պարզ չէ, թե իրականում ինչ պայմանավորվածություն կա այդ դիտորդների հետ։
«Թղթերով ինչ-որ համաձայնություններ կան, բայց թե դրանք ինչքանով են իրական, ինչ պայմանավորվածություններ կան, չգիտեմ։
Մենք ապրում ենք բեսպրեդելի պայմաններում, այսինքն՝ այս իշխանությունները հրաժարվում են ՀՀ հանդեպ որևէ պարտականությունից՝ մինչդեռ ցանկացած իշխանության թիվ 1 ֆունկցիան այն տարածքի անվտանգության ապահովումն է, որտեղ այդ իշխանությունը կա»,- պարզաբանեց փորձագետը։