
«Սրանց գլխին իրենց իշխանության կայֆն այնպես է խփել, որ չեն հասկանում՝ գալու է պատասխան տալու ժամանակը». Զոհրաբյան
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ արցախցիներին ատելության թիրախ սարքելը գործող իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն է:
«Ես մոտավորապես հասկանում եմ՝ Փաշինյանն ինչու է ընտրել պետության մակարդակով արցախցիների հանդեպ ատելություն գեներացնելը, որովետև Փաշինյանն իդիոտ չէ, հասկանում է՝ իր ջախջախված վարկանիշը որևէ կերպ չի կարող վերականգնել, և ուրեմն՝ ի՞նչ է մնում Նիկոլ Փաշինյանին անել սեփական աթոռը պահելու համար, մնում է շարունակել ատելության հրահրումը, մնում է հայաստանցիներին հանել արցախցիների դեմ: Պատահական չէ, որ այս հակաարցախյան ատելության գեներացիայում կարմիր թելով գնում է «մեր հաշվին դուք ուզում եք ապրել» անամոթ և լկտի թեզը: Բաժանիր, որ տիրես սկզբունքն է Նիկոլին մնացել միայն, որպեսզի կարողանա մեկ օր ավել պահել իր իշխանությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ ամենանողկալի կոդերից մեկը, որ գեներացվում է հասարակության մեջ, այն է, որ՝ մնայիք, դուրս չգայիք Արցախից. «Այլ բան, քան դիվահար իշխանություն, որի մեջ մտած է կազմաքանդող սատանան, այս իշխանության քայլերն այլ կերպ բացատրել հնարավոր չէ, որովհետև միայն հակահայ լինելը բավարար չէ, սեփական երկիրը, ցիտում եմ Նիկոլի բառերը, «թերմացք» համարելը բավարար չէ այսպիսի դժոխային մոլեռանդությամբ երկիրը կազմաքանդելու համար, քո մեջ պետք է նստած լինի նաև սատանան»:
Դիտարկմանը՝ Գյումրիի ընտրություններից հետո թիրախավորում են նաև գյումրեցիներին, վիրավորում՝ նշելով, թե Վարդան Ղուկասյանի ընտրությամբ Գյումրիին պարգևել են խմբակային բռնաբարությունների, սպանությունների և քրեական գործերի յուրատեսակ բուկետ, նա այսպես արձագանքեց. «Կարևոր է, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, բայց ամեն ինչ անելու են այնտեղ իրավիճակը փոխելու համար: Ի՞նչ է նշանակում, Սարիկ Մինասյան՝ արտահերթ ընտրության անհրաժեշտություն եք տեսնում, այսինքն՝ որտեղ դուք չեք ընտրվում, այդտեղ պետք է լինի արտահերթ ընտրությո՞ւն: Սա աբսուրդ է:
Այդ անտրուսիկ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունը, չնայած՝ ԱԺ բարձրագույն ամբիոնից, երբ քննարկվում էր երկրի համար շատ կարևոր բյուջեի կատարողական ռազմավարական փաստաթուղթ, նա կարևոր համարեց խոսել իր տրուսիկի մասին, ավետելով, որ այդուհանդերձ բանակում ինքը մայկա-տրուսիկ ունեցել է: Շնորհավորում եմ, որովհետև մեզ մոտ տպավորություն էր, որ դու մայկա-տրուսիկ չես ունեցել: Ըստ էության, այո, նա վիրավորում է գյումրեցիներին՝ սպառնալով բռնաբարությամբ: Այս մարդիկ ոչ միայն ցինիկ են, չունեն որևէ կարմիր գծեր, այլ այս մարդկանց գլխին իրենց իշխանության կայֆն այնպես է խփել, որ իրենք չեն հասկանում, որ ցանկացած ասված բառ բումերանգ է, և գալու է պատասխան տալու ժամանակը:
Ես վստահ եմ, որ սրանցից շատերը ո՛չ Ֆրանկենշտեյնի կերպարին են ծանոթ, ո՛չ «Պարֆյումերի», երբ փտած, հոտած ատամներով մի վիժվածք, նկատի ունեմ՝ «Պարֆյումերին», որը հակահիգիենիկ վիժվածք էր, որը կարողացավ իր հանդեպ մոլագար սեր գեներացնել, և հետո ի՞նչ եղավ՝ մենք տեսանք, չէ՞, այդ հոտած շան հետ իր իսկ ամբոխն ինչպես վարվեց: Եթե սրանք 2018-ից կրթվեին Աննա Հակոբյանի դպրոցում, միգուցե էս կերպարներին ծանոթ լինելով, մի քիչ բարոյական կարմիր գծեր կունենային, հասկանալով, որ բումերանգն արդեն իսկ պտույտի մեծ աբարոտ է վերցրել, որը մենք տեսնում ենք այն դժոխային ատելությամբ, որ կա Փաշինյանի, նրա կուսակիցների, նրա ընտանիքի հանդեպ: Այդ բումերանգի թարս սալտոն շատ ծանր է լինելու»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, հասկանում է՝ գալու է իրենց ցանածը հնձելու ժամանակը. «Արդեն եկել է իրենց ցանածը հնձելու ժամանակը, իսկ իրենք ցանել են, բերել են պատերազմ, հանձնել են Արցախը, մեղավորը և պատասխանատուն են 5000 և ավել զոհերի համար, հարյուրավոր անհետ կորածների համար, Բաքվի բերդում խոշտանգվող ռազմագերիների համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում