
Որքանո՞վ է հաջող եվրաբոնդերի թողարկման գործարքը, ի՞նչ է անում ԿԲ-ն կանխելու կիբերհանցագործությունները
Հայաստանում շարունակում է աճել կիբերհանցագործության թիվը․ օրերս նաև կիբերհանցանքներից տուժած անձինք բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության ու Կենտրոնական բանկի առջև՝ պահանջելով չեղյալ համարել իրենց չվերցրած վարկերը կամ գոնե սառեցնել դրանց վճարումը մինչև քրգործերի ավարտը:
168․am-ն այսօր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանից է հետաքրքրվել՝ արդյոք ԿԲ -ն վերահսկո՞ւմ է իրավիճակը։
«Մենք ՏՏ վերահսկողություն ենք իրականացնում, որի մի մասը նաև ֆինանսական համակարգում կիբերհանցագործությունների կանխարգելմանն ուղղված քայլերն են։ Մենք ունենք մեր կիբերստորաբաժանումը, բնականաբար, բանկերն ունեն իրենցը, և եթե գիտեք՝ կիբերհանցագործությունները հիմնականում համագործակցությամբ են կանխարգելվում, լուծվում»,- ի պատասխան՝ մանրամասնեց Մարտին Գալստյանը։
Մեր հաջորդ հարցով էլ ԿԲ նախագահից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է «հաջող» վերջին օրերին շատ քննարկված 750 միլիոն դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսերի թողարկման գործարքը, եթե եկամտաբերությունը 7,1 տոկոս է, և արդյոք ճի՞շտ պահն էր ընտրված պարտատոմսերի թողարկման համար։
Ի պատասխան՝ նա վստահեցրեց՝ գործարքը ճիշտ գործարք է, ապա նկատեց՝ ցանկացած եվրապարտատոմսի թողարկում առնվազն մի քանի ամսվա աշխատանք է։
«Ինչ վերաբերում է 7,1-ին․ ինչպես գիտեք՝ կա ռիսկից զատ տոկոսադրույք, դա ԱՄՆ նույն ժամկետայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունն է, որն այս պահին 4,3-ի մոտ է։ Այսինքն՝ ԱՄՆ 10 տարիանոց պարտքը շուկայից վերցնում է 4,3 տոկոսով տարեկան, ՀՀ կառավարությունը վերցնում է 7,1-ով՝ տարբերությունը 2,8 տոկոս է։ Այնպես որ, այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Կարծում եմ՝ տոկոսադրույքը քանի որ որոշում է շուկան, շուկան գնահատում է այն ռիսկի չափը, որը ՀՀ-ն պետք է վճարի պարտք ներգրավվելու նպատակով»,- մանրամասնեց Մարտին Գալստյանը։