Արմեն Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, Մովսես Հակոբյանն էլ չի հարցաքննվել. Ինչ պարտականություններ չեն կատարվել

Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկություն ստացվեց, որ Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան և պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։

Մարտի 28-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ հարցադրմամբ՝

– 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին:

Կխնդրենք մանրամասնել՝ ինչ գործի շրջանակում է, ի՞նչ է ենթադրում՝ ոչ օրինաչափ վարքագիծը, արդյո՞ք այն ՌԴ-ի հետ զենք-զինամթերքի հետ կապված պայմանագրային հարաբերությունների հետ առնչություն ունի, և կոնկրետ ի՞նչ զինամթերքի մասին է խոսքը:

Կարդացեք նաև

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ապրիլի 1-ին իր պատասխան գրության մեջ Դատախազությունը հայտնել է.

«Ի պատասխան 2025 թվականի մարտի 28-ի հարցման՝ հայտնում ենք, որ 2025 թվականի հունվարի 24-ին, հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հրանտի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված առերևույթ հանցանքի կատարման համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Մ․Հակոբյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելք և գրավ՝ 10․000․000 ՀՀ դրամի չափով:

2025 թվականի հունվարի 24-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Արմեն Սամսոնի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) քրեական հետապնդում հարուցելու մասին: 24․01․2025 թվականին Արմեն Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, և որպես խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելք:

2025թ. մարտի 27-ին թիվ 58219221 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Իսկ գեներալ Արմեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մայիսից զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ Մովսես Հակոբյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ էր նշանակվել 2016թ. մայիսի 20-ին, ազատվել՝ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին և նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:

Այսինքն, գեներալ-գնդապետը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետի պաշտոնում մի քանի ամիս է մնացել:

Հավելենք, որ նշված պաշտոնը Մովսես Հակոբյանից առաջ երկար տարիներ զբաղեցրել էր Ալիկ Միրզաբեկյանը և ազատվել 2016 թվականի ապրիլի 26-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո և գուցե դրա համատեքստում:

Իսկ 2024 թվականին Դատախազությունը հայտնել էր, որ Միրզաբեկյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):

Նշենք, որ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի խնդիրներն են եղել՝

– զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելը,

– սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանային վերականգնողական աշխատանքների կազմակերպումը և այլն:

Այսինքն, դեպարտամենտի գործառույթը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումների կազմակերպումը, ռազմական տեխնիկայի, սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակ­ման կազմակերպումն ու և ապահովումն է եղել:

Ինչ վերաբերում է գեներալ Արմեն Հարությունյանին, ապա նա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 24-ին:

Նա անցնում էր «հրանոթի արկերի» գործով, և դեռ 2023 թվականին 168.amգրել էր, որ հրանոթի արկերի գործով անցնող ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի  և զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով: 

168.am-ը փորձեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից պարզել՝ ծառայության նկատմամբ ի՞նչ անփույթ վերաբերմունքի մասին է խոսքը, ի՞նչ գույքային վնասի, որն, ըստ Դատախազության, առանձնապես խոշոր չափերի է, հատկապես, երբ գործն արդեն ուղարկվել է դատարան:

«Քրեական գործ կա հարուցված, այլ բանից ես տեղյակ չեմ: Ինձ չեն հարցաքննել, չեն կանչել դատախազություն»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Իսկ գեներալ Հարությունյանի փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում:

168.am-ի տեղեկություններով, առաջադրված մեղադրանքը վերաբերում է ինչ-ինչ զինատեսակների սպասարկմանը, եղել են խնդիրներ, որոնց կարգավորումը երաշխիքային սպասարկումից դուրս է մնացել:

Հ.Գ Ավելի ուշ, երբ հոդվածը պատրաստ էր, 1lurer.am-ը հայտնեց, որ ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Ի դեպ, 168.am-ը Դատախազությանը հենց ՌԴ֊ի հետ ռազմատեխնիկական պայմանագրով ձեռքբերված ռազմական տեխնիկայի և զենք֊զինամթերքի մասին էր հարցեր ուղարկել, որոնք շրջանցվել էին։

Տեսանյութեր

Լրահոս