Կհայտնվի՞ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական «արդարադատության» թիրախում. Ադրբեջանի իրավաքաղաքական և դիվանագիտական պատերազմը՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանից հայտարարում են, որ «հայկական ագրեսիայի» բազան դեռ ամբողջապես վերացած չեն համարում, և գործընթացը մի քանի փուլից է բաղկացած: Սրան զուգահեռ՝ արդեն մոտ երկու ամիս է՝ սահմանագոտու տարբեր ուղղություններով և սահմանամերձ բնակավայրերի հատվածում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և բնակչությանը լսելի դարձնել կրակոցի ձայները, Նիկոլ Փաշինյանը հորդորում է մոռանալ Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի ու պատերազմի մասին՝ պնդելով, թե «Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:

Ի՞նչ ենթադրություն անել սրանից:

Հայաստանի ղեկավարը, փաստորեն, ՀՀ քաղաքացիներին հորդորում է չնկատե՞լ էսկալացիայի տանող ադրբեջանական քայլերը, հայկական գյուղերը հայաթափելուն ուղղված կրակոցները: Այսինքն, գործ ունենք վտանգավոր քաղաքականության հետ, երբ ՀՀ քաղաքացիներին փորձ է արվում «թմրեցնել», որպեսզի նրանք կորցնեն վտանգի զգացողությունը:

Խոսքը, բնավ, խուճապ տարածելու և բնակիչներին մշտական լարվածության և վախի մեջ պահելու մասին չէ, ինչը Փաշինյանն իրեն անհրաժեշտ դեպքերում արել է՝ վախեցնելով պատերազմով:

Կարդացեք նաև

Այս համատեքստում հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ռադիոկլանման միջոցով համապատասխան վստահելի տեղեկություն էր ստացել հնարավոր պատերազմի մասին, այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էլ կարգադրություն էր արձակել՝ ղեկավարման մարմինների համար սահմանելով մարտական աշխատանքային ռեժիմ, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Փաշինյանի ընտանեկան թերթը փորձել էր շեղել հանրության ուշադրությունը կոնկրետ իրավիճակից՝ ընդհանրական գնահատական տալով, թե նորություն չէ, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում: Այսինքն, իր ընդդիմախոսների դիտարկումները համարել էր ադրբեջանական թեզ, և, որ նրանք Ալիևին ավելի ճշմարտախոս են համարում, քան իրեն:

Նույն օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Հանրային հեռուստատեսությանը Փաշինյանի հարցազրույցի անոնսն էր հրապարակվել, որտեղ նա կրկնել էր այս միտքը՝ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»: Դեժավյու:

Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Խոսքը ՀՀ տարածքի ավելի քան 60 տոկոսի մասին է:

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պատերազմ և էսկալացիա չի լինելու: Ի՞նչն է նրան այդ վստահությունը տվել, ի՞նչ գին է պահանջվելու ՀՀ-ից՝ պատերազմը հետաձգելու համար, որքանո՞վ է այդ գինն իրականում բացառելու պատերազմը և ՀՀ քաղաքացիներին անվտանգության երաշխիք տալու: Արդյո՞ք պատերազմի սկսել-չսկսելը Նիկոլ Փաշինյանից է կախված, թե՞ այս ամենը քաղաքական ինքնախաբեություն է, ավելին՝ անհրաժեշտ խաբեություն և մանիպուլյացիա՝ ընտրություններից առաջ:

Նիկոլ Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ պատերազմ ասվածը զուտ ռազմական գործողությունները չեն, իսկ այսօր Ադրբեջանը Հայաստանի դեմ մղում է հիբրիդային պատերազմ, դիվանագիտական պատերազմ, գաղափարա-քարոզչա-տեղեկատվական պատերազմ, իրավական և իրավաքաղաքական պատերազմ, և դեռ տնտեսական լուրջ պատերազմի կարող ենք ականատես լինել Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով:

Ասվածի վառ ապացույցը, մասնավորապես, իրավաքաղաքական պատերազմի առումով, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության Բաքվում տեղի ունեցող «դատավարությունն է», ինչն ընդդեմ Հայաստանի Հանրապետության է:

Եվ ապրիլին տեղի ունեցած վերջին 4 «դատական» նիստերի ժամանակ (ապրիլի 11, ապրիլի 14, ապրիլի 17ապրիլի 18)՝ ընտրված վկաների և «տուժողների» միջոցով փորձ է արվել ցույց տալ, որ ղարաբաղյան շարժման տարիներին և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում տեղի են ունեցել «էթնիկ զտման», ազգային հողի վրա «ադրբեջանական քաղաքացիական անձանց «բռնություններ, սպանություններ»՝ հղում անելով Բաղանիս Այրումի ինչ-որ դեպքերի, Խալֆալիչայի կամրջի պայթեցման, և, բնականաբար, «Խոջալուի ցեղասպանության» «փաստերին» և այլն:

Ավելին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության միջոցով կամ նրանց «շուրթերով» Ադրբեջանը դատապարտել է վերը նշված «դեպքերը», հաստատել Ստեփանակերտում, ՀՀ-ում ապրած ադրբեջանցիների նկատմամբ «հայերի կողմից տարբերակված և նսեմացնող վերաբերմունքը», հայկական «էթնիկ զտման» քաղաքականությունը:

Մասնավորապես, իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ի նիստի ժամանակ ոչ միայն հաստատել է ադրբեջանցիների «սպանության փաստերը», այլև հայտարարել, թե իբր «հայերն անգամ հայերին են սպանել», և տվել բարձրաստիճան պաշտոնյա Վալերի Գրիգորյանի անունը՝ կապելով դա նրա Բաքու այցի հետ:

Նշենք, որ ըստ շրջանառված տեղեկությունների, «1990-ի օգոստոսի 10-ին՝ օրը ցերեկով, Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում սպանվել է ԼՂԻՄ կուսակցական պաշտոնյա Վալերի Գրիգորյանը»:

Իսկ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը նաև խոսել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին և որպես պատվիրատու՝ տվել Սամվել Բաբայանի անունը:

Հավելենք, որ ավելի վաղ, երբ Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանին հարցրել էին ղարաբաղյան շարժման սկզբնական տարիներից, նա հայտարարել էր, որ, երբ ղարաբաղյան իրադարձությունները սկսվել են, ինքը 14 տարեկան էր՝ դպրոցական, սակայն միտինգներում ելույթ ունեցողների մասին գիտեր՝ Գուրգեն Գաբրիելյան, Վարդան Հակոբյան և այլք:

Իսկ ապրիլի 14-ի նիստին իբր պնդել է նաև, թե «1990-ականներին Ռոբերտ Քոչարյանը, Մուրադ Պետրոսյանը, Մանուչարյանը և ուրիշները հանրահավաքների կազմակերպիչներն ու շարժման առաջնորդներն էին, և, որ լսել է «Խալֆալիչայ գետի վրայով անցնող կամրջի պայթեցման մասին»:

Վերջին գրեթե բոլոր «դատական» նիստերի ժամանակ, ինչպես վերևում նշեցինք, անդրադարձ է եղել «Խոջալուի ցեղասպանությանը»: Մասնավորապես, ապրիլի 18-ին կայացած «դատական» նիստի ժամանակ թիրախում եղել է  ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և որպես «ապացույց»՝ ներկայացվել է 2000 թվականի դեկտեմբերին նրա՝ Թոմաս Վաալին տված հարցազրույցից մի հատված, որը տեղ էր գտել նաև Վաալի «Սև այգի» գրքում, և որն ադրբեջանական քարոզչության համար «համեղ պատառ» էր դարձել, քանի որ, ինչպես պարզվել էր՝ Խոջալուի մասին Սերժ Սարգսյանի խոսքերը Թոմաս դե Վաալը ենթատեքստից դուրս է մեջբերել, և այս մոտեցումը հետագայում չի վերանայել:

Բաքվի «դատավարության» ժամանակ, բնականաբար, չի հիշատակվել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի (մահացել է 1992-ին) հետաքննությունը Խոջալուի դեպքերի հետ կապված:

Ավելին, ապրիլի 18-ին Բաքվի «դատավարության» ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնական, նրա աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ակնարկել է, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունն» արդարության վերականգնման համատեքստում է:

Ըստ այդմ՝ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այս «դատավարությունը» զուտ Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարության դեմ է, և եթե այս «դատական գործընթացի» արդյունքում «Խոջալուի ցեղաասպանությունն» «իրավականորեն» դրվի ՀՀ-ի և Արցախի նախկին ղեկավարության վրա, կարող է իրեն ապահովագրված զգալ ադրբեջանական «արդարադատության» թիրախում հայտնվել-չհայտնվելու առումով, ապա սխալվում է, հատկապես, երբ Բաքվի «դատավարությանը» կարմիր թելով անցնում է «Գյանջայի դեպքերի» թեման, իսկ սլաքն էլ ուղղվում Հայաստանի ուղղությամբ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «ցուցմունքներով»:

Չմոռանանք նաև, որ դեռ 2024 թվականին Ալիևը ՀՀ-ից պահանջել էր հետաքննել «Գյանջայի դեպքերը»:

Նիկոլ Փաշինյանին թվում է՝ եթե նման խնդրի առաջ կանգնի, ամբողջ պատասխանատվությունը դնելու է Արցախի նախկին ղեկավարության կամ ՀՀ ռազմական ղեկավարության վրա՞, և ոչինչ, որ դատապարտում և փոխհատուցում Ալիևը հենց իր իշխանությունից է պահանջում… Ինչպես ասում են՝ դատապարտելո՞ւ է, թե՞ դատապարտվելու, սա է հարցը, և թե է՞լ ինչով է վճարելու հանուն սեփական իշխանության պահպանման:

Տեսանյութեր

Լրահոս