
Այս ընթացքում Հայաստանը զիջել է իր կենսական խաղաքարտերը, իսկ Մինսկի խմբի առկայությունն անգամ այս ոչ ակտիվ փուլում անհրաժեշտ է․ Ադրբեջանագետ

«Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն զբաղված է ինքն իրեն համոզելով, համոզելով, որ ինքը ճիշտ ուղով է ընթանում»,- Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցի մասին 168․am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Իսկ Նիկոլ Փաշինյանը երեկ հետևյալ արձանագրումներն էր արել՝ «Ի՞նչն ենք զիջել, ասեք․․․ Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս», «ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է», «խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն չկա», «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության՝ այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է» և այլն։
Ադրբեջանագետն արձանագրեց՝ տրամաբանող մարդիկ վաղուց հասկացել են, որ որդեգրված քաղաքականությունը ոչ միայն չի բերում խաղաղության, այլև մեծացնում է Ադրբեջանի ախորժակը։
«Ադրբեջանը նոր պահանջներով է հանդես գալիս՝ ցույց տալով, որ իրեն պետք է գործընթացի շարունակականություն։ Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբ 2021 թվականից սկսած՝ մտել է Ադրբեջանի թելադրած այս գործընթացի մեջ, չի հասկացել (կամ գուցե այլ հաշվարկ է եղել), որ ինքն այդ գործընթացում զիջելու է խաղաքարտեր։ Եթե հիշեք, այդ պայմանագիրն այն ժամանակ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում՝ իրավունքների, անվտանգության մասին հիշատակումներով։
Այս քաղաքականության հետևանքով է, որ Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է կոչել «Արևմտյան Ադրբեջան», և եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում տեսնել այդ հետևանքները, դրանից դառն իրականությունը չի փոխվում։ Մի հայտնի խոսք կա՝ եթե դու ինձ չես նայում, չի նշանակում, թե ես քեզ չեմ տեսնում։
Ու եթե նա ինքն իրեն փորձում է համոզել, որ պետք է շարունակի գնալ այդ ուղղությամբ, ապա դա Հայաստանի վրա շատ թանկ գին է արժենում, որովհետև այս ընթացքում Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից։ Ու դա փաստ է»,- մանրամասնեց նա։
Հարցին՝ համոզիչ չէ՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն չկա», Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ նախ արձանագրելով, որ այդ պայմանագիրը ոչ ոք դեռ չի տեսել, ապա հավելեց, որ առհասարակ այդ պայմանագիրը քննարկելու իմաստն էլ չի տեսնում։
«Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել այն, բայց այդ պայմանագրով Հայաստանից կորզում է զիջումներ, օրինակ, հայցերի հետքաշման հետ կապված, Մինսկի խմբի ձևաչափի չեղարկման առնչությամբ և այլն։
Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը բացառապես Ադրբեջանի շահերից է բխում․ Մինսկի խմբի առկայությունն անգամ այս ոչ ակտիվ փուլում խոսում է այն մասին, որ այն, ինչ կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, ոչ այլ ինչ է, քան հակամարտություն։
Հաջորդը՝ Ադրբեջանը ՄԽ չեղարկմամբ ապացուցում է, որ ուժի սպառնալիքով և հարձակողական պատերազմ վարելով՝ կարող է ցանկացած խնդրի լուծում տալ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ՄԽ չեղարկման հարցում Ադրբեջանին օժանդակելով, ևս մեկ անգամ օգնում է Իլհամ Ալիևին օրինաչափ դարձնել ուժի սպառնալիքի կիրառումը․ քաղաքականություն, որ տևական ժամանակ կիրառվում է մեր պետության հանդեպ»,- մանրամասնեց ադրբեջանագետը։