Նիկոլ Փաշինյանը պլինտուսի տակ ծվարած իր վարկանիշը որևէ կերպ չի կարող բարձրացնել, ուստի անցել է պլան Բ-ին․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանն անցել է պլան Բ-ի»,- այսպես է ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքում հատկապես վերջին օրերին արցախցիների հանդեպ գեներացվող ատելությանն ու այսօր Արցախի նախագահին ուղղված հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Արցախի ներկայացուցչության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էր՝ Արցախի թալանը վերադարձնելու պահանջով, որի ընթացքում իրավիճակը մի քանի անգամ լարվել էր։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս էր եկել ու պատասխանել ակտիվիստների հարցերին։

«Մենք բազմիցս քննարկել ենք իրավիճակը, ներկայացրել թալանի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիայի նպատակն իսկապես թալանը վերադարձնելն է, ես ողջունում եմ այն և տեղեկացնում, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին հայց եմ ներկայացրել, և այդ հարցով արդեն քննչական գործընթաց է ընթանում ՀՀ Քննչական կոմիտեում և Հատուկ քննչական ծառայությունում, էլեկտրոնային կրիչները առգրավվել են, և պետական պաշտոնյաներ արդեն հարցաքննվել են»,- ասել էր նախագահը:

Նաիրա Զոհրաբյանը, սակայն, այդ ակցիան ուղղորդված է համարում։

Կարդացեք նաև

«Շատ պարզ և ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը պլինտուսի տակ ծվարած իր վարկանիշը որևէ կերպ չի կարող բարձրացնել, ինչը վկայում է այն դժոխային ատելությունը, որ կա իր իշխանության ու իր հանդեպ, ուստի անցել է պլան Բ-ին, իսկ այն է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքը»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա։

Պլան Բ-ի մեջ, ըստ քաղաքական գործչի, մտնում է հայաստանցի-արցախցի խայտառակ ու անամոթ առճակատումը, ինչն իրականացնում են առաջին դեմքերի ու քարոզչական մեդիայի մակարդակով, ինչպես նաև՝ արցախցիների մեջ պառակտում գցելը։

«Այսօրվա ակցիան ևս այդ պլան Բ-ի դրսևորումն էր։ Նիկոլ Փաշինյանը դա իրականացնում է տարբեր գործիքների միջոցով։ Իսկ որ արցախցիների մեջ էլ կարող են լինել նիկոլական գործիչներ և կան, դա փաստ է,- մանրամասնեց նա, ապա նշեց այն դրսևորումները, որոնցով իրականացվում է պառակտումը,- Հայաստանցիներին ներարկում են, թե՝ արցախցիներն ապրում են ձեր երեխաների փողերի հաշվին, օգտագործելով անապահով հատվածի էմոցիաները՝ հանում են արցախցիների դեմ։ Պառակտում են արցախցիներին՝ ասելով, թե Արցախի քաղաքական էլիտան է ձեր փողերը կերել՝ ինչպես Սամվել Բաբայանն էր եթերներից մեկում խոսելով Բաքվի բերդերում խոշտանգվող Արցախի քաղաքական էլիտայի մասին՝ ասում, թե եթե հիմա Բաքվում նստած չլինեին, Երևանում պետք է նստեին։

Այս ամենը Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն է, ու սա զարհուրելի պլան է, այս պլանից արյան հոտ է գալիս, քաղաքացիական բախումների հոտ է գալիս»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նմանատիպ բաժանումների սկիզբը դրվել է դեռ գործող իշխանությունների իշխանամուտից՝ 2018 թվականից, երբ հասարակությանը նստեցրեցին ատելության ասեղի վրա, հարազատներին անգամ թշնամացրին իրար հանդեպ, երբ դագաղներով ակցիաներ իրականացրին։

«Ինչպես իշխանությունը վերցրեց ատելությամբ, այնպես էլ հիմա է իշխանությունը փորձում պահել՝ երկիրը տանելով քաղաքացիական բախումների։

Մեր ընդդիմությունը պետք է ոչ թե անհասկանալի օրակարգեր դնի սեղանին, այլ պետք է Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն, այն է՝ ամենազարհուրելին՝ հային հայի դեմ հանելը, կանխի։ Հակառակ պարագայում՝ կամ պետք է խոստովանել, որ Փաշինյանն ամենաարդար բանն էր, որ տեղի է ունեցել ու շարունակում է տեղի ունենալ մեզ հետ»,- ամփոփեց քաղաքական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս