Ծանր ժամանակներ ՊԵԿ-ի համար. հարկերի հավաքման դինամիկան նվազում է՝ սպառնալով նաև ծախսերին

Նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց և 223 մլրդ դրամ թերհավաքագրումից հետո, Պետեկամուտների կոմիտեն փորձում է տպավորություն ստեղծել, թե այս տարի իրավիճակը շտկվել է։ Օրերս ՊԵԿ-ից հայտարարեցին, որ առաջին եռամսյակի պլանը նույնիսկ գերակատարել են։ Նախատեսվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքել։

«2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6 տոկոսով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5 տոկոսով»,- հայտարարել էր ՊԵԿ-ը։

Առաջին հայացքից թվում է, թե իրավիճակն իսկապես շտկվել է, նախատեսել են հավաքել 563.4 միլիարդ, հավաքել են 566.5 մլրդ դրամ՝ 3.1 մլրդ դրամով ավելի։ Սակայն այս ամենի ամբողջ «հմայքը» ոչ թե նրանում է, թե ինչքա՞ն ավելի հարկեր են հավաքել, այլ, թե ինչպե՞ս է փոխվել հարկերի հավաքագրման դինամիկան տարեսկզբի 3 ամիսներին։

Առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման դինամիկան ցույց է տալիս, որ ՊԵԿ-ը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Ամսեամիս հավաքագրումների տեմպը նվազում է, այն էլ՝ չափազանց կտրուկ։ Մարտին անգամ հարկային մուտքերի անկում է գրանցվել։ Ավելի քիչ գումարներ են կարողացել հավաքել, քան հավաքել էին նույնիսկ անցած տարի։

Կարդացեք նաև

Սա է, որ ՊԵԿ-ը փորձում է խնամքով թաքցնել, կարծես դրանից բյուջեի հարկային հավաքման հետ կապված խնդիրները դադարելու են գոյություն ունենալ։ Այն, ինչ տեղի է ունեցել հատկապես մարտի մուտքերի առումով, լրջորեն անհանգստանալու հիմք է։ Եթե չհաջողվի շտկել իրավիճակը, շատ շուտով կրկին բյուջեն բախվելու է նախատեսված եկամուտներն ապահովելու խնդիրներին, ինչն անուղղակիորեն արտահայտվելու է ծախսերի վրա։ Այնպես, ինչպես եղավ անցած տարի, երբ հարկերը հավաքել չկարողանալու պատճառով՝ արհեստականորեն հետաձգում ու դանդաղեցնում էին բազմաթիվ ծրագրերի ընթացքը։

Նշենք, որ անցած տարվա բյուջեով նախատեսված ավելի քան 630 մլն դոլարի ծախսեր չիրականացվեցին։

Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա առաջին եռամսյակում արտաքուստ նախատեսվածից նույնիսկ 3,1 մլրդ դրամով ավելի հարկեր են հավաքագրել, չափազանց մտահոգիչ է առաջին 3 ամիսների հարկերի հավաքման դինամիկան։

Այսպես՝ հունվարին հավաքվել է՝ 232.8 մլրդ դրամի, փետրվարին՝ 146.7 մլրդ դրամի, իսկ մարտին՝ 187 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Հունվարի մուտքերը նախորդ տարվանից ավելի են 31,1 տոկոսով, փետրվարինը՝ 10,9 տոկոսով։

Փետրվարի մուտքերում ակնհայտ երևում է, որ հարկերի հավաքագրման աճի տեմպը կտրուկ ընկել է։ Հունվարի 31,1 տոկոսից՝ իջել է 10,9 տոկոսի։

Արդեն մարտին մուտքերի աճն ընդհանրապես կանգ է առել։ Նույնիսկ անկում է գրանցվել։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա մարտին հարկային մարմինները հավաքել էին 190.8 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Այս տարվա մարտին հավաքել են 187 մլրդ դրամ՝ 3.8 միլիարդով ավելի քիչ, քան նախորդ տարի։

Մարտին հարկային մուտքերի անկումը կազմել է 1,9 տոկոս։

Հաճախ չի լինում, որ նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների նվազում է արձանագրվում։ Բայց մարտին այդպես է եղել։ Ավելի քիչ հարկ է հավաքվել, քան հավաքվել էր անցած տարի։ Ու այնպես է ստացվել, որ չնայած առաջին եռամսյակի հարկային եկամուտներն ավելացել են, նույնիսկ գերակատարվել նախատեսվածի համեմատ, դա տեղի է ունեցել գերազանցապես հունվարի բարձր մուտքերի հաշվին։ Այլ հարց, թե հունվարի բարձր մուտքերն ինչի՞ հաշվին են եղել։

2024թ. վերջին ամսին արձանագրված հարկային եկամուտների ավելի քան 25 մլրդ դրամ նվազումից հետո, այս տարվա հունվարին Պետեկամուտների կոմիտեն շռնդալից հայտարարություն արեց՝ ազդարարելով մուտքերի, վերջին շրջանին ոչ բնորոշ, բարձր կատարողական։ Նախորդ տարվանից ավելի էր հավաքվել 55,2 մլրդ դրամ։ Բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ ի՞նչ կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել տնտեսության մեջ, որ հարկերի հավաքագրումն այդպես ավելացել էր։

Ամբողջ գաղտնիքը թաքնված էր անցած տարվա դեկտեմբերի մուտքերի անկման մեջ։ Դրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, տեղափոխել էին այս տարվա հունվար, ինչի արդյունքում էլ հավաքված հարկերի 31,1 տոկոս աճ էր գրանցվել։

Երբեք այնպես չի եղել, որ նախորդ տարվա դեկտեմբերի ու հաջորդ տարվա հունվարի հարկային եկամուտներն այդքան մոտ լինեն, ինչպես եղավ այս անգամ։

Եթե 2024թ. դեկտեմբերին հավաքվել էր 241,7 մլրդ դրամ, ապա այս տարվա հունվարին հարկային մուտքերը կազմեցին 232,8 մլրդ դրամ՝ ընդամենը 8,9 մլրդ դրամով ավելի։

Պատկերացնելու համար ասենք, որ մեկ տարի առաջ հունվարի ու նախորդ տարվա դեկտեմբերի մուտքերի տարբերությունն անցնում էր 89 մլրդ դրամից։

Այս տարի տարբերությունը 10 անգամով փոքր է, և դա բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Հունվարի հավաքագրումների հանկարծակի «պոռթկումը» ոչ թե տնտեսական զարգացումների ու հարկային վարչարարության շեշտակի բարելավման արդյունք էր, այլ մեթոդաբանության, հաշվարկի ու մոտեցումների փոփոխության հետևանք։ Դրանով է պայմանավորված, որ արդեն հաջորդ ամսին մուտքերի աճի նախորդ բարձր տեմպը միանգամից գրեթե 3 անգամով կրճատվեց, իսկ 1 ամիս հետո ընդհանրապես դադարեց։ Արձանագրվեց մուտքերի նվազում՝ չնայած նախորդ տարվա նկատմամբ հարկերի համատարած բարձրացումներին ու հարկային բեռի ավելացումներին։

Այս իրավիճակը նշանակում է, որ տնտեսությանը հարկերով այնքան են ծանրաբեռնել, որ այն սկսել է հակառակ էֆեկտը տալ։ Հարկերն ավելանալու փոխարեն՝ նվազում են, ինչը չափազանց մտահոգիչ երևույթ է թե՛ ընդհանրապես տնտեսության, ու թե՛ հատկապես պետական բյուջեի համար։ Դա է պատճառը, որ բյուջեն փրկելու համար վերջերս հրատապ կարգով բարձրացրեցին խաղային բիզնեսի հարկային բեռը՝ ակնկալելով, որ կկարողանան այդ հատվածից հավելյալ հարկեր գանձել։ Բայց միանշանակ չէ, որ այդպես էլ կլինի. այստեղ էլ կարող է լինել այն, ինչ, ըստ էության, տեղի է ունենում տնտեսության այլ ոլորտներից գանձվող հարկերի պարագայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս