Սև գործը Հայաստանի վրա է մնալու. ասում են՝ ազատե՛ք TRIPP տարածքը, բայց չեն ասում՝ որն է դա. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը խոսեց նաև TRIPP նախագծի հեռանկարի մասին։
«Պարզ է՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եկավ՝ Փաշինյանին աջակցելու համար: Այն պայմանագիրը, որը նախաստորագրվեց, ապա ստորագրվեց, հայկական ու ամերիկյան կողմերի միջև թվով երրորդ պայմանագիրն է (սկզբում՝ օգոստոսին, ապա՝ հունվարին): Ստորագրված պայմանագիրը կրկին հիշեցնում է, թե ինչ պայմաններով կարող է իրականացվել TRIPP նախագիծը, և մինչ այսօր դրանցից որևէ մեկը չի բավարարվել, ու նախագիծն այսօր օդի մեջ է: Իրանը դրանում մասնակցություն չունի, Ռուսաստանը չունի, ո՞վ մնաց՝ Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Հարցին՝ ո՞րն է TRIPP նախագծի աշխարհագրությունը, և ի՞նչ տարածք է ընդգրկում այն, Րաֆֆի-Ֆիլիպպ Կալֆայանը պատասխանեց՝ դեռ հստակ չէ:
«Ասում են՝ այդ տարածքը մեզ պիտի տաք, բայց չեն ասում՝ որ տարածքը: Ավելին, ասում են, որ Հայաստանն այդ տարածքը պետք է տա առանց որևէ խոչընդոտի: Ուզում են ասել, որ ոչ մի մարդ ու ընկերություն այդ տարածքը պահանջել չի կարող, պիտի ազատեն ու հանձնեն իրենց, փոխհատուցում պիտի տան բնակիչներին ու հանեն այդ տարածքից: Այդ սև գործը Հայաստանի վրա է մնալու. անգամ փող չեն տալու…
Եթե TRIPP-ը գործելու է ամերիկյան օրենսդրության ներքո, էլ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը: Չի կարող TRIPP-ի պայմանագիրը գերակա լինել Հայաստանի Սահմանադրության նկատմամբ, եթե այն դեռ միջազգային պայմանագիր չէ, իսկ այդպիսին կարող է դառնալ միայն, եթե ՔՊ-ն ունենար 2/3 սահմանադրական մեծամասնություն, ինչը չունի: Հետևաբար՝ չի կարող TRIPP-ը վերածվել միջազգային պայմանագրի: Սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների դեմքերին ընտրությունների գիշերը ժպիտներ չկային»,- ասաց Րաֆֆի-Ֆիլիպպ Կալֆայանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

