
«Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ուզում եք ռուսական զորքերը հանե՞լ այստեղից». Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն այն կարծիքին է, որ Ալիևը երբեք Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի:
«Ալիևը երբեք Նիկոլի նման անհավասարակշիռ, ոչ ադեկվատ մարդու հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի: Հայաստանի միակողմանի կապիտուլյացիան բեռ է Ադրբեջանի համար, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Նա անգամ Արցախը չի մարսել: Այդ բոլոր հարցերի պատասխանները գալու են: Աշխարհը նաև ատամ ունի այս պանթուրանական կամ նեոօսմանիզմի լկտիացող դրսևորումների պատճառով: Թուրքիան շատ է պոչով խաղում, իրեն վերապահված միջին տրամաչափի դերից ավելիին է ձգտում, ինչը չի թույլատրվում մեծ ակումբում: Պատահակա՞ն եք համարում, որ Թրամփ-Պուտին հանդիպում տեղի է ունենում ոչ թե Ստամբուլում, այլ Էր Ռիադում: Քաղաքական սուննիզմի դափնին երբ Սաուդյան Արաբիային են թողնում, ինքն ավելի անվտանգ է, որովհետև ամերիկյան կոնտրոլի տակ է մեծ հաշվով, քան թուրքական նեոօսմանականը, որը փորձում է ինքնուրույնություն ձեռք բերել, ինչը ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի սրտով չէ, բացառությամբ մեկ պետության՝ Բրիտանիայի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նկատեց, որ խաղաղության պայմանագրում կա մի կետ, ըստ որի, եթե վեճեր առաջանան, երկու կողմերը կարող են մի հանձնաժողովի լիազորել, որպեսզի դա լուծի. «Սա ի՞նչ աբսուրդ է, սա տխմարության գագաթնակետն է: Հայաստանը փաստորեն Ադրբեջանի պատվիրակների հետ պետք է փորձի քննարկե՞լ: Ստացվում է, որ դու խաղից հանում ես երրորդ ուժին՝ միջնորդին, պարզ է, չէ՞, սահմանից հանում են երրորդ երկրին:
Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ուզում եք ռուսական զորքերը հանե՞լ այստեղից: Լավ, հանեցիր, ուղիղ շփվում եք իրար հետ, կոնֆլիկտ առաջացավ, հայերն ու ադրբեջանցիներն են լուծելո՞ւ իրար հետ: Դուք լո՞ւրջ եք: Այս ամենի հեռանկարն իրենք տեսնում են: Ադրբեջանում մի լուրջ հատված կա, որ Փաշինյանի այս քաղաքականությունից զգուշանում է, որ սա չի արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի մոտեցումը: Իրենք մեզ գիտեն, գիտեն արժանապատվության համար մեր կռիվ տալու պատմությունը: Իրենք շատ լավ հասկանում են, որ սրան հաջորդելու է փոթորիկը: Դա է պատճառը, որ Ալիևը ձգձգելով՝ փորձում է ածանցյալ սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ունենալ»:
Նա շեշտեց, որ քանի կա նիկոլիզմը, պետք է պայքարել, կռիվ տալ.
«Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:
Մանրամասները՝ տեսանյութում