Երևանում դասղեկն ու հոգեբանը պարբերաբար բուլինգի են ենթարկել 8-ամյա տղային, հրել և գցել են գետնին
Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը և հայտնել, որ իր 8-ամյա որդուն, ով սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի 3-Ե դասարանում, դպրոցի հոգեբանը և 3-Ե դասարանի դասղեկը պարբերաբար բուլինգի են ենթարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ նշված անձինք փորձում են իր որդուն մեկուսացնել մյուս աշակերտներից և ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ երեխան տեղափոխվի այլ դպրոց՝ դասարանի աշակերտներին և ծնողներին տրամադրելով երեխայի դեմ, իսկ նշված օրը հոգեբանը, բռնելով որդու զույգ ձեռքերից, բարձրացրել է օդ և հրելով գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դասղեկն ու հոգեբանը 29-ամյա կանայք են և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

