Եթե մերժում եք Կաթողիկոսին, ապա մերժում եք Մյուռոնը՝ հարցականի տակ դնելով քրիստոնեությունը. Նարեկ Կարապետյան
Խորհրդարանի ամբիոնից ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ ԱԺ հանձնաժողովներից երկուսի նախագահների թեկնածուների ելույթներին:
«Մենք այս 2 օրվա ընթացքում ունեցանք երկու հանձնաժողովի ղեկավարների թեկնածության ներկայացում: Առաջինը պարոն Գաբրիելյանն է, երկրորդը՝ տիկին Ջուլհակյանը։ Պարոն Գաբրիելյանի խոսքը մենք լսեցինք, բավական հավասարակշիռ էր, և մենք տեսնում ենք, որ մարդը պատրաստ է աշխատել լավ գաղափարներով ընդդիմության հետ։ Քանի որ դա պաշտպանության ոլորտ է, մենք տեսնում ենք, որ կարող է ստեղծել դրական մեծ հնարավորություններ: Երկրորդ դեպքում չեմ կարող կիսել նույն կարծիքը, որովհետև տիկին Ջուլհակյանը լավ պատրաստված իրավաբանական բեգրաունդով՝ քաղաքական առումով պաշտպանում էր այն գիծը, որը կա երկրում, բայց որն իրավական առումով մեզ տանելու է մի փակ սենյակ,- նշեց նա և հավելեց,- Ինչո՞ւ եմ այդպես ասում, բոլոր իշխանությունները, որ Հայաստանում եղել են, գիտե՞ք իրենց ինչն է միավորել. իրենք համարել են, որ իրենք հավերժ են, որ էս օրենքն էլ, որ գրում են, իրենք են դատելո՞ւ, ոչ թե իրենց են դատելու դրանով: Բոլորի հետ խոսելուց, բոլորի հետ շփվելուց ես հասկացել եմ, որ բոլորն ափսոսում են մի բանի համար, որ չեն ստեղծել մրցակցային իրավական ու դատական համակարգ։
Ինչքան էլ տարբեր ուժեր լավ կառավարեն երկիրը, ժողովրդավար երկրում իշխանությունը փոփոխելի է, իսկ դուք, կանգնելով մեր առջև, շատ վստահ ասում եք, թե հարց է՝ քանի քաղբանտարկյալ կա:
Մարդ էլ կար՝ ասում էր՝ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ Երկրորդ նախագահի ժամանակ ինչքան քաղբանտարկյալ կար, քաղբանտարկյալներո՞վ ենք համեմատում, վա՞տ են արել… Տասնյակ խոսքեր լսեցի, որ ասում են՝ վատ են արել: Վա՞տ են արել, նույնը մի արեք։
Մեր ընկերներից, որ շուռ եկա, լսում էի ձեզ, համարյա համոզել էիք։
Շուռ եկա, տեսա՝ կեսը բերդից են եկել էստեղ: Մենք հրավիրում ենք եվրոպական բոլոր դեսպանություններին, որ դատական նիստերին մասնակցեն, տեսնեն՝ ինչի՞ համար են մարդիկ դատվում։
Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի համար, նրա համար, որ խոսք է տվել՝ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ երկու հոգու ասել է բաց կապով՝ գրանցեք աշխատանքի, տվել են հարկ, որպես կուսակցական քարոզիչ։
Բազմաթիվ քարոզիչների դատում են՝ հարկ տրված, գրանցված քարոզիչ, և անունը, խոսակցություն են լսում՝ գումարը փոխանցեցիր, քարոզիչ է գրանցված մարդը։
Մի պատմություն էլ պարոն Ռուբինյանն ասեց՝ քաբաբի պատմությունը, որ աները և փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են։ Էդ մարդու աներն է, քաբաբ չէր տա ընտրության համար:
Դուք յուրաքանչյուր գործ կարաք կտրեք ու ներկայացնեք այդպես, բայց ոչ մի բան մեր ժողովրդին չի ստիպի, չեք կարողանա համոզեք, որ դուք իրավացիորեն էսքան պետք է այստեղ լինեիք: Դուք էսքանով պետք է այստեղ չլինեիք, այստեղ պետք ա լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Դուք ասացիք, որ պետք էր չեղարկել։ Չեղարկելուց հետո ուղղակի 2-րդ քվեարկություն էր պետք, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այստեղ կլիներ։ Հարյուրավոր մեր ընկերներին տարաք, լցրեցիք բերդերը, 2 օր առաջ 100-ից ավել մարդ լցրեցիք բերդերը։
Դուք կարաք դուրս գաք և ուրիշ բան ասեք, քաղաքականապես մի կատարյալ ելույթ ունենաք, բայց ձեզանից առաջ էլ Հանրապետականի ժամանակ են ունեցել էդ ելույթը, Երկրորդ նախագահի ժամանակ էլ են ունեցել տենց ելույթ, Առաջին նախագահի ժամանակ էլ են ունեցել այդպես ելույթ, բայց դա չի փոխել քաղաքական փոփոխությունների անիվը: Ցիկլը ավարտվում է, իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելո՛ւ է էն դատարանը, որը Դուք սարքել եք։ Իհարկե, մեզ էլ, բոլորիս։
Մեր տեսլականը մեր հայրենիքի մասին՝ ամենաառաջին բանը՝ դատական համակարգը կարա՞ անկախ լինի, թե՞ ոչ: Կան մտավախություններ ինչ-որ աֆիլյացիաների մասին, տարբեր երկրներ՝ Սինգապուրը, եվրոպական գրեթե բոլոր երկրներն անցել են էդ ճանապարհը, տվել են լուծումներ։ Դուք հիմքն եք քանդում երկրի, և թե ինչպե՞ս է հասարակությունը, ընդհանուր առմամբ, զգում իր երկիրը»,- շարունակեց Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով, իշխանությունը ստացել է 50 տոկոսից պակաս ձայն, այսինքն՝ ավելի քան 50 տոկոսը նրանց չի ընտրել:
«Չեմ ասում՝ բոլորը մի ուժի են ընտրել, բայց Ձեզ չի ընտրել: Էդ մարդկանց պետք է պաշտպանության զգացողություն, էդ համակարգը Դուք պետք է սարքեք, Դուք եք դրա պատասխանատուն: Էդ հանձնաժողովը, որ Դուք ղեկավարում եք, քաղաքական ուժի հանձնաժողով չի, Ձեզ վաղն այնպիսի դատարան պետք ա լինի, որ Ձեզ, եթե ազնիվ եք եղել էս ընթացքում, արդարացնի, չվախենա ինչ-որ մեկի զանգից։ Կրոնական առումով մենք ունենք մեծ տարբերություն, ես կարծում եմ, որ կրոնական մեր թեմայի արծարծումն այստեղ ուղղակի կբերի նիստերի խաթարմանը։
Մենք իրապես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ենք, ձև չենք անում, մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեղեցու առաջնորդը, մեր կաթողիկոսը՝ Գարեգին Վեհափառին, ում ընտրել է համայն հայությունը 1999 թվին:
Իսկ գիտե՞ք ինչ է եղել 1999 թվականից հետո՝ մեռոններ, կնունքներ 100000-ավոր հայ երեխաների։ Եթե Դուք մերժում եք Կաթողիկոսին, Դուք մերժում եք մեռոնը, կրոնական- քրիստոնեական առումով Դուք հարցականի տակ եք դնում 100.000-ավոր մեր հայրենակիցների քրիստոնյա լինելու հարցը։
Մենք աշխարհիկ երկիր ենք, կրոնական հարցն Ազգային ժողովում կարող ենք շատ չքննարկել, որովհետև հարցը դուրս է գալու քաղաքական խոսույթի շրջանակներից ամեն անգամ։ Այսքանը»:
Այնուհետև դիմելով Ռուբեն Ռուբինյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ ընդդիմությունը հարցեր տալու համար է ԱԺ-ում:
«Ամեն ինչ կանենք, որ մեր երկիրը լավացնենք ու բերենք իրական փոփոխություններ»,- շեշտեց նա:
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի ելույթի վերջին հատվածին՝ Ռուբեն Ռուբինյանը չհամաձայնեց, որ իրենց և նրանց մեջ կրոնական հարցով կա տարբերություն։
«Գուցե պարոն Բաքոյանի և մեր մյուսներիս միջև, ոչ թե գուցե, այլ հաստատ կա, մեր ասորի բարեկամների։ Բայց մեր միջև, առնվազն նրանց միջև, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, կրոնական տարբերություն չկա, կա քաղաքական տարբերություն, որովհետև Ձեր մատնանշած բանավեճը և իքս անձին իքս անունով կոչել-չկոչելու բանավեճն ամենևին կրոնական բանավեճ չի, դա քաղաքական բանավեճ է: Իսկ թե ինչո՞ւ է մեր եկեղեցին և դրա շուրջ տեղի ունեցողը դարձել քաղաքական բանավեճի առարկա, դա շատ մեծ քաղաքական հարց է, որը, ես կարծում եմ, մենք առիթ կունենանք քննարկելու առաջիկայում»,- նշեց Ռուբինյանը:

