
Եթե առաջիկա օրերին որոշակի պարզաբանումներ չլինեն նրանց կողմից, հաջորդ շաբաթ ես եմ այդ փակագծերը բացելու․ Նժդեհ Իսկանդարյան

Այս գիշեր կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։
«Այս պահին սպասում եմ՝ ոստիկաններն ինչ-որ բան կպարզե՞ն, թե՞ չէ։ Որոշ հարցեր կան ինձ համար, արդեն պարզել եմ, եթե առաջիկա օրերին որոշակի պարզաբանումներ չլինեն նրանց կողմից, հաջորդ շաբաթ ես եմ այդ փակագծերը բացելու»,- 168․am-ի հետ զրույցում գիշերվա միջադեպին անդրադառնալով՝ նշեց Արցախի Հանրապետության՝ վերջերս նշանակված պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա զուգահեռներ տարավ իր հանրային ակտիվության, Արցախի հանրահավաքների ու դրան հաջորդող իրադարձությունների միջև։
Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ մամուլը գրել էր Նժդեհ Իսկանդարյանի նկատմամբ հետապնդումների մասին։
Վերջին դրվագն իրավապահ մարմինների կողմից Իսկանդարյանին պատկանող ՍՊ ընկերության ողջ փաստաթղթաշրջանառությունը հետախուզելն էր։ Այդ համատեքստում Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաների վարորդներին էին կանգնեցրել, մեքենաներն առգրավել, վարորդները հայտնվել էին ՊԵԿ-ում, իսկ դրան հաջորդել էին իր և իր մոտ աշխատող ընկերների հարցաքննությունները։
Մեքենան կոտրելու միջադեպի համատեքստում Նժդեհ Իսկանդարյանն անդրադարձավ նաև այս դրվագին՝ նկատելով․
«Անցած հանրահավաքից հետո իմ ընկերներին բաժիններ տարան, անցյալ տարվա գործը բացեցին, երկրորդ հանրահավաքից հետո էլ՝ ուղիղ հաջորդ օրը, ինձ մոտ են գալիս Աշխատանքի տեսչական մարմնից, ասում, թե գործը ՊԵԿ-ից ուղարկվել է իրենց, գործը վարույթ են ստացել, ինձ մոտ աշխատած ընկերներիս մասով ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ու այս գիշեր այս միջադեպն է տեղի ունենում։ Չգիտեմ՝ իրականում զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, թող պարզվի»։
Հստակեցմանը՝ այսինքն՝ տեղի ունեցածն ուղիղ ձեր գործունեության, ձեր ակտիվության հե՞տ եք կապում, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․
«Ներքին համոզում ունեմ, որ՝ այո, որովհետև այսօր որոշ բաներ են տեղի ունեցել, ինչն ինձ համար ցուցիչ է դարձել։ Եթե ոստիկաններն այդ գործը չբացեն, առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես եմ փակագծերը բացելու»։
Նժդեհ Իսկանդարյանին առնչվող գիշերային միջադեպի մասին տեղեկությունն ավելի վաղ հաստատել էին նաև Արցախի Կառավարությունից՝ նշելով, որ պետնախարարին պատճառվել է մի քանի հազար դոլարի նյութական վնաս։