
Կայացրեցի կյանքիս ամենաբարդ որոշումը՝ իմանալով, որ գուցե երբեք ինձ չներեմ դրա համար. Արմեն Սաքապետոյան
168TV-ի «Կապիտալի ուժը» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը գործարար, կառուցապատման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող Արմեն Սաքապետոյանն է։
Հարցազրույցի ընթացքում Սաքապետոյանի հնչեցրած կարևոր թեզերը ներկայացնում ենք ստորև.
– Իմ կենսագրությունը չի սկսվել պետական պաշտոն զբաղեցնելով. իմ առաջին բիզնեսը սկսել եմ 17 տարեկանում. բացեցի բենզալցակայան, թեև արժանացա հորս՝ Ռուբեն Սաքապետոյանի բարկությանը։
– Հայրս պնդում էր՝ պետք է կրթվել, բայց արի ու տես, որ ես կարողացա և՛ կրթություն ստանալ Երևանի պետական համալսարանում, և՛ բիզնես ոլորտում ձեռք բերել գիտելիքներ՝ անգամ ուսանողական տարիքից։
– Ես երբեք միլիոններ չեմ վաստակել. այո՛, շատ նախագծերում եմ եղել ներառված, կարող է թվալ, թե ես աշխատում եմ աշխարհի բոլոր փողերը, բայց դա այդպես չէ, ես պարզապես կարողանում եմ ճիշտ ընկերություն, գործընկերություն և բիզնես անել։
– Ուսանող տարիքից աշխատելով՝ ես կարողացա գնահատել փող վաստակելու դժվարությունները և հասկանալ՝ որքան կարևոր է լավ կրթվելը։
– Ինձ շատ ժամանակ ասում են՝ ցանկացած որոշում կայացնելիս երկար ես մտածում։
– Գործարարի համար շատ կարևոր է բախտը բերելն ու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը. մի պատահական հանդիպումը կարող է վերածվել շատ մեծ բիզնեսի։
– 90 ականներին ապրած գործարարը տեսել է և՛ ռեկետ, և՛ փողոցային կյանք, և՛ շատ դժվարություններ. հիմա դրանցից որոշները չկան։
– Կյանքիս ամենաբարդ որոշումը տղայիս բանակ ուղարկելու որոշումն էր. թողեցի ինքնահոսի՝ որտեղ կծառայի, թող ծառայի. այդ հարցում ապավինել եմ Աստծուն։
– Ինձ համար հայրենիքն ու պետությունը բացարձակ արժեքներ են։
– Ինձ չէի ների, եթե տղայիս կորցնեի պատերազմի ժամանակ։
– Բոլորն ինձ ասում էին՝ երկիրը քանդվում է, դու հող ես փորում, որ շենք կառուցե՞ս։
– Եթե Հայաստանից հեռանամ, նախ պետք է հարցի պատասխանը տամ՝ իսկ տատս ու պապս, եղեռնից մազապուրծ, ինչո՞ւ Լիբանանից տեղափոխվեցին Հայաստան։
– Շատ հնարավորություններ ունեմ գնալու, դրսում բիզնես անելու, բայց իմ շահերի կենտրոնը Հայաստանն է։
– Անգամ պատերազմի ժամանակ իմ համար ամենաանվտանգ կետը Հայաստանն է։
– Երբ հեռանում են՝ ասելով, որ այլ երկրում անվտանգ է, ես դա համարում եմ փախուստ իրականությունից։
– Իսպանացի ներդրողներին համոզել եմ, որ բերեմ Հայաստան՝ ներդրումներ անելու:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։