
Դե իտալացուն հո չէի բացատրելու, որ Հենրիխով հպարտանալու փոխարեն ազգովի վիրավորել ենք նրան ու մերժել. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայերով քիչ առաջ հիշեցինք, որ 2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին ու էդ ընթացքում անհասկանալի պատճառով մերժեցին Հենրիխ Մխիթարյանին: Դրսի մութ ուժերը չէին, մասոնները չէին, հավաքական արևմուտքը չէր, ռուսները չէին՝ հայերով մերժեցինք, որովհետև տանել չենք կարողանում ուրիշի հաջողությունը: Եթե այն էներգիան, որը վատնում ենք կողքինին ինադու, ծախսեինք ինքներս մեր կյանքը լավը դարձնելու վրա… Ես ֆուտբոլասեր չեմ, բայց մի դեպք պատմեմ: Երկու տարի առաջ այս օրերին Միլանում էի և հյուրանոցը սխալ օր ամրագրելու պատճառով քիչ էր մնացել փողոցում մնայի, իսկ հյուրանոցի ռեսեփշիոնիստը կատեգորիկ հրաժարվում էր ինձ սենյակ տրամադրել: Ես նրա աչքի առաջ թափահարելով ՀՀ հպարտ, բայց անտուն քաղաքացու անձնագիրս, սկզբում պահանջելում, հետո խնդրելում էի որևէ կացարան տրամադրել: Ապարդյուն, իտալացին անդրդվելի էր, հանկարծ նայելով անձնագրիս հարցրեց հա՞յ եմ:
Դրական պատասխանից հետո երանությամբ ժպտաց և տվեց երկրորդ հարցը: Երբևէ հանդիպե՞լ եմ Հենրիխ Մխիթարյանին:
Զարմացա, ի՞նչ կապ ունի Հենրիխը, բայց պատասխանեցի այո մեկ անգամ: Իտալացին լայն ժպտաց: Ասաց, որ Հենոյի ֆանն է, սկսեց պատմել, որ Միլանում բոլորը նրան պաշտում են և իսկույն զանգեց ուրիշ հյուրանոց խնդրեց սենյակ տրամադրեցին, վերջում երբ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ անցել էր փողոցում քնելու վտանգը և ես արդեն ուղևորվում էի դեպի բաղձալի սենյակս, իտալացին ինձ հարցրեց. երևի հայերով շատ ենք հպարտանում, որ նման մասշտաբի աստղ ունենք…
Ես ոչինչ չպատասխանեցի: Դե իտալացուն հո չէի բացատրելու, որ Հենրիխով հպարտանալու փոխարեն ազգովի վիրավորել ենք նրան ու մերժել: Չբացատրեցի, որովհետև մինչև հիմա ինքս էլ չեմ հասկացել թե ինչու՞, ի՞նչ նպատակով մենք ազգովի 2018-ին մերժեցինք Հենրիխին, ում համաշխարհային համբավի ու սիրո շնորհիվ ես այդ օրը փողոցում չքնեցի…»