
ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում իջեցնե՞լ նշաձողը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․
«ԵՄ արտաքին գործունեության ծառայության գրասենյակը ողջունել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և Բաքվի ու Երևանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին հայտարարությունները։
«Մենք բարձր ենք գնահատում անցած տարիների ընթացքում երկու կողմերի կայուն ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Կարևոր է պահպանել ձեռք բերված առաջընթացը և գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ: Կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ ստորագրել համաձայնագրի նախագիծը», – ասված է հայտարարության մեջ:
Բրյուսելից հնչած այս հայտարարության տեքստում բանալի է համարվում «գործընթացը ավարտին հասցնել նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցմամբ» ձևակերպումը:
Խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է բացառապես հայկական կողմի զիջումների հաշվին, ինչն արձանագրել էր անգամ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը:
Ըստ այդմ, տպավորություն է, որ «նույն կառուցողական և փոխզիջումային մոտեցումը» ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է նաև Բաքվի նախապայմանների բավարարման հարցում:
Չնայած Սահմանադրությունը փոխելու և Մինսկի խմբի լուծարման հարցում Փաշինյանը երրորդ կողմի հուշարարության կարիքը չունի և բովանդակային առումով համակարծիք է Ալիևի հետ. տարակարծությունը տեխնիկական բնույթ ունի ու կապված է ժամկետների հետ:
Ահավասիկ, ԵՄ-ն Փաշինյանին կոչ է անում «հնարավորինս արագ» կատարել Բաքվի պահանջները»: