Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է 55 րոպե
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է 55 րոպե։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Ուշակովի փոխանցմամբ՝ Թրամփը կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին և հայտնել, որ պատրաստ է ազդել Կիևի և ԱՄՆ եվրոպացի գործընկերների վրա։
Պուտինը, իր հերթին, նշել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները չեն փոխի իրավիճակը ռազմաճակատում։ Նա նաև վերահաստատել է, որ եթե Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպում, կարող է այցելել Մոսկվա։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող հուշագիրը։ Թրամփը հայտնել է, որ կողմերի միջև համաձայնությունը մոտ է և կարող է հրապարակվել արդեն այսօր։ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ հաջողվում է զսպել ԱՄՆ-ի և Իրանի միջև այն հակամարտությունը, որը, նրա խոսքով, կարող էր «բոցավառել ողջ տարածաշրջանը»։
Կողմերը նաև պայմանավորվել են, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ապագայում կրկին կայցելեն Ռուսաստան։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը բարձր է գնահատել նաև Մելանյա Թրամփի դերը ռուս և ուկրաինացի երեխաների ընտանիքների վերամիավորման հարցում և Թրամփին հաջողություն է մաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման գործում։

